Gratun
« Վարք Սրբոց, Հատոր Գ
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Մծբինի հայրապետ սուրբ Հակոբի վկայաբանությունը

Աստվածային օրենսդիր Մովսեսը, որ կիսեց Կարմիր ծովը և ժողովրդին անջրդի անապատ հանեց և այլ մեծամեծ սքանչելիքներ գործեց, որ գրառված են մեկը մյուսի հետևից, երբ հանձն առավ պատմելու առաջին սրբերի վարքերը, ոչ թե եգիպտացիներից լսած ավանդությամբ [դա] արեց, այլ Աստծու շնորհների ծագմամբ, որ այն ժամանակ տրվեցին իրեն։ Իսկ ես ո՛րտեղից կարող եմ պատմել մյուս սրբերի վարքը` Հաբելի առաքինությունը, կամ Ենովքի աստվածպաշտությունը, կամ Նոյի արդարությունը, կամ հավատքը Աբրահամի և նրա ընդունելի պատարագի։

Հիմա կարճիկարճո խոսեցի սրբերի վարքի մասին և նրանց շնորհների և հիշատակեցի սրբերի անունները, որ գուցե օժանդակեն և բարի կայան հասցնեն ինձ` սուրբ Հակոբի ճառն ասելիս։

Մծբինը քաղաք էր Հոռոմոց և Պարսից սահմանին, որ այն ժամանակ գտնվում էր Հռոմի իշխանության ներքո։ Եվ երանելի Հակոբն այնտեղ նախ հանձն առավ միայնակեցությունը և միայն անապատում էր բնակվում։ Եվ լեռների գագաթներին էր նա բնակվում. գարնանն ու ամռանը բացօթյա, որ սոսկ երկնքից էր նրան հովանի լինում, և միայն ձմռանը հաստատվում էր մի փոքրիկ քարայրում, ուր մարմինն էր միայն տեղավորվում, և կերակրվում էր ոչ ըստ մարդկանց սովորության` մարմնականով, այլ սնվում էր Սուրբ Հոգու շնորհներով։ Ժողովում էր լեռան վրա եղած ծառերի պտուղները և դրանցով գոհանում, որովհետև հրաժարվել էր հրի մարմնական սպասավորությունից և խարազանազգեստ հանդերձանք հագել։ Որովհետև այդպես խստամբերությամբ` զանազան և պես-պես տանջանքներով ճնշում էր մարմինն իր, և հանդերձյալն էր միշտ աչքի առաջ, ինչպես ասված է Պողոսի խոսքում. «Տեսնում ենք որպես հայելու մեջ» (Ա. Կորնթ. ԺԳ. 12)։ Եվ նրա աղոթքը միշտ և հանապազ աստվածայինի մասին էր, և նրա պատկերը փայլելով փոխվում էր փառքից փառք, ասես Տիրոջից և Սուրբ Հոգուց։ Եվ հրաշալի վարքի շնորհիվ բազում նշաններ էին լինում նրա միջոցով. ինչ որ խնդրում էր Աստծուց, անհապաղ տրվում էր նրան։ Եվ մարգարեական շնորհք տրվեց նրան, որ մինչ դեպքի կատարվելը պատմում էր դեպքը։ Սուրբ Հոգուց հրաշքներ գործելու և բժշկություն անելու շնորհ ստացավ, որ փոքր ի շատե կգրեմ նրա հրաշքների մասին և նրա ճգնության վարքը հայտնի կդարձնեմ նրանց, ովքեր չգիտեն։

Այն ժամանակներում ննջեց Մծբինի եպիսկոպոսը, և քաղաքում ընտրություն եղավ, թե ով արժանի կլինի եպիսկոպոսության աթոռին։ Եվ հինգ հոգի էին, որոնց արժանի էին համարում։ Եվ մեծ հակառակություն էր քաղաքում այս հինգ այրերի համար, թե նրանցից ով է առավել արժանի հայրապետական աթոռին, որովհետև մեկն այս անունն էր տալիս, մյուսն` այն, և միաբանության չէին գալիս։ Այնժամ քաղաքի այրերը, որ գլխավորներն էին, խորհեցին բարձրանալ սուրբ Մարուգեի մոտ` նրա անապատը, որ տեսնեն, թե ինչ կասի։ Եվ երբ նրանք գնացին-[հասան] Մարուգեի խցի դռանը, սուրբն իր սովորության համաձայն աղոթում էր։ Այդ ժամանակ դուրս գալով` աշակերտն ասաց. «Գնացե՛ք եկեղեցու գավիթը, մինչև ավարտի աղոթքը և գա ձեզ մոտ»։

Իսկ սուրբ Հակոբը երեք օր առաջ էր եկել սուրբ Մարուգեի մոտ, և վերջինս մարգարեացել էր ու ասել. «Այսօր համբուրում եմ քեզ որպես միայնակյացի, իսկ վաղը կհամբուրեմ որպես քո հոտի առաջնորդի և հովվի»։ Իսկ սուրբ Հակոբն ասել էր. «Սպասի՛ր, եղբա՛յր, արժանի չեմ քո ասածին»։

Սուրբ Մարուգեն եկեղեցի բարձրացավ և եկողներին խոժոռված ու գավիթում դաս-դաս նստած տեսավ։ Երբ տեսան երանելիին, ոտքի ելան, որովհետև պատկերն ասես հրեշտակական լիներ։ Նա ամբոխին նշան արեց, որ լռեն, մինչև ինքն աղոթի եկեղեցում։ Եվ աղոթելուց հետո խմբվեցին երանելիի շուրջը, իսկ նա կանգնել էր նրանց մեջ` գավազանին հենված։ Եվ ամբոխը համբուրում էր նրա ոտքերն ու ձեռքերը։ Եվ [սուրբը] հրամայեց նրանց նստել և լսել իր խոսքը։ Եվ ասաց նրանց. «Ինչի՞ համար եք հավաքվել և եկել այստեղ»։ Եվ նրանք ասացին. «Եպիսկոպոսության հարցով…»։ Իսկ նա ասաց. «Ո՞ւմ եք կամենում եպիսկոպոսական աթոռին նստած տեսնել»։ Եվ ոմանք այս անունն էին տալիս, ոմանք` այն, և հակառակություն էր նրանց միջև։ Սուրբը խաղաղեցրեց նրանց և ասաց. «Գիտեմ, որ ձեր առաջնորդի մահը տրտմեցրել է ձեզ։ Սակայն այրերը, որոնց ընտրեցիք, արժանի չեն եպիսկոպոսության։ Այլ եկեք, գնացեք Ամիթ, որովհետև այնտեղ եպիսկոպոսների ժողով է, և այնտեղ է գալու Անտիոքի պատրիարքը։ Եվ նրա միջոցով Սուրբ Հոգին այնտեղ կհայտնի, թե ում է սահմանված նստելու եպիսկոպոսության աթոռին»։ Իսկ նրանք ընդունեցին սրբի խոսքերն` ասես լսած լինեին Աստծու հրեշտակից, և ելնելով վերադարձան իրենց քաղաքը։

Եվ քիչ օրեր անց գնացին եպիսկոպոսների հավաքին և նրանց ողջույն տալով` նստեցին։ [Եպիսկոպոսները] հարցրեցին նրանց. «Ո՞ւմ եք կամենում, որ առաջնորդ լինի»։ Եվ նրանք պատմեցին` ինչ որ ասել էր սուրբ Մարուգեն, թե Սուրբ Հոգին է ցույց տալու առաջնորդին։ Եվ նրանք, ի մտի առնելով այդ խոսքերն, ասացին. «Աղոթում ենք այսօր Աստծուն, որ մեզ հայտնի, թե ով է արժանի աթոռին»։ Եվ գիշերվա պահին ամբողջ բազմությունը, կաթողիկոսի հետ մեկտեղ, սկսեց աղոթել սաղմոսներով և օրհնություններով և հոգևոր երգերով, նաև արտասուքով և պաղատանքով Աստծուն էին դիմում այդ խնդրի կապակցությամբ։ Իսկ Նա, որ ընդունում է Իր երկյուղածների կամքը և լսում նրանց աղոթքները, թմբիր բերեց կաթողիկոսի վրա, որ ասես քնի մեջ ընկավ և տեսավ մի գեղապատշաճ երիտասարդի, որ ասաց. «Սուրբ Հակոբն է այն այրը»,- և ցույց տվեց տեղը, ուր նա բնակվում էր, որովհետև միայնակյաց էր և սքանչելագործ։ Եվ երբ հրեշտակը վեր խոյացավ, կաթողիկոսն արթնացավ և բարձրանալով գոհանում էր Աստծուց, որովհետև սովոր էր հոգևոր տեսիլներին։ Եվ շտապով ելնելով` եկեղեցի իջավ և [մարդ] ուղարկելով կանչեց եպիսկոպոսներին և Մծբինից եկածներին և պատմեց նրանց տեսիլը հրեշտակի, որ իրեն սուրբ Հակոբի անունն ասաց։ Ու ելնելով` բոլորը միաբան Մծբին իջան, իսկ եպիսկոպոսների ժողովը միաբան նամակ գրեց, և հավատարիմ մարդկանց միջոցով առաքեցին և սրբին կանչեցին։

