Gratun
« Վարք Սրբոց, Հատոր Գ
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Սուրբ Հակովիկի վկայաբանությունը

Պարսից Հազկերտ արքայի որդի Վռամի [իշխանության] երկրորդ տարում Հակովիկ անունով մի աստվածապաշտ մարդ երևաց։ Նա թագավորական ազգից էր, Բեթլապատ քաղաքից և ինքն ու իր կինը Քրիստոսի երկյուղած էին, ըստ իրենց ծնողների` առ Քրիստոս ջերմեռանդ հավատի։ Եվ հույժ երևելի էր արքունի դռանը և վայելում էր Վռամ արքայի վստահությունը։ Նաև Վռամի հայր` Պարսից Հազկերտ արքայի օրերում էր թագավորի կողմից պարգևների և պատվի արժանացել, այն սիրո [և հարգանքի] համար, որ կար իր հանդեպ։ Եվ թագավորը բազում անգամներ կամենում էր Հակովիկին ետ դարձնել սուրբ Երրորդությունից և ջանում էր հեռացնել քրիստոնեական հավատքից, որ Հակովիկն իր ծնողներից էր ստացել։ Եվ [վերջինս] հնազանդվեց ու ընդունեց թագավորի կամքը, մինչև որ մոռացավ իր ունեցած սուրբ հավատը։

Եվ այս իմացան նրա աստվածասեր մայրն ու քրիստոսասեր կինը, թե, թագավորի անհաճո կամքից դրդված, հեռացել է իր ունեցած ճշմարիտ հավատից և առժամանակյա կյանքն ավելի է սիրել, քան հավիտենականը, որովհետև արքունիքում էր։ Եվ երանելի մայրն ու քրիստոսասեր կինը մի նամակ ուղարկեցին նրան, որ այս օրինակով էր. «Լսել եմ, թե դու առժամանակյա կյանքի, մարդկանց բարեհաճությունը շահելու և մահկանացու թագավորի անցավոր պարգևների համար ետ ես դարձել և ուրացել ես մեկ Աստծուն, որ ճշմարիտ Աստված կենդանի Բանն է կենդանի Աստծուց։ Այժմ ո՞ւր է քո թագավորը, որի կամքը կատարեցիր։ Արդյոք իբրև մեկը մեռյալներից գերեզման չի դրվելու, դատապարտված լինելով հավիտենական տանջանքների։ Ո՛չ նրա պարգևները կարող են օգնել քեզ, և ո՛չ նրա պատիվները կարող են փրկել քեզ անշեջ հրից։ Արդ այսուհետ իմացած լինես, որ եթե չդառնաս մոլորությունիցդ, որում կաս և չմոռանաս Մազդեզանց անիրավ օրենքները և չվերադառնաս ճշմարիտ Աստծուն և Նրա Միածին Որդուն և համագոյ Սուրբ Հոգուն, դատաստան կա և կլինի քո սիրելի թագավորին և հասնելու է նաև քեզ` նրա գործակցին։ Իսկ մենք այսուհետ օտարացել ենք քեզնից, և սիրո ու գործակցության մասնիկ անգամ այլևս չունես մեզ հետ»։

Եվ երբ երանելի Հակովիկն ընդունեց այս նամակը, մեծ զղջում ընկավ նրա սիրտը և իր անձը լալով` մտածեց. «Եթե մայրս և կինս, որ այս աշխարհում են, ճշմարտությամբ երդվեցին և երես թեքեցին ինձնից, որովհետև ետ կանգնեցի ի Քրիստոս եղած սուրբ հավատքից և ճշմարտությանը ստեցի, առավել ևս Աստված երես կդարձնի ինձնից վերջին օրը և այն աշխարհում վրեժխնդրությամբ կհատուցի ինձ»։ Եվ նույն պահին ելնելով, նամակը ձեռքը բռնած` գնաց իր տունը։ Եվ վերցնելով` եկեղեցական գրքերն էր ընթերցում և սուրբ Գրքերի խոսքով էր մխիթարում անձն իր։ Եվ հավիտյանի հույսով հաստատեց սիրտն իր։ Եվ զարհուրումից նրա դեմքը շքեղացավ, և նրա մեռելությունը կենդանության փոխվեց։

Այնուհետև սկսեց կռվել ինքն իր հետ և այսպես էր ասում. «Ո՛վ ողորմելի անձ. մայրն իմ, որ ծնեց ինձ, այսպես սգում է իմ կորուստը, և կինն իմ ամոթահար է և գլխիկոր այս աշխարհի իմ անարգանքից։ Եվ իմ բոլոր սիրելիներն ու ծանոթները հրաժարվեցին ինձնից հետս կատարվածի համար։ Եվ այն օրը, երբ բոլոր աստվածապաշտներին խնդություն լինի և արդարներն ըստ իրենց վաստակի հատուցում ստանան, իսկ ուրացողները` հավիտենական տանջանք, ո՞ր մասում կլինեմ ես, որ ճշմարտությունը ստության հետ փոխեցի։ Բայց այժմ գիտեմ` ո՛ր ուղին ընտրեմ անձիս համար, որպեսզի չկորչեմ։ Եվ ո՛ր դռնից դուրս եկա, այն դուռը կբախեմ, որովհետև գիտեմ, որ Տերը բարերար է և նույն պահին կբանա ինձ համար և ներս կթողնի ինձ»։

