Gratun
« Վարք Սրբոց, Հատոր Գ
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Եգիպտացիների սուրբ Մինասի վկայաբանությունը

Դիոկղետիանոսի և Մաքսիմիանոսի թագավորության ժամանակ, նրանց իսկ հրամանով, հավատացյալների նկատմամբ մեծ հալածանք եղավ բոլոր աշխարհներում և գավառներում, որ չարի արբանյակների իշխանության տակ էին, որ բազում խոշտանգություններով ու տանջանքներով նեղում էին քրիստոնյաներին։ Քաջերն ու առաքինիները վկայում էին, առ ոչինչ համարելով տանջանքներն ու մահը, իսկ թույլերն ու երկմտողները այդ հանդեսից դուրս էին մնում։ Դրանց ժամանակ երանելի սուրբ և ճշմարիտ Մինասը, Քրիստոսի անարատ զորականը երևաց` ինչպես մի լուսավոր աստղ աստղաբույլի մեջ, որ լուսավորում է խավարը, այնպես սուրբը պայծառ և երևելի երևաց իր առաքինությամբ։

Ազգով եգիպտացի Մինասը, որ թագավորների զորքում էր ծառայում, երբ լսեց ամբարիշտների հրամանը, որոշեց դուրս գալ զինվորական ծառայությունից և բնակվել անապատում, որովհետև ամբարիշտների հրամանն այս կերպ էր. «Հաղթող թագավորները, որ հաղթության նշան հագան` Դիոկղետիանոսը և Մաքսիմիանոսը, բոլորիդ, որ մեր իշխանության տակ եք, ողջություն [են մաղթում. թո՛ղ] բազում լիություն և առատություն ձեզ տրվի աստվածներից։ Որի համար լավ համարեցինք նրանց պաշտամունքը փութով, անընդհատ կատարել նրանց բագինների մոտ։ Եվ բոլոր տեղերում իշխաններն ու քաղաքապետները այս կերպով կազմակերպեն աստվածների պաշտամունքը. բոլորը` բոլոր տեղերում։ Ամուսիններով և կանանցով և որդիներով պատիվն ու զոհերը անխափան մատուցեցե՛ք աստվածներին։ Իսկ եթե որևէ մեկը հակառակվի մեր հրամաններին` մեր քաջությունը սահմանում է` [այդպիսիներին] տարբեր տանջանքներով և չարչարանքներով զրկել կյանքից»։