Եվ երբ եկավ նրանց մոտ, պատմեցին եղելությունը։ Իսկ սուրբը կանխավ գիտեր հայրապետների Մծբին գալու մասին, որովհետև Սուրբ Հոգին հայտնել էր իրեն։ Եվ բազում անգամ լսել էր սուրբ Մարուգեից, թե` «Առաքելական աստիճան ես ստանալու»,- և պատկառել էր դեմ կանգնել։ Եվ Սուրբ Հոգու ազդմամբ իջավ ժողովարան, որովհետև այնտեղ էր հավաքվել քաղաքի բազմությունը, ուր բոլորը գիտեին սրբի վարքը, և միահամուռ սպասում էին սրբի գալուն։ Եվ երբ եկավ հայրապետների մոտ, ողջույն տվեց նրանց, և կաթողիկոսը հրամայեց նստեցնել նրան։ Սուրբը հարցրեց նրանց. «Ինչո՞ւ ինձ այստեղ կանչեցիք»։ Եվ նրանք ասացին. «Տերը հայտնեց, որ արժանի ես քաղաքիս եպիսկոպոսության աթոռին»։ Եվ նա ասաց նրանց. «Արժանի չեմ այդ բանին»։ Իսկ ժողովուրդն շտապեցնում էր հայրապետին, և առավել ևս չէին թողնում, որ Հակոբը շարունակի իր խոսքը։ Եվ հայրապետն շտապ ելնելով` վերցրեց Հակոբին և եկեղեցի մտան։ Եվ նրա վրա կատարեցին եպիսկոպոսության կարգը։ Եվ երբ սուրբ Հակոբին եպիսկոպոս ձեռնադրեցին, մեծ ուրախություն եղավ քաղաքում, և օրհնություն ու փառք էին տալիս Աստծուն, որ սուրբ Հակոբին իրենց հովիվ և առաջնորդ կարգեց։

Եվ երբ օրեր անցան, մի կիրակի օր սուրբ Մարուգեն բազում եղբայրների հետ իջավ սուրբ Հակոբին ողջույն տալու և նրա կողմից օրհնվելու համար։ Եվ երբ միմյանց ողջունեցին, սուրբ Մարուգեն սկսեց օրհնել Աստծուն, որ Իր Եկեղեցում արթուն հովիվ կարգեց։

Այդ օրը մի տասնհինգամյա գոսացած անդամալույծ կար եկեղեցու գավիթում, որի բոլոր անդամները թուլացած էին։ Եվ երբ սրբության ամոլները` սուրբ Հակոբը և սուրբ Մարուգեն իջնում էին պատարագից, տեսան անդամալույծին, որ ընկած էր։ Սուրբ Մարուգեն ասաց տեր Հակոբին. «Ե՛կ աղոթենք այս անդամալույծի համար, որ Տերը ողորմի նրան և բժշկի»։ Այնժամ սարկավագներին ասացին, որ անդամալույծի երեսը դեպի արևելք դարձնեն, և խոնարհվելով ծունր դրեցին` արտասվելով և այսպես ասելով. «Զորությունների՛ Տեր Աստված, որ Քո սուրբ անվամբ քարոզվելու արժանի արեցիր այս քաղաքի հրեաներին և կռապաշտներին, որ միայն Քեզ ընդունեցին ճշմարիտ Աստված և հավատում են Քո Որդու` Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ։ [Դու], որ Քո սուրբ առաքյալների միջոցով հրաշքներ գործեցիր, նվաստ ծառաներիս միջոցով ևս արա՛, որ Քո զորությունը քարոզվի և Քո անունը փառավորվի, և բարձրանա Քո սուրբ խաչի զորությունը, ինչպես Երուսաղեմում հայտնապես Քո առաքյալների միջոցով նշան ցույց տվեցիր, որից հրեաները միասին հեծծում էին և ասում. «Ահա հրաշքը, որ եղավ այս քաղաքում»,- և որից նրանք ամաչում էին, իսկ Քո վարդապետությունը ճոխանում էր, և Քո սուրբ խաչը պայծառանում, և սուրբ Եկեղեցու զորությունը բարձրանում Քո փառքերով։ Եվ այժմ, բարերա՛ր Տեր, լսի՛ր Քո ծառաներիս աղաչանքները, բժշկի՛ր այս անդամալույծին և կողպի՛ր նրանց բերանները, որ խոսում են` հանդիմանելով Քո սուրբ Խաչը, որ Քո սուրբ Եկեղեցու պարծանքն է։ Մեր մեջ ևս գործի՛ր Քո բարի նշանը, որ տեսնեն Քո ատելիները և ամաչեն ու ամոթով մնան»։ Եվ երբ ավարտեցին աղոթքը, սուրբ Մարուգեն տեր Հակոբին ասաց. «Մոտեցի՛ր և խաչակնքի՛ր դրա անդամների վրա»։ Եվ նա ասաց. «Դո՛ւ մոտեցիր»։ Սուրբ Մարուգեն ասաց. «Քեզ է պարտ և արժան խաչակնքել և աղոթք մատուցել, որովհետև եպիսկոպոսության պատիվ ունես»։ Այնժամ տեր Հակոբն ասաց. «Ես աջ կողմից [մոտենամ], դու` ձախ…»։ Եվ մոտենալով` նրան ասացին. «Ո՜վ մարդ, արիացի՛ր մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ»։ Եվ նա նույն պահին բարձրացավ և կանգնեց իր ոտքերին, և բժշկվեցին նրա անդամները։ Եվ վեր պարզեց ձեռքերն ու փառք տվեց Աստծուն։ Եվ երբ ժողովուրդը տեսավ սքանչելիքն, ընկավ և երկրպագում էր Աստծուն։ Եվ բարձր ձայնով օրհնում էին Աստծուն և ասում. «Օրհնյա՜լ ես Քրիստոս, որ ամեն ժամ լսում ես նրանց, որ հաճո են Քեզ, և Քո ծառաների միջոցով սքանչելիքներ ես գործում, որ բարձրարարեն ու փառավորեն Քո անունը, որովհետև միայն Դու ես Տեր Աստված, և Քեզ փառք հավիտյանս. ամեն»։ Այն ժամանակ սուրբ Մարուգեն բժշկվածին ասաց. «Ե՛կ, պատմուճան հագիր և ամրացրու գոտիդ և քարոզիր զորությունն Աստծու, որ Իր ծառաների միջոցով [հրաշք] գործեց»։

Ի տարբերություն հավատացյալների, որ փառավորում էին Աստծուն իրենց մեջ եղած սքանչելիքների համար, հրեաները, երբ լսեցին, [սոսկ] զարմանում էին սքանչելիքից, որ Աստծու զորությամբ եղան սուրբ Հակոբի միջոցով։

Այս ամենից հետո Կեդրոն անունով մի մարդ հայտնվեց, որ Մարկիոնի կարգից էր և հակառակ էր քրիստոնյաներին։ [Սա] Պոնտացիների երկրից էր։ Նրա եղբայրը ծանոթ էր Կոստանդիանոս թագավորին, նրա մտերիմն էր արքունի գնդում և հաճո էր արքային։ Եվ [մի օր] արքան ասաց նրան. «Դեմքդ վայելուչ է, իսկ դու` հույժ պիտանի։ Մի բան է միայն պակասում քեզ` չես ճանաչում Աստծուն, որ ստեղծեց երկինքն ու երկիրը և նրանում եղած արարածներին։ Եվ այժմ ճանաչի՛ր ճշմարիտ Աստծուն և ընդունի՛ր Քրիստոսի դրոշմը և երևելի ու պատվական կլինես։ Քեզ իշխան կդարձնեմ և քեզ կտամ Միջագետքի Մծբին քաղաքը»։ Այրը պատասխան տվեց և ասաց. «Հավատում եմ Աստծուն, որին դու ներկայացրեցիր ինձ և քարոզեցիր»։ Եվ խնդության մեջ ընկնելով` արքան հրամայեց շտապ մկրտել նրան և արքայական ընծաներով և մեծ պատիվներով նրան Մծբին ուղարկեց։ Իսկ նրա եղբայրը` [մեր հիշած Կեդրոնը], քաղաքի երևելիներից և մեծատուններից էր, [եպարքոսն էր] և երկրպագում էր կուռքերին ու պիղծ դևերին և իր տունը կառուցել էր ոսկով, արծաթով ու պատվական քարերով։ Եվ երանելի Կոստանդիանոսը բազում անգամ խնդրել էր Կեդրոնին` եպարքոսի եղբորը, որ մկրտի նրան, որև չէր կամեցել գնալ, որովհետև խառնվել էր Մարկիոնի աղանդին։ Եվ Կեդրոնը մի որդի ուներ, որ ծնունդից ի վեր անդամալույծ էր, և թաթերից մինչև ծնկները` ոտքերը պարանի նման իրար էին փաթաթված և մարմնի անդամ ները չորացած էին, և գամված էր անկողնուն։ [Մինչդեռ] պատկերն էր գեղեցիկ, և մազերը գանգուր և երեսը զվարթատեսիլ։ Եվ լսեց Կեդրոնը, թե եկեղեցու գավթում անկյալ անդամալույծը բժշկվել է սուրբ Հակոբ հայրապետի միջոցով։ Եվ [մարդ] ուղարկելով` կանչեց բժշկվածին, որ նրա միջոցով ստուգի ճշմարտությունը։ Եվ երբ նրան բերին Կեդրոնի առաջ, հարցրեց նրան և ասաց. «Ո՞վ բժշկեց քեզ»։ Եվ նա ասաց. «Տասնհինգ տարի է, որ անդամալույծ էի, ինչը դուք քաջ գիտեք, և Աստծու ծառաները բժշկեցին»։ Եվ Կեդրոնն ասաց. «Ո՞ւմ անվամբ արեցին այդ զարմանալի բաները»։ Եվ նա ասաց. «Հիսուս Նազովրեցու…»։