Եվ մինչ նա մտքերի մեջ էր, ուրացողներից ոմանք այնտեղ լսեցին նրա խոսքերը և տեսան, որ քրիստոնյաների գրքերն է կարդում, և մերձավորների միջոցով անմիջապես այս ամենը զեկուցեցին թագավորին։ Եվ երբ թագավորը լսեց Քրիստոսի նահատակի մասին, նույն պահին հրամայեց իր առջև բերել [նրան]։ Երբ երանելի Հակովիկը մտավ նրա մոտ, թագավորն ասաց նրան. «Քրիստոնյա՞ ես, Հակովի՛կ»։ Սուրբ Հակովիկն ասաց. «Այո՛»։ Թագավորը հարցրեց. «Մոգ չէի՞ր»։ Երանելի Հակովիկն ասաց. «Ո՛չ»։ Թագավորը հարցրեց. «Առաջներում իմ հորից մոգությանդ համար պարգևներ և պատիվներ չստացա՞ր»։ Սուրբ Հակովիկն ասաց. «Այժմ ո՞ւր է քո հայրը, որից պատվվեցի»։ Սրանից հույժ բարկացավ թագավորը և խորհում էր զանազան տանջանքներով չարչարել նրան։ Թագավորը կրկնելով ասաց նրան. «Մի՛ կարծիր, թե հեշտ մահով կկորցնեմ քեզ, եթե չդառնաս ճանապարհից, որի վրա ես»։

Նայեց նրա վրա երանելի Հակովիկը և ասաց. «Տե՛ր իմ արքա, զուր ժամանակ մի՛ կորցրու` բազում խոսքերով, առանց գործի ինձ վախեցնելու համար, որովհետև ասածներդ մտքումս չեն մնում, այլ ինչպես հողմն է խփվում հաստատուն վեմին, նույն կերպ և քո խոսքերն են իմ ականջին»։ Թագավորն ասաց նրան. «Իմ հոր օրերում քո նմանները դարձյալ այդպես հաստատուն էին և դառն մահվամբ կործանվեցին, որովհետև չկամեցան ունկնդիր լինել թագավորական կամքին»։ Սուրբ Հակովիկն ասաց. «Ամեն ժամ այս աղոթքն եմ մատուցում Աստծուն, որ արժանի լինեմ նրաց պես մահանալու, և վախճանն իմ նրանց վախճանի պես լինի»։ Թագավորն ասաց նրան. «Մի՛ մնա հիմարությանդ մեջ և մի՛ հակառակվիր իմ թագավորությանը, որ չմահանաս»։ Սուրբ Հակովիկն ասաց. «Այս մահ համարվածը մահ չէ, այլ քուն է, որ ասես մեկը քնում, իսկ հետո ելնում է»։ Թագավորն ասաց նրան. «Թո՛ղ չմոլորեցնեն քեզ քրիստոնյաները, որ մահը քուն են կոչում։ Եթե չես երկյուղում` ահա թագավորներն ու բռնակալները, որ երկյուղում են մահվանից»։ Երանելի Հակովիկն ասաց նրան. «Բոլոր թագավորներն ու բռնակալները իրապես երկնչում են մահվանից, որովհետև ա՛յն գործեցին, ինչ Աստված չէր հրամայել նրանց, որովհետև գրված է. «Մեռավ ամբարիշտը և կորավ նրա հույսը»։ Եվ դարձյալ ասում է. «Ամբարիշտների հույսը կմարի»։ Թագավորն ասաց նրան. «Հեթանո՞ս եք համարում մեզ, ո՛վ քրիստոնյաներ, և մոլորյա՞լ. որովհետև չգիտեք աստվածներին և արեգակին չեք երկրպագում, ինչպես և լուսնին, կրակին և ջրին, որ Աստծու որդիներն են»։

Իսկ երանելի Հակովիկն ասաց. «Քեզ չեմ մեղադրում, ո՛վ արքա, որովհետև գրված է մեր մասին և նրանց մասին, ովքեր արժանի եղան այս պատերազմի մեջ մտնելու. «Կգա ժամանակ, երբ ամենքը, որ սպանում են ձեզ, կհամարեն, թե ծառայում են Աստծուն» (Հովհ. ԺԶ. 2)։ Սակայն գիտեցե՛ք, որ ձեր մոլորության մեջ կարծում եք, թե միայն դուք գիտեք Աստծուն և արարողի փոխարեն արարվածներին եք երկրպագում` խուլերին և կույրերին, և նրանց, որ Աստված չեն, Աստված եք կոչում և բարկացնում եք Նրան, որ ձեզ թագավորություն տվեց, և սիրելի եք նրանց, որ ո՛չ բարի բան կարող են անել և ո՛չ չար»։