Եվ այսպես հրամանը ամեն տեղ հայտարարվում էր, և խռովքով ու սաստիկ ահով հալածվում էին [քրիստոնյաները և փորձում] փրկվել տարբեր տեղերում։ Երանելի Մինասն, այս տեսնելով և ամբարիշտների հրամանը լսելով, գնաց անապատ տեղեր և անդադար փառաբանությամբ` գիշեր ու ցերեկ օրհնում էր Աստծուն։ Եվ երբ երեք տարի անցավ, Քրիստոսի զորությամբ և շնորհքով որոշեց իջնել, որ տեսնի, [թե ինչ եղավ]։ Եվ այդպես իջավ քաղաքը, ուր հավաքվել էին ամբարիշտները։ Եվ Սուրբ Հոգու ջերմությամբ և ամուր հավատով մտավ թատրոն, ուր ամբարիշտ բռանավորն էր, [և] աղաղակեց ու ասաց. «Հայտնվեցի նրանց, որ ինձ չէին փնտրում, հանդիպեցի նրանց, որ ինձ չէին որոնում»։ Եվ ամբողջ հանդիսարանի ժողովուրդը լռեց, և զարմանալով հիացել էին մարդու համարձակության վրա, որովհետև նրան միայնակյացի հանդերձավորմամբ էին տեսնում։ Հարցրեց նրան իշխանը. «Ո՞վ ես դու, կամ ինչի՞ համար ես աղաղակում»։ Պատասխանեց սուրբն ու ասաց. «Ես ծառան եմ Քրիստոս անմահ Թագավորի, երկնքի և երկրի և դրանցում եղած երևելի և աներևույթ արարածների ստեղծողի։ Եվ եկա ճշմարտությունը քարոզելու և Նրա սուրբ անվան համար վկայելու»։ Իշխանը հարցրեց բազմամբոխ ժողովրդին, և առջևիններն ասացին. «Գիտենք դրան։ Երեք տարի առաջ Փամիանոս զորագլխի մոտ զինվոր էր, իսկ հիմա այս կերպարանքով ինչ է խոսում` չգիտենք»։ Իշխանն ասաց. «Ո՛վ մարդ, ճի՞շտ են ասում»։ Մինասն ասաց. «Այո՛, այդպես էր, բայց երբ լսեցի հրամանն անօրեն թագավորների, հեռացա պատվից և զինվորական ծառայությունից, որովհետև նախընտրեցի վերջինը լինել Աստծու անապատներում, քան բնակվել մեղավորների հարկում։ Եվ այդպես երեք տարի աշխարհից հրաժարվելով` աղաչեցի Աստծուն, որ արժանի անի ինձ առանց երկյուղի քարոզելու Իր սուրբ անունը թագավորների և իշխանների առջև և մահանալու Իր սուրբ անվան համար, որ այդպես հաղորդակից լինեմ սրբերի խմբին»։ Իշխանն ասաց. «Ի՞նչպես ես քեզ քրիստոնյա անվանում և չես վախենում տանջանքներից, որ [կլինեն] թագավորների հրամանի համաձայն, որպես լսել ես»։ Մինասն ասաց. «Տերն է իմ օգնականը, և ես չեմ վախենում։ Ի՞նչ պիտի անի ինձ մարդը։ Ես քրիստոնյա էի, եմ և կլինեմ, որ չմիանամ ձեր պիղծ պաշտամունքին և անօրեն գործերին, որոնցից խավարել են [ձեր] մտքերը և հեռացել եք Կյանքից` ձեր սրտերի տգիտության պատճառով, որովհետև չճանաչեցիք երկնքի և երկրի Արարչին»։ Այնժամ իշխանը հրամայեց կապել սրբին և բանտ տանել, որ չխափանի արարողությունը և բազմության հանդեսը։

Իսկ մյուս օրը իշխանն, ատյանում նստելով, հրամայեց Մինասին իր մոտ բերել և ասաց. «Երեկ ինչպե՞ս համարձակվեցիր թատրոն մտնել և խափանել խաղը և արհամարհել ամենակալ աստվածներին և թագավորին, և մանավանդ ինչո՞ւ աներկյուղ համարձակությամբ քեզ քրիստոնյա անվանեցիր»։ Երանելի Մինասն ասաց. «Խնդրեցի Աստծուց, որ ինձ առատապես համարձակություն տա` հեթանոսների և ամբարիշտների առջև վկայելու Իր անվան համար, որովհետև ես սիրեցի երկնավոր Թագավորին և Նրան զինվորագրվեցի ու հեռացա առժամանակյա զինվորությունից, լավ համարելով մահը, քան խղճուկ կյանքը, և խնդրեցի Նրանից, որ ամբարիշտների հետ չկորցնի անձն իմ և արյունահեղ մարդկանց հետ իմ կյանքը ևս չառնի։ Եվ այսպես, հրաժարվելով կենցաղից, ինձ Աստծուն տվեցի և Նրա անվան համար մահանալուն»։ Իշխանն ասում է նրան. «Թո՛ղ այդ հանդուգն և հախուռն խոսքերդ և պաշտի՛ր աստվածներին, որոնց թագավորներն են պաշտում, և կներեմ քո հանցանքը, որ բազմության առջև համարձակվեցիր հայհոյել, և կազատվես տանջանքներից ու զինվորական պատիվը դարձյալ կստանաս թագավորներից և կմեծարվես աշխարհիս իշխանների հետ»։ Երանելի Մինասն ասաց. «Ցանկանում եմ հաճո լինել հավիտենից Թագավորին և ընդունել անապական պսակն ու անմահական կյանքը։ Եվ դու նպատակ մի՛ ունեցիր ինձ այս հույսից խոնարհելու դեպի այդ անցավոր պատիվները, որ այսօր կան և վաղը կկորչեն` և՛ պատիվը, և՛ պատիվ տվողները։ Եվ քո բոլոր տանջանքները, որ գործադրելու ես վրաս, արհամարհում եմ հանուն Քրիստոսի սիրո, որովհետև Նա է տալիս ինձ ուժ և զորություն և ամոթով թողնում բոլոր նրանց, որ չեն հավատում Իրեն»։