Երբ Մարկիոնը լսեց, զայրույթով լցվեց և ասաց. «Սաստելով ասում եմ քեզ. դա քեզ քրիստոնյաները սովորեցրին, [դու] անդամալույծ չես եղել, սուտ ես [խոսում]»։ Երբ այս լսեց [նախկին] անդամալույծը, դառնացավ և լի ցասմամբ ասաց. «Խաբեբա՛ և անօրեն, դու ես սուտ [խոսում], և քո կախարդության աղանդը Տիրոջ` Հիսուս Քրիստոսի անունով կխափանվի, և քո հայր սատանան ամոթով կմնա, և դու չարամահ կկորչես։ Եվ եթե սրբերն [ինձ] պատվիրած չլինեին քարոզել, դու ընդհանրապես պատասխանի չէիր արժանանա, բայց սրբերից հրամայված է, որ բոլոր լսողներին և հասկացողներին պատմեմ»։

Իսկ Կեդրոնը ունկնդրում և բավականությամբ լսում էր այդ ամենը։ Եվ այնժամ [նախկին անդամալույծը նորից] դիմելով Մարկիոնին, ասաց. «Ես գիտեմ, որ եպարքոսի բարի և իմաստուն եղբայրը, որ ինձ այստեղ է կանչել, կամենում է իմանալ ճշմարտությունը` իր որդու բժշկության համար, որովհետև երբ իմանա ճշմարտությունը և ձեր խավար ճանապարհի մոլորությունը` կընդունի փրկության Ավետարանը, որ կոչված է հալածելու ձեր մոլորությունը այս քաղաքից»։ Եվ երեսը կախարդից դարձնելով` Կեդրոնին ասաց. «Լսի՛ր, տե՛ր իմ Կեդրոն, որովհետև քո կամքով ես կանչվեցի քո տուն, և ինձ արժան է Քրիստոս քարոզել։ Ես իսկապես անդամալույծ էի, ինչպես բազում անգամ տեսել եք ինձ գավիթում` անդամալուծության սաստիկ ցավերով բռնված, որպես ասացի։ Եվ, տե՛ր Կեդրոն, եթե հավատաս սուրբ կույս Մարիամից ծնված մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվամբ և մոտենաս Նրա ծառաներին, այնժամ քո որդին կբժշկվի նրանց միջոցով»։ Երբ լսեց այս ամենը [նախկին] անդամալույծից` սքանչացավ, բայց և երկմտեց։ Իսկ հետո բարին ի միտ բերելով` մտքերը հեռացրեց Մարկիոն կախարդից և Քրիստոսի Ա վետարանը տենչաց և մտքում ասում էր. «Ո՛վ իմ որդուն բժշկի` Նա է ճշմարիտ Աստված»։

Այնժամ կախարդ Մարկիոնն ասաց. «Ինչո՞ւ երկմտեցիր, և [հեռացար] հավատից, որ մանկուց ունեիր և այժմ անուղղելի բաներ ես խոսում»։ Իսկ Կեդրոնը ծիծաղեց ի պատասխան և արհամարհեց կախարդի խոսքերն ու ասաց. «Այսուհետև կամենում եմ ճանաչել ճշմարտությունը և հեռանալ ստությունից»։ Եվ նույն պահին ելավ և իր ընտանիքով եկեղեցի գնաց։ Եվ մտնելով` պատմեցին սուրբ Հակոբին և Մարուգեին և ասացին. «Եպարքոսի եղբայր Կեդրոնն է ձեր շեմին և կամենում է տեսնել ձեզ»։ Եվ նրան հրամայեցին ներս մտնել, և նրա եղբայր եպարքոսն այնտեղ էր։ Երբ Կեդրոնը սրբերի մոտ մտավ, նրանց ողջունեց սիրով խոնարհվելով, որովհետև միտքը հեռացել էր նախկին սովորությունից, և ողջույն տալով` կանգնեց նրանց առաջ։ Եվ բարձր ձայնով ասաց նրանց. «Ո՛վ տերեր, մինչ այսօր կարծում էի, թե ճշմարտության [ճանապարհին] եմ և ոչ մոլորության։ Եվ որովհետև չէի կամենում, որ Կոստանդիանոս արքան մկրտի ինձ, ինչպես իմ եղբորը, բազում անգամ եմ զրկվել թագավորական պատիվներից։ [Այժմ] միտքս և խոհերս երկփեղկվում են, և ուղիղ ճանապարհը չգիտեմ։ Հույսս անդամալույծի բժշկության հետ է [կապված], որ ինչպես նա առողջացավ, ձեր աղոթքներով կբժշկվի նաև որդյակն իմ, և մտքերս կհաստատվեն ճշմարիտ հավատքի մեջ։ Իսկ Մարկիոնը, որ ասում է, թե` «Քրիստոսը մարմին չի առել և չի ծնվել սուրբ Կույսից, և հարություն չկա»,- ամոթով կմնա։ Եվ [կհավատամ ինչպես դուք եք ասում]` «Նազովրեցին ծնվեց Կույսից, խաչվեց ու թաղվեց և երրորդ օրը հարություն առավ և մեռելների հարության հույսը հաստատեց»։ Այսուհետ տարակուսել եմ և չեմ հավատում ուրիշ նշանի, բացի որդուս բժշկությունից. ո՛վ բժշկի գոսացած մարմինը, Նա է Աստված ճշմարիտ, և դրանից հետո կբժշկվեն մարմինն ու իմ հոգին»։ Իսկ Մարկիոնը հավաքել էր իր աշակերտներին և լսում էր, թե ինչ է ասում Կեդրոնը, և ցասման մեջ ասաց. «Մի՛ լսիր գալիլեացիներին, ո՛չ կաղին են կարող բժշկել, և ո՛չ անդամալույծին առողջացնել»։ Այնժամ սուրբ Հակոբն ասաց ողջ ժողովրդի առջև. «Մենք անօգուտ բաներ չենք խոսում, այլ [բժշկում ենք] անունով մեր Տիրոջ, որ սուրբ կույս Մարիամից ծնվեց, և մեր փրկության համար ընդունեց խաչի չարչարանքները, գերեզման իջավ և Ադամին ու նրա բոլոր սերունդներին հարության հույս տվեց և խորտակեց մահն ու փշրեց նրա զորությունը և երրորդ օրը մեռյալների միջից հարություն առավ և Իր հետ հարություն տվեց մեր բնությանը, քառասուն օր շրջեց Իր աշակերտների հետ և ասաց, թե` «Գնամ, ձեզ տեղ պատրաստեմ»։ Եվ նրանց պատվիրեց Երուսաղեմից դուրս չգալ, մինչև չընդունեն Սուրբ Հոգուն։ Եվ հրամայեց նրանց քարոզել բոլոր հեթանոսներին և մկրտել Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ Ով հավատա` կապրի, և ով չհավատա` կդատապարտվի։ Եվ ասաց, թե` «Ով հավատա Ինձ, գործերը, որ Ես եմ անում, նա ևս կգործի» (Հովհ. ԺԴ. 12)։ Նաև մենք ենք հավատացել ու հավատում Նրան, և այն ամենը, որ խնդրում ենք Նրանից` տալիս է մեզ։ Եվ Նրա անունով աներկյուղ տրորում ենք վիշապի գլուխը»։ Եվ [նրանց կողմը շրջվելով]` ասաց քրմերին. «Դո՛ւք, ո՜վ քրմեր, եթե հավատում եք ձեր կուռքերին, աղոթեցե՛ք ձեր չաստվածներին, և եթե զորություն ունեն` կլսեն ձեզ և կբժշկեն այս մանկանը։ Իսկ եթե չբժշկեն, ձեզ հետ նույնը թող պատահի, ինչ Սիմեոն կախարդին Հռոմում։ Իսկ մենք խոնարհ ենք Աստծու առջև և բժշկություն ենք խնդրում այս մանկան համար, ո՛չ թե մեզ համար, այլ այս ժողովրդի, որ հավատում է Նրա անվանը»։ Բեկված սրտով և ցածր ձայնով Մարկիոնն ասաց. «Ո՛չ մենք կարող ենք բժշկել, և ո՛չ դու»։