Այնժամ թագավորը բարկությամբ և ցասումով լցվեց, ասես հրով բոցավառվեց և հրամայեց կանչել իր բոլոր իմաստուններին և խորհրդականներին, որ մտածեն նրա մահվան դատավճիռը` նրա համառությանը համապատասխան, քանի որ չկամեցավ ընդունել թագավորի հրամանը։ Եվ թագավորի խորհրդականները, մոգերի հետ մեկտեղ, խորհրդի նստեցին, թե ինչպիսի դառն մահով է հարկավոր սպանել վկային։ Եվ նրանցից չարախորհուրդ և անօրեն մեկը այս սովորեցրեց նրանց և ասաց. «Պետք չէ այսպիսիին սպանել մեկ, երկու, երեք կամ հինգ հարվածով, այլ պետք է ամուր կապել ձեռքերից ու ոտքերից և հատ-հատ կտրել նրա ձեռքերի տասն մատները, [իսկ ապա] ոտքերի մատները հատ-հատ։ [Եվ պետք է] հատ-հատ արմունկներից [կտրել] ձեռքերի դաստակները, ապա` ուսերից թիակները, ծնկներից` ոտքերը, [ապա] նրա բարձերը և այս ամենից հետո միայն հատել գլուխը»։

Եվ երբ ելավ հրամանն այս, սուրբ Հակովիկին կատաղաբար քարշ տվեցին և տարան տանջանքների տեղը, ուր պիտի վկայեր։ Եվ նույն ժամանակ, երբ ամբողջ քաղաքը լսեց թագավորի հրամանը, բոլորը զորականների հետ գնացին երանելիի հետևից` այնտեղ, ուր ընդունելու էր պսակը։ Իսկ հավատացյալներից շատերը, երբ լսեցին երանելիի դատավճիռը երեսնիվայր ընկան և արտասվախառն աղաչում էին Աստծուն և ասում. «Օրհնյա՜լ ես, Աստվա՛ծ և Տե՛ր զորությունների, որ համբերություն ես տալիս Քեզ հուսացողներին և զորացնում տկարներին, որ եկար փրկելու կորուսյալներին։ Քո մեծ ողորմությանը համեմատ` զորացրո՛ւ, Տե՛ր, Քո Հակովիկ ծառային, որպեսզի պատերազմից հաղթող դուրս գա, որովհետև Քեզ` բարերարիդ, հաղթություն է վայել, որովհետև Դու ես առաջնորդը բոլոր հաղթանակների, Քրիստո՛ս, Աստծու Որդի, համայն աշխարհի փրկիչ»։

Եվ երբ սուրբը մոտեցավ, որ բարձրանա տանջանքների տեղը, սպանողներից խնդրեց, որ թողնեն մեկ ժամ գոհանա Քրիստոսից, հանուն որի չարչարվելու էր։ Եվ շուռ եկավ արևելյան կողմն ու ծնկի իջավ և սիրտն ուղղեց դեպի երկինք, դեպի բարձունքները, դեպի Տեր Աստվածն իր, որ բնակվում է երկնքում, և իր աղոթքում այսպես ասաց. «Լսի՛ր, Տե՛ր, Քո Հակովիկ ծառայի աղոթքները և փրկի՛ր Քո աղախնի որդուն, որ գոչում եմ առ Քեզ այս ժամին, և վրաս բարության նշան կատարիր, որ Քո անվան սիրելիներին բարի օրինակ լինեմ. և՛ նրանց, որ հալածվեցին, և՛ նրանց, որ հալածվելու են Քո սուրբ անվան համար, որպեսզի Քո մեծ զորությամբ հաղթեմ դառն մահվանը և անկեղծելի պսակն ընդունեմ Քո վկաների հետ, որպեսզի տեսնեն ատելիներն իմ և ամաչեն, որ Դու` Տե՛ր, օգնեցիր և մխիթարեցիր ինձ» (Սաղմ. ՁԵ. 17)։ Այդ ժամանակ մոտենալով` նրան դաժանորեն պինդ կապեցին չորս կողմից` ձեռքերից ու ոտքերից, և դահիճներն սկսեցին ասել նրան. «Տե՛ս, թե ինչ ես անում, որովհետև հասել է քո ողջ մարմինը կտրատելու հրահանգը, որպես եղավ հրամանը թագավորի»։ Եվ դարձյալ ասացին. «Տե՛ս և մտքումդ խորհի՛ր և ընտրի՛ր կյանքը, ոչ թե մահը, որովհետև կարող ես մի խոսքով ապրել և փրկվել տանջանքներից, որ սպասում են քեզ։ Իսկ եթե մնաս նույն համառությանը` կկրես այդ բոլոր ահավոր և դառն տանջանքները»։