Այնժամ իշխանը բարկանալով հրամայեց պրկել նրան և արջառաջիլերով սաստիկ ծեծել, մինչև որ արյունը հեղում էր ամբողջ գետինը, իսկ սուրբը գոհանում էր Տիրոջից և տանջանքներին համբերելու համար ժուժկալություն խնդրում։ Իսկ բռնավորի սպասավորները սրբին ստիպում էին համաձայնել դատավորի կամքին, սակայն Աստծու սուրբը հանձն չէր առնում թողնել Աստծուն և պաշտել կուռքերին և ասում էր. «Ես օգնական ունեմ Աստծուն, որ կարող է այս տանջանքները թեթևացնել և ամոթով թողնել իշխանին ու ձեզ, որ Աստծու ծառային ստիպում եք հեռանալ Աստծուց և ձեզ պես անցնել սուտ աստվածների պաշտամունքին և ձեր հետ ուղևոր լինել կորստյան ճանապարհի, որ դեպի հավիտենական կորուստն է տանում»։ Իշխանն ասաց. «Մի՞թե իսկապես չզգացիր այդ դառն ու անողորմ տանջանքները»։ Երանելի Մինասն ասաց. «Մի՛ կամեցիր դառն տանջանքներով հաղթել իմ իմաստուն մտքերին, որովհետև մեծ Թագավորի ուժն ու զորությունը մոտ են ինձ և բոլոր տանջանքների մեջ ինձ զորեղ են պահում»։

Այնժամ իշխանը հրամայեց սրբին կախել փայտից և երկար ժամանակ քերել։ Եվ մունետիկն ազդարարում և ասում էր. «Մեր թագավորներից բացի ուրիշին թագավոր մի՛ խոստովանիր»։ Երանելին ասաց. «Մի՛ հայհոյեք երկնավոր և անմահ Թագավորին` մահկանացուին հավասարեցնելով։ Նա է մեծ Թագավորը ամբողջ երկրի վրա, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որ իշխանություն ունի գոյությունների և իշխանությունների վրա»։ Իշխանն ասաց. «Ո՞րն է մեծ Աստվածը, որ ասում ես, թե Նա տվեց իշխանությունը թագավորներին, և թե Նա իշխանություն ունի ամբողջ աշխարհի վրա»։ Երանելի Մինասն ասաց. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, կենդանի Աստծու Որդին, որ առաքվեց Հորից և Սուրբ Հոգուց և մեզ տվեց բարի ավետիսը, որին երկրպագում են երկնավորներն ու երկրավորները, և ամեն ազգ խոստովանում է, որ Տեր է Հիսուս Քրիստոսը ի փառս Հայր Աստծու և Սուրբ Հոգու»։ Իսկ իշխանն ասաց. «Չգիտեմ ինչ ես խոսում աներևույթի մասին և երևացողներիս անհասկանալի, բայց թագավորների հրամանը քեզ անողորմ բարկությամբ կյանքից կզրկի»։ Երանելին ասաց. «Դավիթն, այդ ասելով, առաջներում մարգարեացավ. «Տերը թագավորեց, ժողովուրդները բարկացան։ Ո՛վ քերովբեների վրա նստողդ, երկիրը սասանվեց» (Սաղմ. ՂԸ. 1)։ Եվ այս բաները Տնօրինության մասին են ասված, որ չես կարող հասկանալ, ո՜վ խավարածդ մտքով։ Որովհետև սուրբ Ավետարանի խոսքերը կորուսյալներիդ համար հիմարություն են, իսկ մեզ` փրկյալներիս` կենաց նորոգություն. «Որովհետև, ըստ Պողոսի, ինչը [փորձի] անջատել մեզ Քրիստոսի սիրուց` թե՛ նեղությունները, թե՛ անձկությունները, թե՛ հալածանքը, թե՛ սովը, թե՛ սուրը, և մյուս բոլոր վտանգներն ու պես-պես տանջանքները, չեն հաղթի Աստծու ծառաներին» (Հռոմ. Ը. 35)։