Իսկ սուրբ Մարուգեն նրա վրա ծիծաղելով ասաց. «Ես հուսացել եմ ճշմարիտ Աստծուն և համագոյ Որդուն և Սուրբ Հոգուն։ Եվ ինչ խնդրում ենք` անհապաղ կատարում է ամենը։ Հուսացել եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվանը, որովհետև երբ Հակոբ սուրբ հայրապետը մկրտի հիվանդին, բժշկված դուրս կգա ավազանից»։ [Եվ այսպես խոսեցին], որովհետև սրբության ամոլները վստահացել էին իրենց Տիրոջով, ինչպես սուրբ առաքյալները։ Այնժամ Կեդրոնը պատասխան տվեց և ասաց. «Ես կամենում էի իմ ողջ ընտանիքով միաժամանակ մկրտվել, սակայն առաջինը որդուս մկրտեցեք, իսկ հետո [կմկրտվենք] ես և ընտանիքն իմ»։ Սուրբ Մարուգեն ասաց տեր Հակոբին. «Հրամայի՛ր քահանաներիցդ մեկին, որ ավազանը պատրաստեն»։ Իսկ Կեդրոնը չկամեցավ և ասաց սրբին. «Թո՛ղ ուրիշը չմկրտի իմ որդուն, այլ միայն ձերդ սրբությունը»։ Եվ պատրաստեցին ավազանն ու սրբերը ելնելով` ծնկի իջան և աղոթեցին` մեկը ավազանի աջ կողմից, և մյուսը` ձախ, և ասացին. «Տե՛ր Աստված, արարիչ ամենայնի և բոլորի Տեր, որ կյանք ես կամենում մարդկանց որդիներին, լսի՛ր Քո ծառաների աղաչանքների ձայնը, նայի՛ր մեր աղոթքներին և մեր մեջ գործիր Քո հրաշքներն ու բարձրացրու Քո անունը այս քաղաքի հրեաների և հեթանոսների մեջ, որ ճանաչեն Քեզ, որ միայն Դու ես [երկնային] զորքերի Աստվածը, և Քեզ վայել է հավիտենական փառք. ամեն»։

Եվ ոտքի ելնելով` հրամայեցին ավազանն իջեցնել մանկանը, որ ութ տարեկան էր։ Եվ վերցնելով սուրբ ձեթը` նրա ամբողջ մարմինն օծեցին և նրան մկրտեցին Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվամբ։ Եվ բարձրացնելով` սարկավագները [նրան] հանեցին ավազանից։ Իսկ սուրբ Հակոբը հրամայեց անջատել նրա ոտքերն իրարից և մանուկի ձեռքից բռնելով` կանգնեցրեց և հրամայեց գնալ։ Իսկ երբ ժողովուրդը տեսավ, որ մանուկը քայլում է, սկսեց փառք տալ և գոհանալ Աստծուց սքանչելիքի համար, որ եղավ սուրբ Հակոբ հայրապետի միջոցով, որովհետև Աստված Իրեն փառավորողներին փառավոր է դարձնում։ Եվ Մարկիոնը, տեսնելով Քրիստոսի [անվան] շնորհիվ եղածը, վախեցավ, և երբ մարդիկ հրմշտում էին միմյանց, որ տեսնեն մանկանը, նա և իր աղանդակիցները ծպտված դուրս եկան ամբոխի միջից և փախան քաղաքից։ Եվ հետամտելով փնտրեցին նրանց, սակայն չգտան։ Իսկ հաջորդ օրը մկրտվեցին Կեդրոնն ու ամբողջ ժողովուրդը։ Եվ այն օրը մկրտվողները երեք հազար և երեք հարյուր հոգի էին։ Իսկ սուրբ Մարուգեն մեծ ուրախությամբ վերադարձավ իր վանքը և անպատմելի սքանչելիքների համար օրհնում էր Աստծուն։

Եվ Կեդրոնը մեծ ուրախություն արեց, իր տունը եկան խաչով և վառվող ջահերով` ինքը և ամբողջ ժողովուրդը, որ հավաքվել էր մկրտվելու համար։ Եվ որովհետև սուրբ Մարուգեն իր վանքն էր վերադարձել, Կեդրոնն ափսոսելով` [մարդ] ուղարկեց նրան կանչելու։ Եվ նրա տուն մտնելով` սուրբ Մարուգեն ասաց. «Բերե՛ք Մարկիոնի կախարդության գիրը»։ Եվ կատարեցին նրա հրամայածը և դրեցին կրակի մեջ, որ վառեն դրանք։

Եվ շատերն օրնիբուն գալիս էին սուրբ Հակոբի մոտ` աշակերտելու։ Եվ դրանից հետո սուրբ Հակոբը մտածեց մի մեծ եկեղեցի կառուցել, որովհետև նախկինում քրիստոնյաները քիչ էին, և եկեղեցին` փոքր։

Իսկ հետո սուրբ Մարուգեն կամեցավ իր վանքը ելնել։ Եվ Պողոսը, որ առաջ Կեդրոն էր կոչվել, իսկ այսպես կոչվեց մկրտության ժամանակ (ինքը` Պողոս, իսկ որդին` Հովհաննես), ասաց երանելուն. «Տե՛ր, ե՞րբ գանք քո վանքը, որ օրհնվենք եղբայրության կողմից»։ Իսկ սուրբն ասաց. «Ոչ ոք չի արգելում ձեզ։ Ցանկացած ժամանակ, ով կամենա գալ` կարող է»։ Եվ դրանից հետո, երբ տասն օր անցավ, Պողոսը տնովի` իրենց ծառաներով, կնոջ, որ Մարիամ կոչվեց, և որդու հետ բարձրացավ Մարուգեի վանքը, որ օրհնություն ստանան նրանից և եղբայրներից։ Եվ այն գիշեր մանկանը մահաբեր ցավ հանդիպեց, որ այն ժամանակ Հակոբի ցավ էր կոչվում։ Եվ Պողոսն իսկույն հրամայեց գրաստի վրա դնել այն ամենը, որ պատրաստել էին, և ասաց. «Դուք ճանապարհը գնացե՛ք, իսկ ես և կինն իմ կմնանք, որ տեսնենք, թե ինչ է լինում մեր որդու հետ»։ Եվ ծառաները կատարեցին նրա հրամանը։ Իսկ պատանու ցավն անընդհատ սաստկանում էր։ Եվ Պողոսն իր մտքում ասաց. «Սա դևերի մարտն ու հակառակությունն է, որ կամենում են մեզ խանգարել սրբի մոտ գնալ»։ Այնուհետև պատանուն վերցրեցին և դրեցին գրաստի վրա և իրենք, իրենց երիվարները հեծնելով, գնացին։ Իսկ երբ հայրը տեսավ, որ տղան մոտ է վախճանին, գոհացավ Աստծուց և ասաց. «Եթե մնա` Տիրոջինը կլինի, իսկ եթե մահանա` Տիրոջ համար կլինի»։ Եվ ծառաներին հրամայեց արագ գնալ, քանի դեռ մանուկը չէր մահացել։ Եվ երբ վանքի մոտ հասան, մոտեցավ մանկան կյանքից փոխվելու պահը։ Եվ ջուր խնդրեց, սակայն չկարողացավ ըմպել, որովհետև խիստ վնասվել էին կոկորդն ու փողերը, և նույն պահին ավանդեց հոգին։ Եվ ոմանք ասում էին, թե դա կախարդների արած գործն է, իսկ ոմանք պնդում էին, թե գիշերը գինի է խմել, և մեջն իժի թույն է եղել։ Այսպես, թե` այնպես է եղել, չգիտեմ` սատանայի գործն էր։ Եվ ծառաները կամենում էին շուտ քաղաք վերադառնալ, որ թաղեն մանկանը։ Իսկ նրա հայրն ասաց. «Քանի դեռ չեմ տեսել սուրբ Մարուգեին և եղբայրներին` չեմ վերադառնա»։ Եվ իջան Պողոսն ու իր կինը երիվարներից և ոտքով գնացին։ Եվ հրամայեց ծառաներից մեկին գրկել և բազուկների վրա պահել տղային։ Եվ տանելով` դրեցին սուրբ Մարուգեի առջևն ու ասացին. «Ահա արժանի չեղանք ձեզ մոտ ուրախությամբ գալու` մեր որդու հետ մեկտեղ։ Բայց այժմ նրան ձեր ձեռքն ենք հանձնում և գիտենք` այն ամենը, ինչ խնդրում եք Աստծուց` տալիս է ձեզ»։ Իսկ սուրբ Մարուգեն ոչ մի պատասխան չտվեց, քանի որ վշտացավ նոր հավատացածների համար, որովհետև դարձյալ տեղ եղավ չարի և այլազան հերձվածողների և անօրեն կախարդ Մարկիոնի համար։