Եվ հեթանոսներից շատերն այնտեղ լալիս էին այն օրը` ափսոսալով նրա պայծառ կերպարանքն ու շքեղությունը հասակի, որ պատվական էր, և ամենքն ասես միաբերան ասացին նրան. «Զուր մի՛ կործանիր քո վայելչությունը, այլ կատարի՛ր թագավորի կամքն ու կապրես, իսկ դրանից հետո` արա՛ ինչ դու ես կամենում»։ Երանելին բացեց բերանն ու ասաց նրանց. «Վրաս լաց մի՛ եղեք, այլ ձեր անձերի վրա լացեցե՛ք, որովհետև մի չնչին պահ վայելում եք աշխարհի փափկությունը, իսկ դրանից հետո ընդունելու եք հավիտենական տանջանքները, և ոչ միայն դուք, այլ նաև խավարյալ դևերը, որոնց երկրպագում էք։ Իսկ ես մահանում եմ հուսացյալ ի Քրիստոս, որ հավիտենական կյանքը կժառանգեմ, և մարմնիս անդամների կտրատման դիմաց վարձ կտրվի իմ Տիրոջից, որովհետև ամեն ոք ըստ իր վաստակի է իր Աստծուց հատուցում առնելու»։

Դահճապետն ասաց թագավորի հավատարիմ [իշխանին], որն ստացել էր սրբին սպանելու հրամանը. «Ի՞նչ ես հապաղում, շտապի՛ր կատարել, ինչ որ հրամայել է թագավորը»։ Եվ դրանից հետո սկսեցին կտրել սրբի ձեռքերի մատները։ Եվ երբ կտրեցին նրա աջ ձեռքի բութ մատը, երանելի Հակովիկը բացեց բերանն ու սկսեց այսպես ասել. «Բոլոր Քեզ հուսացողների Փրկիչ, ընդունի՛ր իբրև մի ոստը ծառի, որ տնկեցիր Քո ողորմու թյամբ, որը ինչքան էլ հատեն կտրողների ձեռքերը, [կտրած ոստի տեղը] գարնանը կնորոգվի և կպայծառանա պտուղներով»։ Եվ թագավորի հավատարիմ [իշխանը], որին հրամայված էր սպանել սրբին, սկսեց լալ և ասաց երանելի Հակովիկին. «Բավական է, որ ձեռքիդ մի մատը հատվեց։ Եթե կամենաս` դյուրին է դա դեղերով բժշկել, որ քո նուրբ մարմինը չապականվի։ Բազում ոսկի և արծաթ ունես. բաշխի՛ր կարոտյալներին, որ փրկվի քո անձը և չմահանաս չարաչար մահվամբ»։ Սուրբ Հակովիկը բացեց բերանն ու ասաց նրան. «Խաղողի որթից չսովորեցի՞ր, որ երբ մոտենում է ձմեռը, զրկվում է իր վարսերի գեղեցկությունից և մերկանում, իսկ երբ գալիս է գարունը` պայծառանում է առավել և պտղալից ոստեր արձակում։ Եվ եթե այդ ժամանակավոր բարունակն այդպես նորոգվում է, ապա որքան առավել կծաղկի և պտղալից կլինի Աստծուն հավատացող մարդը, որ Քրիստոս ճշմարիտ մշակի ձեռքով տնկվել է ճշմարիտ այգում»։

Եվ երբ կտրեցին երկրորդ մատը, երանելին բարձրաձայն գոչեց և ասաց. «Ցնծա՜ց անձն իմ ի Տեր, և սիրտն իմ ուրախ եղավ Նրա փրկությամբ»։ Եվ գոհությամբ հավելելով` ասաց. «Ընդունի՛ր, Տե՛ր, երկրորդ ոստը ծառի, որ տնկեցիր Քո հրամանով»։ Եվ այդ ժամին խնդության և ուրախության մեջ էր և իր Տիրոջ փառքերի մասին էր մտածում։ Եվ երբ կտրեցին նրա երրորդ մատը, Քրիստոսի սուրբ նահատակն աղաղակեց և ասաց. «Ընդունի՛ր, Տե՛ր, երեք մանուկների հետ, որ Քեզ օրհնում էին հնոցի մեջ, որ ես արժանի լինեմ նրանց հետ Քեզ փառավորելու և մարտիրոսների գնդերի հետ սաղմոսերգելու Քո բարձրյալ անվանը»։ Եվ երբ կտրեցին նրա չորրորդ մատը, երանելին գոչեց և ասաց. «Հակոբի տասներկու որդիներից չորրորդն ընդունեց Աստծու օրհնությունը, իսկ ես չորրորդ ոստովս օրհնություն մատուցեցի Տեր Աստծու անվանը, որովհետև Նրա օրհնությունը փրկություն է ամենայն հավատացյալներին»։ Երբ կտրեցին նրա հինգերորդ մատը, երանելին բացեց բերանն ու օրհնությամբ ասաց. «Իմ աջ ձեռքի հինգերորդ մատով իմ ծառը Տնկողիդ մատուցեցի պտուղն իմ»։