Այնժամ իշխանը հրամայեց աղ ցանել նրա վերքերին և հաստամազ քուրձերով տրորել։ Իսկ Աստծու սուրբը, մտքերով Աստծու հետ և ցանկությամբ բարեպաշտ, անպարտելի եղավ և օրհնում էր Աստծուն։ Եվ բոլոր ներկաներն ու իշխանը հիանալով զարմացել էին սուրբ վկայի ժուժկալությունից։ Իշխանն ասաց. «Ի՞նչպես ես այդքան համառելով անզգայաբար տանջանքների մեջ մնում»։ Երանելի Մինասն ասաց. «Թագավորն իմ և Աստվածն իմ, Նա է ինձ ուժ և զորություն տալիս քո ամենաչար հնարքները հաղթելու, որպեսզի արժանի լինեմ անսուտ խոստումներին, որ աչքը չի տեսել և ականջը չի լսել, որ պատրաստել է Աստված Իր սիրելիներին»։ Եվ ավելի բարկանալով` իշխանը հրամայեց հրով այրել Աստծու ծառային։ Եվ այդպես կրակով այրեցին և խորովեցին սրբի մարմինը։ Իսկ սուրբը ոչինչ չէր պատասխանում, այլ լսելի կերպով աղաչում էր Աստծուն` զորացնել իրեն չարաչար և դառն տանջանքներում։

Իշխանն ասաց. «Ո՛վ թշվառական և վայրենաբարո, մարդկային բնությունից դուրս` ի՞նչ զորություն ունես»։ Երանելի Մինասն ասաց. «Աստված է, որ զորացնում է ինձ և զորություն է տալիս` ինչպես ասված է մարգարեության մեջ` «Կանցնես հրի միջով` չես այրվի, և նրա բոցը քեզ չի կիզի» (Եսայ. ԽԳ. 2)։ Եվ դարձյալ մեր Տերն ասում է. «Մի՛ երկնչեք նրանցից, որ սպանում են մարմինը և հոգին չեն կարող սպանել, այլ երկնչեք Նրանից, որ կարող է սպանելուց հետո գցել հավիտենական հրի մեջ, որ պատրաստված է սատանայի և նրա կամքը կատարողների համար» (Մատթ. Ժ. 28)։ Եվ իշխանը զարմանալով` իմաստուն և զորավոր խոսքերին չէր կարողանում պատասխան տալ կամ վախեցնել տանջանքներով, որ կիրառեց սրբի նկատմամբ։ Եվ ասաց. «Կուզե՞ս, որ թողնեմ քեզ մի քանի օր, որ վարքիդ մասին խորհելով լավ մտքի գաս և փոխես կամքդ ու կատարես թագավորների հրամանները»։ Երանելին ասաց. «Բազում անգամ խորհեցի և ճանաչեցի ճշմարտությունը` պաշտել կենդանի Աստծուն և գնալ նրա ճանապարհով և չպաշտել դևերին կամ ընդունել հրամանները թագավորների, որ մերժվում են կենդանի Աստծուց»։ Եվ զայրանալով` իշխանը հրամայեց բրածեծ անել և երկաթյա տատասկներ լցնել և պտտել նրա վրա։ Եվ արյունը ողողում էր գետինը։ Իսկ սուրբը ոչինչ չէր պատասխանում, այլ գոհանում էր Աստծուց և օրհնում։