Այնժամ սուրբ Մարուգեն [մարդ] ուղարկեց սուրբ Հակոբի մոտ, որ տղային բժշկելու համար իր վանքը գա, որովհետև Աստված նրան այդ հիվանդությունը բժշկելու շնորհ էր տվել։ Եվ երբ սուրբ Հակոբը լսեց երեխայի մասին, շտապ ելավ-գնաց։ Նրա հետ էին քաղաքի իշխան եպարքոսը, որ Պողոսի եղբայրն էր, նաև քաղաքի այլ մեծամեծներ, [որ գալիս էին] տղային հուղարկավորելու համար։ Եվ երբ եկավ սուրբ Հակոբը, հրամայեց հնչեցնել զանգերն ու ժողովել կրոնավորներին և իր սուրբ բազուկներին առնելով մանկանը, նրան դրեց բեմի աստիճաններին, իսկ ինքը խոնարհվելով ծնկի իջավ և աղոթելով ասում էր. «Տե՛ր Հիսուս, բարի բժիշկ և մեր հիվանդացած բնության ողջացնող։ [Դու], որ մեզ` մահվան մահիճն ընկածներիս, կանգնեցրիր գահավիժումից և խոստացար տալ անվախճան կյանք, [Դու], որ ձայն արձակեցիր Ղազարի գերեզմանի մոտ և մահվանը հրամայեցիր վերադարձնել մեռյալներից չորս օրվա մեռածին և կենդանացրեցիր նրան։ Այո՛, Տե՛ր, այսօր լսի՛ր Քո նվաստ ծառայի պաղատանքները և կենդանության բեր այս պատանուն, և այն, ինչ արեցիր Եղիսեի և Եղիայի միջոցով, այսօր շնորհի՛ր և մեզ, ոչ թե մեր արժանիքների համար, այլ Քո սուրբ անվան, որ փառավորվի, և Եկեղեցին Քո բարձրարարվի, և Քո սուրբ Խաչը քարոզությամբ պայծառանա բոլոր ազգերի, ցեղերի և լեզուների մեջ, որպեսզի բոլորը, որ մոլորվել ու սխալվել են, իմանան, որ Դու ես ճշմարիտ Աստվածը, որ սպանում և ապրեցնում ես, իջեցնում ես դժոխք և հանում այնտեղից։ Ապրեցրո՛ւ այսօր այս պատանուն և կեցություն տո՛ւր, Տե՛ր Աստված, լսի՛ր Քո ծառայի պաղատանքները»։

Եվ երբ ավարտեց աղոթքը` արցունքներ հոսեցին սրբի աչքերից, մինչև որ սուրբ սեղանի առաջ գետինը թրջվեց։ Եվ վերցրեց կավը, որ արցունքով թրջված [հողն] էր, դրեց պատանու պարանոցին, և մանուկը շարժեց կրծքին դրած ձեռքը։ Եվ սուրբ Հակոբը, պինդ բռնելով տղայի ձեռից, ասաց. «Հովհաննե՛ս, որդյա՛կ, ե՛կ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ոտքի ե՛լ»։ Եվ նույն պահին տղան աչքերը բացեց և տեսավ սրբին և ժողովրդին։ Եվ [սուրբը] նստեցրեց նրան աստիճանին և ինքը ուրախալից սրտով օրհնում էր Աստծուն ու գոհանում, փառավորում էր այդպիսի շնորհներ տվողին։ Իսկ եպարքոսն ու ամբողջ ժողովուրդը, երբ այս տեսան, մեծ ահի մեջ էին և պատկառում էին սրբի տեսքից, որովհետև ոչ թե իբրև մարդ էին տեսնում, այլ իբրև Աստծու հրեշտակ։ Եվ միաբան աղաղակեցին և ասացին. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ, [երկնայի՛ն] զորությունների Տեր, ամբողջ երկիրը լի է Քո փառքով»։ Եվ [սուրբը], բռնելով մանկան ձեռքից, նրան հորն ու մորը տվեց, իսկ նրանք աղաչում էին, որ տղային իր մոտ պահի։ Իսկ նա ասաց. «Պետք չէ տղային թողնել մոտս, որովհետև փոքր է։ Կուսուցանեմ նրան, երբ երիտասարդության տարիքի հասնի»։ Եվ այդ օրը մեծ տոն և ուրախություն եղավ, և օրն անցկացրեցին առանց որևէ բան ճաշակելու։ Իսկ հաջորդ օրը, եկեղեցի մտնելով, պատարագ մատուցեցին և բաժանեցին փրկական խորհուրդը։ Իսկ պատարագից հետո սուրբ Հակոբը հրամայեց միայն աղ և հաց ճաշակել, որովհետև նրանց մտքից դուրս չէր գալիս սքանչելիքը, որ տեսան։ Այնժամ Մարուգեի և եղբայրների կողմից օրհնվեցին Պողոսն ու իր կինը, և նրանց որդին, որին սուրբ Հակոբի միջոցով Տերը հարություն տվեց մեռյալներից։

Եվ ելնելով` սուրբ Հակոբը եպարքոսի և ժողովրդի հետ քաղաք գնաց։ Եվ սքանչելիքի և պատանու հարության մասին լուրը տարածվեց քաղաքի շուրջը եղած գավառների բոլոր կողմերում, և ովքեր դրսում առնում էին լուրը, օրհնություն էին մատուցում Աստծուն` այդպիսի շնորհներ տվողին։ Եվ երբ սուրբը մոտենում էր քաղաքին, միահամուռ նրա առաջ դուրս եկան տղամարդիկ և կանայք, ծերերն ու երեխաները, և հերթով, խումբ-խումբ գալիս էին նրա մոտ։ Եվ պես-պես ցավերով հիվանդացածները նրա ոտքն էին ընկնում, և նա բժշկում էր բոլորին։ Քանի՜ կիսանդամ ապաքինվեց, և քանի՜ ախտաժետ առողջացավ, որովհետև անմիջապես բժշկում էր։ Եվ որովհետև բոլորի անունները չգիտեմ, դրա համար ավելորդ համարեցի գրել ճառումս, և ոչ էլ մեկը մյուսի հետևից շարադրեցի հրաշքներն ու աննկարագրելի գործերը և խստամբերությունը Աստծու ընտրյալի։

Իսկ եպարքոսը Կոստանդիանոս բարեպաշտ թագավորին գրեց նշանների և սքանչելի գործերի, ինչպես և իր եղբորորդու հարության մասին, որ Քրիստոսի և Սուրբ Հոգու զորությամբ եղան սուրբ Հակոբի միջոցով։ Իսկ Կոստանդիանոս Մեծը վերցնելով ընթերցեց նամակը և գոհացավ Աստծուց և այսպես պատասխան գրեց եպարքոսին. «Կենդանի Աստծու ընտրյալ ծառաները երեքն են, որ մեր ժամանակներում փայլում են աշխարհում։ Եվ որպես հաստատության սյուներով, աշխարհը կանգուն է նրանցով։ Եվ որպես ջահ լուսավոր փայլեցին տիեզերքում և լուսավորեցին մարդկանց խավարած մտքերը։ Եվ սրբեցին որոմը, որ սերմանել էր չար մշակը, և ցանեցին բարի սերմը` Քրիստոսի վարդապետությունը։ Սրանք պանդուխտ են և աղքատ ու օտար` աշխարհին։ Եվ բազում պարգևներ ստացան. Անտոնը` Եգիպտացիների երկրում, Սեղբեստրոսը` Հռոմում և մեր երկրում, և Հակոբը` Մծբին քաղաքում, որ Միջագետքում է։ Նրանց հիշատակն օրհնությամբ լինի, և նրանց աղոթքը` բոլոր արարածների վրա։ Արդ աղաչում եմ նրանց և խնդրում, որ աղոթեն մեզ համար և խնդրեն Տիրոջից, որպեսզի Իր ողորմության հովանու ներքո պահի մեր թագավորության իշխանությունը, և վերջին օրերին, երբ Քրիստոսի ողորմությունը ծագի, մեզ արժանի անի նրանց հետ ամենասուրբ Երրորդությանը փառք մատուցելու»։

Եվ այս ամենից հետո սուրբ Հակոբը դուրս եկավ իր վիճակից, շրջում էր` տեսնելու քրիստոնեության տունկը և քարոզում էր արքայության Ավետարանը և հաստատում ճշմարիտ հավատքի մեջ։ Եվ մի աղբյուրի մոտ աղջիկների տեսավ, որ հանդերձներն էին լվանում։ Եվ երբ տեսան երանելիին, չպատկառեցին նրա երեսի փառքից և չծածկեցին իրենց սրունքներն ու գլուխները, այլ անամոթաբար նրա երեսին էին նայում։ Եվ սա լրբություն թվաց սրբին, և կամեցավ խրատել նրանց. անիծեց աղբյուրը, և [այն] անմիջապես ցամաքեց, և նրանց մազերը սպիտակեցրեց։ Եվ երբ աղբյուրը ցամաքած տեսան և իրենց մազերը` սպիտակած, սրբի հետևից գնալով` ոտքերն էին ընկնում և աղաչում վերադառնալ և աղբյուրից ջուր բխեցնել։ Եվ նա վերադարձավ, աղոթեց, և ջուրը բխեց ինչպես նախկինում։ Սակայն աղջիկների մազերը չսևացրեց, որ այդ տեսնելով` Աստծուն չմոռանան։