Երբ հասան նրա ձախ ձեռքի մատներին, իշխանը, որ սրբին սպանելու հրաման էր ստացել, ասաց նրան. «Հակովի՛կ, եթե կատարես թագավորի հրամանը, այժմ ևս կարող ես ապրել, որովհետև շատ մարդիկ կան, որոնց մի ձեռքը կտրած է և ապրում են աշխարհում։ Խնայի՛ր անձը քո, որ աչքիդ առաջ չկտրվեն մարմնիդ փափուկ մասերը, իսկ որոնք հատվեցին` մեկ առ մեկ կմորմոքես քո վերքերը»։ Երանելին պատասխան տվեց և ասաց. «Երբ խուզում են ոչխարի գեղմը, մի՞թե կտրում են աջ կողմը և թողնում ձախը. [ո՛չ], որովհետև չնայած ոչխարն անասուն է և այպանելի, այնպես են խուզում զգուշությամբ, որ ոչխարին չայպանեն և խուզողներն իրենց գործում ոչ ճարտար և թերի չերևան։ Ես գառ եմ Քրիստոսի հոտից, և ես, որ հետինն էի, դահիճների միջոցով արժանի եղա կենդանի զոհ լինելու, որպես Ինքն էր խաչ հանողների մեջ, ինչի համար այսօր զանազան տանջանքներով պատարագում եմ Տեր Աստծուն»։

Երբ կտրեցին [ձախ ձեռքի] բութ մատը, երանելի Հակովիկն սկսեց համարձակությամբ ասել. «Ես հետինն եմ Մեծիդ առջև, որ զոհեցիր անձը Քո, և ինձ պես բազում տկարների արժանի արեցիր պատարագելու, որպես և Դու պատարագ եղար բոլոր արարածների փոխարեն։ Եվ սրա համար ցնծում եմ և ուրախանում և հանձնում եմ անձն իմ ու մարմինն իմ, Տե՛ր, որ իր ժամին կանգնեցնես և նորոգես հաստատությամբ»։ Եվ երբ կտրեցին նրա յոթերորդ մատը, առավել ևս բոցավառվելով աստվածային Հոգով` ասաց. «Յոթերորդ մատովս յոթ անգամ օրհնում եմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն»։ Երբ կտրեցին նրա ութերորդ մատը, այսպես ասաց. «Ութերորդ օրը թլփատվեցին եբրայեցիների որդիները և բաժանվեցին ու հեռացան անթլփատներից. արժանի արա՛ և ինձ` ծառային Քո, բաժանվելու և հեռանալու սրտով անթլփատներից և ամբարիշտներից։ Տե՛ր Աստված իմ, անձն իմ կարոտել է Քեզ. ե՞րբ եմ գալու և երևալու Քո առջև»։

Երբ կտրեցին նրա իններորդ մատը, բացեց իր բերանն ու ասաց. «Իններորդ ժամին մեզ` մեղավորներիս համար տարածեցիր ձեռքերդ խաչափայտի վրա։ Եվ այժմ իններորդ մատովս գոհանում եմ Քեզնից, իմ Տե՛ր Աստված։ Ինձ` Քո անարժան ծառային, արժանի արա՛ Քո անվան համար կտրված մատներս տարածելու։ Երբ նրա տասներորդ մատը կտրեցին, փառաբանելով ասաց. «Փոքրիկ կետը չնչին մի նշանագիր է, որ [դրվելով]` ամբողջացնում է բառերն ու թվերը և Հիսուսի միջոցով փրկություն լինում բոլոր արարածներին։ Նույնպես և ես` հետինս ու անարժանս, տասնալար քնարով երգում եմ իմ Աստծուն` Նրան օրհնելու և Նրա մեծությունը փառավորելու երգերը, քանի որ ինձ արժանի արեց այսօր պատարագվելու։ Եվ տասն լարանիի փոխարեն իմ հոգու տասնմատանի քնարով գոհանում եմ Նրանից և բարի սաղմոսներ եմ երգում ամենասուրբ Երրորդության անվանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, հավիտյանս հավիտենից. ամեն»։