Մի ոմն Եղիդորոս անունով դեսպանապետ ասաց Պյուրոս իշխանին. «Մի՞թե չգիտես, որ քրիստոնյաների ազգը հպարտ է, և նրանք քաղցր են համարում իրենց Աստծու անվան համար մեռնելը, քան ապրելը։ Իր խելագարությանը համապատասխան վճիռ տո՛ւր և սպանի՛ր դրան իբրև մահապարտի, որովհետև արհամարհեց աստվածներին և թագավորին»։ Իսկ իշխանը հորդորական խոսքերով [փորձում] էր հրապուրել Աստծու սրբին և նրան պարգևներ ու պատիվ էր խոստանում։ Իսկ երանելի Մինասն ասաց. «Քեզ լինեն քո պարգևները և քո հայր սատանային, որ քո միջոցով [ցանկանում] է հրապուրել ինձ, և թագավորին ու քեզ ուղղորդում է Աստծու ծառաների վրա։ Այլ ես ձգտում եմ անանց Թագավորի` հավիտենական Քրիստոսի փառքերին, որ խոստացավ Իր սրբերին, որովհետև պատիվներն այս անցավոր են, իսկ այնտեղինը` հավիտենական, քանի որ մեզ անանց լույսի և հավիտենական կյանքի ժառանգորդ կդարձնեն բոլոր սրբերի հետ միասին»։ Եվ երբ իշխանը տեսավ անդրդվելի հավատն առ Քրիստոս և անփոփոխ միտքը, հրամայեց սրով սպանել երանելի [վկային]։ Իսկ զվարթերես և հաստատուն կամքով սուրբը ցանկանում էր ելնել մարմնից և մտնել Աստծու մոտ, որ անձկալի էր։ Եվ աչքերը երկինք բարձրացնելով և ձեռքերը տարածելով` ասաց. «Գոհանում եմ Քեզնից, Տե՛ր, որ ինձ արժանի արեցիր Քո սուրբ անվան համար մեռնելու և Քո զորությամբ չլքեցիր ինձ` Քո ծառային, և չհեռացան ինձնից Քո շնորհների պարգևները, այլ ժուժկալության ամրություն տվեցիր պես-պես տանջանքների մեջ, որ գործադրեցին վրաս, նաև հաստատուն ու անշարժ պահեցիր միտքն իմ ու խորհուրդը` ի սեր Քո Աստվածության։ Այժմ ևս, Տեր, մի՛ հեռացրու Քո զորությունից և շնորհներից, որ քաջությամբ և ճշմարիտ խոստովանությամբ կատարեմ ընթացքն իմ և արժանի լինեմ Քո վկաների հետ ժառանգելու անպատմելի կյանքը և փառավորելու Հորն ու Որդուն և Սուրբ Հոգուն. այժմ և հավիտյանս»։ Եվ ծունր իջեցնելով` հատեցին երանելի Մինասի գլուխը` ըստ բռնակալի հրամանի։

Եվ այսպես, նոյեմբեր ամսի տասնմեկին վկայեց եգիպտացի սուրբ Մինասը` ի փառս և ի գովություն Աստծու։ Եվ անօրեն իշխանը հրամայեց այրել սրբի մարմինը, սակայն հրից մնացած նշխարները հավատացյալները հավաքեցին և անմոռաց հիշատակով թաքցրեցին մի ծածուկ տեղում, մինչև դադարեցին հալածանքները, և սուրբ նահատակի անունով կառուցվեց վկայարան, ուր սրբի բարեխոսությամբ բժշկություններ էին լինում` ի փառս ամենասուրբ Երրորդության` Հոր և Որդու և Սուրբ Հոգու. այժմ և միշտ և հավիտյանս։

« Քրիստոսի սուրբ և ճգնազգյաց վկա Մեռկուրիոսի վկայաբանությունը   |   Սուրբ Մինասի, Երմոգինեսի և Գրաբոսի վկայաբանությունը »
© Gratun.org