Եվ մի քաղաք գնալով` տեսավ, որ երկու եղբայրների գործով դատավորն անիրավությամբ է դատաստանն անում։ Եվ կամեցավ հանդիմանել նրա անիրավությունը. Անիծեց վեմը, որ դատավորի առջև էր, և [այն] անմիջապես ընկնելով` փշրվեց նրա առջև, և բոլորին, ովքեր այնտեղ էին, ահը պատեց։ Եվ դատավորը, այդ տեսնելով, արդար դատաստան արեց։ Եվ սրանով իր Տիրոջը նմանվեց սուրբ Հակոբը. մեր Տերը չանիծեց խաչ հանողներին, այլ թզենին անիծեց, որ թուզ չտա, և սրանով սովորեցրեց իր աշակերտներին։ Եվ սուրբ Հակոբը դրանով նմանվեց իր Տիրոջը. ոչ թե անիրավ դատավորին անիծեց, այլ վեմը փշրելով արդարության կողմը դարձրեց դատավորին։

Եվ այն օրից, ինչ կոչվեց եպիսկոպոսության, ո՛չ իր կերակուրը փոխեց, և ո՛չ հանդերձները. երկիրը փոխեց, բայց վարքը չփոխեց։

Եվ հետո մի քաղաք գնաց, ուր աղքատներ կային, և մեկին մեռած ձևացրեցին, և գալով աղաչեցին սրբին, որ իրենց մի բան տա, որ թաղեն։ Եվ ձեռքը նրա վրա դնելով` նրա համար մեղքերի թողություն խնդրեց։ Եվ երբ տեր Հակոբը մի քիչ հեռացավ նրանցից, ընկած ընկերոջը ձայն տվեցին և նրան մեռած տեսան։ Եվ գնացին սրբի ետևից և աղաչում էին նրան վերադարձնել ընկերոջ հոգին։ Եվ ասում էին. «Աղքատության պատճառով արեցինք, թողություն տուր մեզ»։ Իսկ նա վերադարձավ, աղոթեց և հարություն տվեց մեռյալին։ Այս սքանչելիքը նմանվեց Պետրոս առաքյալի արածին, որ եղավ Անանիայի և Սոփիայի հետ, երբ գողացան լումաները և ստեցին, և նրանց վրա եկավ մահվան պատիժը (Գործք Ե. 1)։ Նույնպես և երանելին` աղքատի պարագայում, որի ճշմարիտ կյանքը մահվան փոխեց։ Բայց երանելի Պետրոսին ազդ եղավ Սուրբ Հոգուց նրանց վրա մահվան վճիռ կայացնելու, իսկ այս երանելին չգիտեր աղքատների մտածածը։ Աղոթեց Աստծուն աղքատի մեղքերի քավության համար և չիմացավ նրա մեռնելը։ Իսկ Աստված սրբի աղոթքը արդյունավորեց` մահ բերելով ողջին և չմերժեց սրբի պաղատանքը։ Իսկ երանելի առաքյալը մահվան վճիռ կայացրեց նրանց վրա, որովհետև երկյուղածություն էր հարկավոր նրանց քարոզության սկզբում։ Եվ այս երանելին, նմանվելով իր Տիրոջը, նրան կյանքի մեջ փոխադրեց։

* * *

Այժմ գամ նրա այլ սքանչելի գործերին ու համառոտ ասեմ և պատմեմ։

[Այդ ժամանակներում հայտնվեց] հերձվածողների առաջնորդ Արիոսը, որ հայհոյության հայր եղավ և հայհոյեց Միածնին և Սուրբ Հոգուն և իր լեզուն սրեց Աստծուն անարգելու [համար] և պղտորեց Եգիպտոսը իր չար ու դառն վարդապետությամբ։

Իսկ Կոստանդիանոս թագավորը, թո՛ղ նրա հիշատակը օրհնությամբ լինի, Զորաբաբելի պես հավատացյալ էր, որովհետև այդ ժամանակ օտարությունից ետ դարձրեց գերյալ հավատացյալներին և կառուցեց տաճարը, որ այլազգիները քանդել էին։ Նա եպիսկոպոսներին հրամայեց հավաքվել և Նիկիա քաղաքում նախագահեց ժողովում, ուր հավաքվել էին երեք հարյուր տասնութ հայրապետները` Արիոսին կործանելու համար։ Նրանց մեջ էր նաև երանելի տեր Հակոբը։ Այնտեղ ժողովում ներկա էին նաև ոմանք, որ Արիոսի աղանդից էին, և այդ պատճառով Աքիլասը և Աղեքսանդրոսը աղաչում էին Արիոսի համար, որ կապանքներից ազատեն։ Եվ երանելի Հակոբն ասես ժողովի նավավարը լիներ։ Նա այլոց հետ որոշեց յոթ օր պահք պահել, որ Արիոսի վերաբերյալ որևէ նշան երևա։ Եվ կիրակի օրը պատարագ մատուցեցին, և մեծ նշան երևաց Աստծուց. Արիոսը տեղ էր ման գալիս, որ մարմնի կարիքները հոգա, և կեղտի հետ աղիքներն էլ վայր թափվեցին, և գարշելին մեռավ այդ գարշ տեղում, որովհետև երանելի հայրապետի խնդրանքն ազդեց։

Եվ բոլորը գնացին իրենց տեղերը։

Երբ սուրբ Հակոբը վերադարձավ ժողովից, տեսավ որ քրիստոնեության տունկն ավելացել է, որոշեց եկեղեցի կառուցել։ Եվ բարձրացավ սուրբ Մարուգեի մոտ` անապատ, և իրար ողջույն տվեցին։ Սուրբ Հակոբն ասաց. «Խորհել եմ եկեղեցի կառուցել, եթե Տերը կամենա։ Արդ, եկե՛ք իջնենք, որոշենք սրբության տեղը»։ Եվ սուրբ Մարուգեն ասաց. «Արժա՛ն է իջնել, որովհետև աշխարհի արարչության յոթներորդ դարաշրջանը մերձ է։ Ե՛կ, [դու] իջիր, և Տերը կառաքի Իր հրեշտակին և ցույց կտա քեզ տեղը, ուր պետք է կառուցել, որովհետև կուռքերի [պաշտամունքի] վայր է եղել, և անօրենության երգեր են լսվել։ Այժմ, այդ երգերի փոխարեն, աստվածային երգեր կերգվեն այնտեղ և նրանում կպատարագվեն մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը»։ Սուրբ Հակոբն ասաց. «Թո՛ղ ձեր աղոթքները մեզ վրա լինեն, որպես և ասացիք»,- և ելնելով` քաղաքն իջավ։ Եվ հավաքեց քաղաքի մեծամեծներին և գլխավորներին և ասաց նրանց. «Ո՞րտեղ կկամենայիք եկեղեցին կառուցել»։ Եվ նրանք երեք, թե չորս տեղ ցույց տվեցին։ Իսկ սուրբ Հակոբը մինչև գիշեր բան չասաց։ Եվ երբ գիշերվա երրորդ ժամն էր, ելավ, վերցրեց յուղի շիշն ու դուրս եկավ իր խրճիթից։ Եվ Տիրոջ հրեշտակը երևաց նրան և ողջունեց։ Եվ սուրբ Հակոբը հարցրեց նրան. «Ո՞վ ես դու»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Ես եմ, որ Տիրոջ կողմից առաքվեցի, որպեսզի ցույց տամ եկեղեցու տեղն ու չափը»։ Եվ երանելին չզարհուրեց հրեշտակի տեսքից, որովհետև բազմիցս ականատես էր եղել նման տեսիլների։ Եվ հրեշտակը նրա հետ գնաց մինչև այն վայրը, ուր Անտիոքի արքայի կուռքերի տեղն էր եղել։ Եվ [հրեշտակն] ասաց. «Սա է եկեղեցու տեղը»,- և ցույց տվեց սրբին [եկեղեցու] չափը։