Եվ դարձյալ մեծամեծներն սկսեցին ասել նրան. «Եթե այժմ կամենաս, ունե՛ս ապրելու հնար։ Չնայած տասն մատներդ կտրվեցին, սակայն այստեղ կան արքունի ճարտար բժիշկներ, որ կարող են բուժել վերքերդ, միայն թե կատարիր թագավորի կամքը, որ չմեռնես և դուրս գաս այս փափագելի կյանքից։ Եվ որովհետև թագավորական ազգից ես, կարող ես դարմանել և բուժել վերքերդ։ Եթե աղքատ լինեիր, այդ դեպքում ճիշտ կլիներ, որ ասեիր, թե` «Քանի որ ձեռքերիս տասն մատները կտրվեցին, ի՞նչ իմաստ ունի ապրելս այս աշխարհիս վրա, երբ չեմ կարող վաստակել և դարմանել անձն իմ»։ Բայց մենք գիտենք, որ մեծատուն ես և քո մեծությամբ և թագավորի գանձերով, որ կպարգևի քեզ, կարող ես դարմանել անձը քո։ Կնայես քո կնոջ գեղեցկությանը և կմխիթարես անձդ նրա գեղեցկությամբ, որովհետև նա մեծատան դուստր է և անվանի ազգից, ինչպես և դու ես թագավորազն։ Ինչո՞ւ ես կամենում կործանել անձը քո. բերանիցդ ոչինչ չի ելնում թագավորի կամքին համաձայն, որ եթե լիներ, նույն պահին քո կյանքին կվերադառնայիր»։

Երանելի Հակովիկը նայեց նրանց վրա և ասաց. «Արդյոք հնար կա՞ երկու տիրոջ ծառայելու» (Մատթ. Զ. 24) կամ մի ձեռքով երկու գործ անելու։ Եվ կամ ձեռքը դնելով մաճին և ետ նայելով` արդյո՞ք հնար կլինի արժանանալու Աստծու արքայությունը (Ղուկ. Թ. 62), և կամ մորդ ու կնոջդ ավելի սիրելով, քան մեր Տեր Աստծուն։ [Ասված է]. «Ամեն ոք, որ կորստի է մատնում անձն իր հանուն Ինձ, նա կյանք կգտնի» (Մատթ. Ժ. 39) և` «Ով չթողնի իր հորն ու մորը, քրոջն ու եղբորը, կնոջն ու զավակներին և ամենն` ինչ տիրում է այս աշխարհին և չվերցնի իր խաչն ու չգա իմ ետևից, արժանի չէ Ինձ» (Մատթ. Ժ. 37-38)։ Եվ` «Ով թողնի և գա Իմ ետևից` նրան կտամ հավիտենական կյանքը և հավիտենական հույսը, որ չեն անցնում»։ Ուստի ինձ հարկավոր չեն ձեր շողոքորթությունները և խոսքերը, որ ասում եք, որովհետև դրանք վնաս են ինձ և ձեզ համար կորստյան առիթ են։ Շուտ կատարեցե՛ք ձեզ հրամայվածը և մի՛ խնայեցեք»։

Այնժամ արյունարբու դահիճները մոտեցան նրա աջ ոտքին և կտրեցին նրա բութ մատի կոճը։ Եվ սուրբ Հակովիկը բերանը բացելով ասաց. «Փա՜ռք Քեզ, Հիսո՛ւս Քրիստոս, կենդանի Աստծու Որդի, որ մեր տկար մարմինը հագար, և Քո կողը խոցեցին խաչի վրա, և Քո ոտքերը թրջվեցին Քո արյամբ, որ փրկություն եղավ բոլոր Քո արարածներին, որի համար և ես` Քո անարժան ծառաս, խնդությամբ ընդունում եմ այս տանջանքները մարմնիս վրա»։

Եվ երբ նրա երկրորդ մատը կտրեցին, երանելին սկսեց ասել. «Այս օրն ավելի մեծ է, քան կյանքիս բոլոր օրերը, որովհետև մինչև այս պատերազմը մտնելս քիչ էի օրհնում իմ Աստծուն, քանի որ աշխարհիս հոգսերն ու զբաղմունքները և այս աշխարհը սիրելը` ուշացնում էին և բազում անգամ ինձ ետ գցում աղոթքից։ Եվ չնայած աղոթքի մեջ էի լինում` մտքերս անպտուղ էին, և իմ աղոթքներն Աստծու առաջ սուրբ չէին։ Մարմինս եկեղեցում էր լինում, իսկ խոհերս երկինք էին բարձրանում և անդունդներն իջնում։ Եվ վերցնելով` այսօր ամբողջ սրտով և փափագներով հանդերձ տեղափոխեցի մտքերս այս աշխարհից և փութացի այն առաջիկա աշխարհը։ Եվ որքան կտրում են մարմնիս անդամները, խնդությամբ փառավորում եմ ամենասուրբ Երրորդությունը, որ այսօր ինձ արժանի արեց տանջանքների»։

Իսկ երբ կտրեցին սրբի երրորդ մատը և նրա առաջ նետեցին, երանելին տեսնելով ծիծաղեց և ասաց իր մատին. «Գնա՛ և դու, ո՛վ երրորդ մատ, քո ընկերների ետևից և մի՛ տրտմիր, որովհետև երբ բույսերը բողբոջ են տալիս ու ծաղկում, ցորենի հատիկը ևս գցում են իր ընկերների մոտ, այդպես և դու, փոսն ընկնելով, բարձրանալու ես ընկերներիդ հետ»։