* * *

Այն ժամանակ Երուսաղեմից եկավ սուրբ Մելես եպիսկոպոսը և տեսավ, որ սուրբ Հակոբն սկսել է եկեղեցի կառուցել, և ոչ սակավ բերկրանքով ուրախացավ [Մելեսը]։ Եվ վաճառականներից, որոնք իր երկրից էին, փոխ առավ երեք հարյուր դահեկան, որովհետև իր հետ ոչինչ չուներ, բացի գավազանից և Ավետարանից, և [փոխը] տվեց իբրև օգնություն եկեղեցուն։ Դրանից հետո բարձրացավ սուրբ Մարուգեի մոտ, որ նրան ողջունի և վերադառնա իր աթոռը։ Եվ երբ սուրբը գնաց, հավաքվեց ողջ եղբայրությունը և ողջունեց նրան։ Եվ երբ ողջունեցին իրար, սուրբ Մարուգեն ասաց. «Ո՜վ այրդ Աստծու, որ երբեք երեսպաշտ չես եղել։ Ահա դու կգնաս Արևելյան երկիրը և այնտեղ կհանդիմանես Փիլիպպոսին, որ պատրիարք է նստել։ Եվ որովհետև չի ընդունի քո խրատը, կնզովես նրան չարաչար, և կգոսանա նրա մի կողմը»։ Այնժամ պատասխանեց նրան սուրբ Մելես եպիսկոպոսը և ասաց նրան. «Ողջունում եմ քեզ, [ո՜վ] ծեր սքանչելագործ, որ տեսել ես անիծյալ օձին և նրա ծնունդ[ներին] և նրա սատակումն ու կորուստը նրանից ծնվածների»։ Իսկ Մարուգեն ասաց. «Ո՞րտեղից իմացար, եղբա՛յր, որ տեսել եմ այդ բաները»։ Եվ սուրբ Մելեսն ասաց. «Նա, ով իմը հայտնեց քեզ, քոնը ինձ հայտնեց»։ Սուրբ Մարուգեն ասաց. «Երանելի՜ ես, եղբա՛յր իմ Մելես։ Մերձ է քո մարտիրոսության ժամանակը։ Եվ Պողոսի նման, որ անօրեն Ներոնի ձեռքով նահատակվեց, դու ևս կհանդիմանես անօրեններին և կվկայես քո Տիրոջ համար և կստանաս փառքերի պսակը»։ Եվ [սուրբը] մեզ հետ մնաց երկու օր, իսկ հետո բոլոր եղբայրներին հրաժեշտ տվեց, և վանքից դուրս ճանապարհեցինք նրան։ Եվ ասաց մեզ. «Աղոթեցե՛ք, որ արժանի լինենք իրար տեսնելու Տիրոջ առջև, որովհետև այս կյանքում այլևս վիճակված չէ միմյանց տեսնել»։

Եվ երբ Մելեսն իջավ արևելքի (բն. Արեմացոց) քաղաքը, այնտեղ ինչ-որ բանի համար հանդիմանեց Փիլիպպոսին, որովհետև [վերջինս] բարությամբ չէր առաջնորդվում։ Եվ [երբ խոսեցին], Փիլիպպոսն ասաց նրան. «Ո՞րտեղից ես այդ ամենն ասում»։ Սուրբ Մելեսն ասաց. «Ընթերցի՛ր սուրբ Ավետարանը, և նա կսովորեցնի քեզ»։ Եվ Փիլիպպոսը, ավետարանը ձեռքը վերցնելով, խիզախելով ասաց. «Խոսի՛ր, ավետարա՛ն, խոսի՛ր»։ Այնժամ սուրբ Մելեսը, սաստելով նրան, ասաց. «Ո՛վ դու այր, քո Տիրոջն ես անարգում»։ Եվ նզովեց Փիլիպպոսին, և չորացավ նրա աջ ձեռքը աջ կողմով հանդերձ, և ինչպես մարգարեի խոսքն է ասում. «Եվ այլևս բժշկություն չընդունեց»։ Եվ սուրբ Մելեսը ելավ, գնաց իր երկիրը։ Եվ շատերն էին աշակերտում նրան, և նրա միջոցով Տերը բազում բժշկություններ էր անում։ Եվ երբ նա իր աթոռը հասավ, նրանից չարախոսեցին իշխանի առջև և ասացին. «Ահա սա մկրտեց մեր ողջ երկիրը»։ Այնժամ իշխանը հրամայեց ձեռքերն ու ոտքերը կապած նրան բերել իր և հրապարակի [ժողովրդի] առջև։ Երբ երանելիին կանգնեցրին դատավորի առջև, սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Ահա այս կախարդն է իր հավատով մկրտում մեր ուստրերին և դուստրերին»։ Դատավորը հարցրեց նրան. «Ո՞ւմ հրամանով ես դու մկրտում հրեաներին և մոգերին»։ Երանելին ասաց նրան. «Մենք ոչ մեկին չենք ստիպում, այլ Քրիստոսի վարդապետությունն ենք քարոզում, իսկ նրանք իրենց կամքով մկրտվում են»։ Երբ իշխանն այս լսեց, չկարողացավ համբերել, լի ցասմամբ լցվեց և զայրացած ու կատաղած ոտքի ելավ և սուրը հանելով` զարկեց ու հանեց թիկունքից, և սուրը դուրս եկավ նրա աջ կողմից։ Նույն պահին ոտքի ելավ նաև իշխանի եղբայրը ու գազանաբար հարձակվեց և ձախ կողմից խոցելով` սուրը հանեց թիկունքից և դուրս քաշեց։ Եվ ասաց սուրբ Մելեսը. «Իրար ձեռքից եք սատկելու [օրվա] նույն պահին, երբ ինձ սպանեցիք»։ Եվ եղավ` որպես երանելին ասել էր։ Հաջորդ օրը երկուսը երիվար նստեցին` որևէ բան որսալու։ Եվ ահա մի այծյամ երևաց նրանց։ Եվ մեկն այծյամի աջ կողմից ընթացավ, իսկ մյուսը` ձախ. և իրար դիմաց էին։ Եվ լարելով իրենց աղեղները` նետերն արձակեցին, սակայն այծյամը չվնասվեց, [մինչդեռ] նրանք իրար նետահարելով սատկեցին և ընկնելով երիվարներից` չարաչար մեռան։ Եվ նրանց նկատմամբ կատարվեց մարգարեի խոսքը, որ ասում է. «Նրանց սրերը կմտնեն նրանց սրտերը, և կփշրվեն նրանց աղեղները» (Սաղմ. ԼԶ. 15)։ Եվ սուրբ Մելեսին մեծ պատվով թաղեցին, և սուրբ Մարուգեի խոսքի համաձայն, որ նախապես մարգարեացել էր, ի Տեր մեր Հիսուս Քրիստոս ընդունեց անթառամ փառքի պսակը։ Թո՛ղ նրանց հիշատակը օրհնությամբ լինի, և նրանց աղոթքը միշտ լինի բոլոր հավատացյալների վրա։

* * *

Արժան է մեզ չծուլանալ և պատմել սուրբ Հակոբի մյուս գործերն ու սքանչելիքները։

Այդ ժամանակ սուրբ Հակոբը մտադրվել էր գնալ այնտեղ, ուր իջել էր տապանը, դեպի լյառն Արարատ։ Մշտապես աղոթում էր և խնդրում Տիրոջից, որ իրեն ցույց տա [տեղը] տապանի, որով եղավ նորոգումը երկրի վրա։ Եվ գնաց սուրբ Մարուգեի մոտ, որ համոզի իր հետ գնալ։ Սակայն նա հանձն չէր առնում, Հակոբին ասելով իր ծերության և մարմնի անկարության մասին։ Եվ ասաց սուրբ Հակոբին. «Չկասեցնե՛ս մտածածդ և չծուլանա՛ս. կկատարվի ինչ որ կամենում ես։ Տերը քեզ մոտ կուղարկի Իր հրեշտակին, և նա ցույց կտա քեզ ինչ որ Տիրոջ կամքն է. հրեշտակն իր ձեռքը կտանի երկրի ծոցը և քո գործի համար այնտեղից մի փայտ կհանի»։ Եվ սուրբ Հակոբն անհապաղ ձեռնարկեց իր ճանապարհորդությունը դեպի լեռը։ Եվ երբ հասավ լեռան ստորոտին, Տիրոջ հրեշտակն սկսեց առաջնորդել նրան։ Եվ որոշ օրեր սուրբն անցկացրեց աղոթքներով և ննջեց։ Եվ Տիրոջ հրեշտակը տախտակի մի կտոր վերցնելով բերեց-դրեց սրբի գլխի տակ և ասաց տեսիլի մեջ. «Պետք չէ, որ որևէ մեկը տեսնի տապանը։ Համաձայն քո փափագի վերցրո՛ւ տախտակը և գնա՛ քո տունը»։ Եվ երբ [երանելին] քնից զարթնեց, մեծ ուրախությամբ վերցրեց տախտակը և գոհացավ Աստծուց։ Եվ ճանապարհ բռնեց դեպի տուն։ Եվ եկավ սուրբ Մարուգեի մոտ` անձավն, ուր բնակվում էր։ Եվ պատմեց նրան լեռան մասին, ուր տապանն էր։ Եվ [Մարուգեն] փայտը ձեռքն առնելով` համբուրում էր և օրհնում Աստծուն և Հակոբի երկայնամտությունը։ Եվ ասաց. «Սա մեզ արեց իբրև քարոզ, որ տեսնեն և հեռանան իրենց չարիքներից»։ Իսկ սուրբ Հակոբը, տախտակը վերցնելով, գնաց քաղաքն իր, վանք կառուցեց և փայտն այնտեղ դրեց։