Եվ երբ կտրեցին չորրորդ մատը, սկսեց ասել ինքն իրեն. «Ինչո՞ւ ես վհատվում, ո՜վ իմ անձ, կամ ինչի՞ց ես խռովված. Աստծուն հուսա, գոհացիր Նրանից, քանզի իմ փրկիչն Աստված է»։ Երբ կտրեցին նրա հինգերորդ մատը, երանելին ասաց. «Այժմ սկսեցի խոսել իմ Տիրոջ առաջ, որ սիրեց ինձ [և արժանի արեց] այս ասպարեզը մտնելու և զորացրեց ու ամրացրեց ինձ»։

Եվ մոտենալով նրա ձախ ոտքին` կտրեցին բութ մատը։ Եվ երանելին ասաց իր բութ մատին. «Մի՛ երկնչիր, փոքրիկ մատնիկ, որովհետև փոքրին և մեծին մի հարություն է լինելու։ Եվ ինչպես [մարդը] հարության ժամանակ ոչ մի մազ չի կորցնի գլխից, նույն կերպ նաև դո՛ւ չես պակասի քո ընկերների թվից»։

Եվ երբ կտրեցին նրա յոթերորդ մատը, որովհետև ցնծում էր ի Տեր, երանելին սկսեց ասել խնդությամբ. «Քանդեցե՛ք, քանդեցե՛ք խախտված տները, որովհետև գալու է Ճարտարապետը` սրանց համեմատ լավագույնը կառուցելու»։

Եվ երբ կտրեցին նրա ութերորդ մատը, երանելին ասաց նրանց. «Տեսե՞լ եք դարբինների սալը. որքան որ խփեն ու հարվածեն` այն չի վնասվում, այլ իր գործն է կատարում։ Նույնպես և իմ մարմինն է` թեպետ չարչարվելով տանջվում է, սակայն իմ հոգին ցնծում է ի Տեր»։ Երբ կտրեցին նրա իններորդ մատը, երանելին, բերանը բացելով, ասաց. «Օրհնյա՜լ է Տերը, որ ինձ պատերազմում զորացրեց, որ ամենի հաղթողն է, որի միջոցով հույս ունեմ հաղթելու, և որը փառավորում է հոգին իմ»։ Երբ կտրեցին նրա տասներորդ մատը, ասես քնից զարթնելով` երանելին ասաց. «Կատարի՛ր, Տե՛ր իմ Աստված, իմ դատաստանը և լուծիր վրեժս ամբարիշտներից և այս դառն գազանից, որովհետև ապականիչ գայլերը չխնայեցին Քո ձեռքի գործերին։ Իմ Տե՛ր Աստված, զորացրու ինձ, որ հաղթեմ թշնամիներին և կատարելով Քո անվան խոստովանությունս` փառավորեմ ամենասուրբ Երրորդությանդ` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, հավիտյանս հավիտենից. ամեն»։

Տեսնելով այս բոլոր տանջանքները և Քրիստոսի վկայի համբերությունը` անօրեններն ու ամբարիշտները` երիտասարդներն ու փոքրերն սկսեցին հարցնել իրար ու ասել ծերերին. «Տեսե՞լ եք կամ լսե՞լ եք ձեր կամ ձեր հայրերի օրերում, որ մեկն այսպես մարտիրոսվի կամ այսպիսի դառն տանջանքներ կրի»։

Եվ ավելի արիանալով` սուրբն ասաց դահիճներին. «Ինչո՞ւ եք ծուլանում ոստերն իջեցնել ծառից և կտրել, որովհետև իմ հոգին ցնծում է Տիրոջով, և բարձրանում է սիրտն իմ Նրա մոտ, որ սիրում է խոնարհներին»։

Եվ բարկանալով` դահիճները կրճտացրեցին իրենց ատամները և մոտեցան ու հատեցին աջ ոտքի ծունկը։ Երանելին ասաց նրանց. «[Մարմնիս] բոլոր անդամները հատվեցին և որպես պատարագ մատուցվեցին Աստծուն»։ Եվ երբ ձախ ոտքի ծունկը կտրեցին, երանելին ասաց. «Լսի՛ր ինձ, Տե՛ր, որ քաղցր ես և անպատմելի են Քո շնորհները, [անում ես] բոլորին, ով դիմում է Քեզ»։ Եվ երբ աջ ձեռքի դաստակը կտրեցին, երանելին ասաց. «Տիրոջ շնորհները շատացան ինձ վրա, և փրկեցիր անձն իմ դժոխքից, Աստվա՛ծ»։ Եվ երբ ձախ դաստակը կտրեցին, երանելին ասաց. «Ահա նաև մեռյալների համար ես գործում Քո սքանչելիքները, Տե՛ր»։ Եվ արյունարբու գազանների նման հարձակվելով` կտրեցին նրա աջ բազուկը։ Եվ ձայնն ավելի բարձրացնելով` երանելին ասաց. «Իմ կյանքում օրհնեցի Տիրոջը, և քանի կամ` սաղմոս կասեմ իմ Աստծուն։ Նրան քաղցր եղավ իմ օրհնությունը, և ես ուրախ եղա ի Տեր։ Պակասեցին մեղավորները երկրի վրայից, և վերացան ամբարիշտները։ Օրհնեց անձն իմ Տերը»։ Եվ երբ նրա ձախ բազուկը կտրեցին, երանելին ասաց. «Բարձրացավ անձն իմ թշնամիներիս վրա, որ շրջապատել էին ինձ։ Ինձ զորություն տվողն ու օգնության հասնողը Տերն է։ Ինձ փրկություն եղավ»։