* * *

Այդ ժամանակներում մեծ և հրաշալի Կոստանդիանոսը հեռացավ աշխարհից, և թագավորության աթոռին նրան հաջորդեցին իր որդիները։ Իսկ Պարսից Շապուհ արքան արհամարհեց թագավորի որդիներին, ասելով. «Նրանք չեն կարող լինել ինչպես իրենց հայրն էր»։ Եվ ելնելով` անթիվ [հեծյալ] զորքով և հետևակով ու բազում փղերով եկավ Միջագետքի երկիրը, Մծբին քաղաք` պատերազմելու։ Եվ իր զորքը չորս [մասի] բաժանեց և շրջապատեց քաղաքը։ Եվ բազմահնար խորամանկություններով ջանում էր քաղաքն ավարի առնել, իսկ բնակիչներին սրի ճարակ դարձնել և գերեվարել մանուկներին ու կանանց։ [Նա] մի աշտարակ կառուցեց և վրան բարձրացրեց աղեղնավորների և վահանավորների։ Եվ բազում նետեր էին արձակում քաղաքի վրա և վիրավորում մարդկանց։ Սակայն Շապուհը չկարողացավ [քաղաքը գրավելու] հնար գտնել, որովհետև ինչ [խորամանկություն] մտածում էր, սուրբ Հակոբի շնորհով բացահայտվում էին Շապուհի խորհածները։ Շապուհը նորից ու նորից հնար էր փնտրում, թե ինչպես կարող է գրավել քաղաքը։ Եվ հրաման տվեց իր զորքերին, որ փակեն գետի հունը և հոսեցնեն պարիսպների տակով։ Եվ արեցին որպես հրամայեց։ Եվ ջուրը քաղաքի պարիսպների տակ հոսելով` սկսեց խարխլել պարսպի հիմքերը, և տեղ-տեղ պարսպի հատվածները փլվեցին։ Եվ պարսկական զորքն սկսեց աղմկել թե` «Հաղթեցինք»։ Եվ քաղաքի բնակչությունը մեծ վտանգի և տարակուսության մեջ էր։ Իսկ սուրբ Հակոբը, երբ տեսավ Շապուհի և նրա զորքի հանդգնությունը, անկարող էր համբերել։ Սկսեց աղոթել առ Աստված և հնար էր խնդրում, որ կարողանան փրկվել անօրենների ձեռքից։ Եվ Աստված լսեց նրա աղաչանքները։ Իսկ երանելի Հակոբը նզովեց Շապուհին և նրա զորքը։ Եվ հանկարծակի նրանց վրա եկան չվող մորեխներն ու մոծակները, իշամեղուներն ու մժեղները։ Հակոբն աղոթեց, և Աստված լսեց նրան որպես Մովսեսին։ Եվ պարսիկների երիվարներն ու փղերը մոծակների և կրետների բազմության պատճառով չէին կարողանում տեղում կանգնած մնալ, այնքան որ երիվարներից շատերը սատկեցին, իսկ մյուսները, սանձերից ազատ վելով, այս ու այն կողմ էին փախչում։ Եվ աստվածառաք հարվածներից մեծ վտանգի մեջ էր պարսից բանակը։ Այդ ժամանակ այրն Աստծու Հակոբը դուրս էր եկել և շրջում էր պարիսպների վրա, և գալով Շապուհին հանդիման` նստեց։ Եվ վերցրել էր փայտը, [որ հրեշտակն էր դրել] իր գլխի տակ։ Եվ նա Շապուհին երևաց իբրև մի թագավոր, որ ծիրանի է հագել։ Իսկ նրա շուրջը, իբրև մարդկանց զորք, հրեշտակների զորքերն էին երևում։ Եվ երբ Շապուհ արքան տեսավ, նրա հոգին խիստ խռովվեց, երկյուղի և դողի մեջ ընկավ։ Վրդովվեց և բարկությամբ հրամայեց մոտը կանչել նրանց, որ իրեն խորհուրդ էին տվել արշավել։ Նրանց վրա մահվան վճիռ կայացրեց, իսկ ինքը զորքով հանդերձ թողեց-գնաց իր երկիրը։

Եվ այս սքանչելիքը Աստված ցույց տվեց Երկրորդ Եզեկիայի միջոցով, որովհետև ինչպես վերջինս իր աղոթքներով Երուսաղեմը փրկեց Ասորեստանի թագավորի ձեռքից, նույն կերպ և սուրբ Հակոբն իր աղոթքներով փրկեց քաղաքը Պարսից արքայից։ Եվ ես կասեմ` ավելին էր, քան Եզեկիան, որովհետև ամբարիշտն ու բռնակալը, որ ամբարտավանությամբ գոռոզացել էր, իր բազմահնար մեքենայություններով չկարողացավ հաղթել, [կամ] կործանել պարիսպը։ [Սքանչելիքը] զարմանալի էր նաև նրանով, որ սուրբ Հակոբի անեծքն անհապաղ կատարվեց։ Եվ Հակոբը չխնդրեց զորքի վրա հուր թափել, որպես Եղիասն էր [խնդրել], որովհետև լսել էր Տիրոջ խոսքը, որ ասել էր Հակոբոսին և Հովհաննեսին, երբ նրանք նույնպես խնդրել էին հուր թափել. «Չգիտեք ի՛նչ հոգուց եք դուք» (Ղուկ. Թ. 55),- որի համար Տերը չոչնչացրեց անօրենների բանակը, այլ նրանց անզոր ճանճերով խոցոտեց և փախուստի մատնեց։

* * *

Իսկ Մանաճիհր Ռշտունին Մծբինի շուրջ եղած գյուղերից [բազում] գերիներ վերցրեց, [որոնց թվում] երեցներ և սարկավագներ կային։ Եվ նրանց տարավ Ռշտունիների սահմանի մոտ գտնվող բերդը, որ Մանազկերտ է կոչվում։ Եվ սուրբը ելավ-գնաց Ռշտունիների իշխան Մանաճիհրի ետևից և պահանջում էր երեցներին ու սարկավագներին, ինչպես և մյուսներին։ Իսկ Մանաճիհրը հանձն չէր առնում կատարել սրբի խնդրածը, այլ իր ամենաչար բնավորության համաձայն` արդարության թշնամին և պիղծը հրաման տվեց իր զորքերին ջրապտույտի վայրում ծովահեղձ անել երեցներին և սարկավագներին։ Իսկ սուրբ Հակոբը, տեսնելով չարի գործերը, խռովվեց և ցասումով լի` ելավ տրտմությամբ գնաց Մանաճիհրի երկրից և եկավ հասավ Աղձնյաց գավառի մոտ` Երկաթահատների ձորը և այնտեղ հանգստացավ։ Եվ սուրբը ծարավեց, որովհետև ամառ էր, և արևն իր տապով կիզում էր ամեն բան։ Եվ երանելին ջուր բխեցրեց, որ զովանան ինքն ու իր հետինները։ Եվ եկավ մի բարձրավանդակ տեղ և տեսավ Ռշտունյաց երկիրը և ջրահեղձ արված մարդկանց համար անիծեց Մանաճիհրին, նրա երկիրն ու նրա զորքերը։ Եվ ինքը վերադարձավ, գնաց իր երկիրն ու այնտեղ մնաց։ Եվ բազում դժվարություններ ու նեղություններ կրեց տեր Հակոբը և բազում հրաշքներ գործեց և այսպես անցկացրեց կյանքի բոլոր օրերը և սակավ օրեր անց ննջեց և փոխադրվեց այս աշխարհից դեպի հանդերձյալը, դեպի փափագելի օթևանները։

Եվ Հակոբի մահվանից հետո Մծբինից պակասեցին Հռովմայեցիների զորքերը, և Պարսից արքան գալով գրավեց` ոչ թե կռվով, այլ սիրաշահելով։ Իսկ Ռշտունյաց երկիրը, որն անիծել էր սուրբը, մեծ հարվածներ ստացավ Տիրոջից, և երկիրը կիսվելով պատռվում էր` մարդկանց կարիքների և անասունների համար դալար բույսեր չբուսեցնելով, և այգեստանների տունկերը խաղողի փոխարեն փուշ էին պտղաբերում։

Դրանից հետո Սուրբ Հոգին ազդարարեց խարազանազգեստներին, որ Ռշտունյաց երկիրն օրհնելու հնար չի լինի, մինչև չգնան-չբերեն սուրբ Հակոբի նշխարներից մի մաս։ Եվ նրանք գալով պատմեցին մեզ, ինչ որ եղել էր իրենց երկրում, և նրանց հետ կատարված դեպքերի համար մենք ողորմություն արեցինք։ Եվ նշխարներից մի մաս վերցնելով` տվեցինք նրանց, իսկ նրանք վերցնելով մեծ ուրախությամբ գնացին իրենց երկիրը, այն տեղը, որ մերձ է Աղձնյաց աշխարհին։ Եվ այնտեղ են պահվում սրբի մասունքները մինչև այսօր, և նրա միջոցով բազում բժշկություններ են լինում ի փառս Աստծու։

Այս պատմեցի Աստծու այր սուրբ Հակոբի մասին, ինչպես և գրեցի սուրբ Մարուգեի և Մելես եպիսկոպոսի մասին, որ նրանց աղոթքներն ու օրհնությունը մեզ օգնության հասնեն։

Ավարտվեց Աստծու այր, Մծբինի սուրբ Հակոբ հայրապետի կյանքի և սքանչելագործությունների [պատմությունը], ու նրա հետ նաև խարազանազգեստ կրոնավոր սուրբ հայր Մարուգեինը և Պարսից եպիսկոպոս սուրբ Մելեսինը. ի փառս Աստծու. հավիտյանս հավիտենից. ամեն։

« Սուրբ Մովկիմոս քահանայի վկայաբանությունը   |   Սուրբ Հակովիկի վկայաբանությունը »
© Gratun.org