Եվ մոտենալով` կտրեցին նրա աջ բարձը։ Սակայն այս բոլոր տանջանքներից չերկնչեց երանելի Հակովիկը, և նրա բերանը լի էր օրհնություններով։ Եվ ասում էր. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, օգնի՛ր ինձ և փրկի՛ր ինձ, որովհետև ինձ պատեցին մահվան ցավերը»։ Դահիճներն ասացին նրան. «Սկզբում չասացի՞նք քեզ, որ դառն ու անողորմ տանջանքների կենթարկվես»։ Սուրբ վկան ասաց նրանց. «Ես փորձեցի ամեն բան, որպեսզի տեսնեք, որ մարմնավոր եմ։ Եվ առավել ևս չարչարվեցի իմ Տեր Աստծու համար։ Եվ անողորմ տանջանքները, որ գործադրում եք, չզգացի, որովհետև իմ Տեր Հիսուս Քրիստոսը զմայլել էր սիրտն իմ ամբողջովին»։ Եվ ավելացնելով` երանելին ասաց նրանց. «Ինչո՞ւ եք ապշել և ինչո՞ւ եք ծուլանում, շտապ կատարեցեք ձեզ հրամայվածը»։ Եվ դահիճներն սկսեցին կտրել սրբի [մարմնի] անդամները, բայց նա ավելի էր զորանում իր Տիրոջ համար։ Եվ մոտեցան ու կտրեցին նրա մյուս բարձը։

Երբ կտրեցին նրա [մարմնի] բոլոր անդամները, այլևս ոչինչ չմնաց, բացի գլխից, լանջից ու որովայնից, և երանելին նմանվեց անուշաբույր խնկի ծառին, որի ոստերը կտրած են լինում, և միայն բունն է մնում կանգուն։

Եվ երբ կտրեցին նրա մարմնի բոլոր անդամները, կիսամեռ երանելուն կոճղի պես գետնին դրեցին։ Իսկ նա, Սուրբ Հոգուց ուժ ստանալով, սկսեց աղոթել և այսպես ասել. «Տե՛ր իմ Աստված, գթած և ողորմած, խնդրում եմ Քեզնից և աղաչում, լսի՛ր Քո ծառայի խնդրանքը. դրված եմ գետնին, զրկված բոլոր անդամներիցս։ Ո՛չ մատներս կան, Տե՛ր, որ նրանցով աղաչեմ Քեզ, ո՛չ բազուկներս, որ առ Քեզ տարածեմ, ո՛չ ոտքերս, Տե՛ր, որ ծնկի իջնեմ և փառավորեմ Քեզ։ Կտրելով քանդեցին մարմնիս աշտարակը, և խախտվեց իմ կառույցի գեղեցկությունը, և անշքացա, որպես ավերակն է հազիվ նշմարվում։ Արդ խնդրում եմ Քեզ, հանի՛ր բանտից անձն իմ, [և] կգոհանամ Քո անունով։ Իմ աղոթքով և աղաչանքներով թո՛ղ դադարի Քո զայրույթը, և թո՛ղ Քո ողորմությունը լինի աշխարհի վրա և սուրբ վկաների, որ սկզբնապես հաճո եղան Քո առջև։ Եվ թո՛ղ ողորմությունդ լինի նաև Քո սուրբ անվան համար հալածված Քո ժողովրդի վրա։ Եվ թո՛ղ Քո քաղցրության շնորհիվ խաղաղություն և օրհնություն լինի, և իմ բոլոր ցրված անդամները ի մի հավաքվեն։ Եվ ես` Քո հետին ծառան և անարժանս, այս ժամին օրհնում և գոհանում եմ Քեզնից և փառք ու պաղատանք եմ վերառաքում բոլոր վկաների և խոստովանողների հետ, որ արևելքում են և արևմուտքում, հյուսիսում և հարավում. Քեզ` ամենակալ Տեր Աստծուն և Քո Միածին Որդուն` մեր Տեր Հիսուս Քրիստոսին և կենդանարար Սուրբ Հոգուն փառք, հավիտյանս հավիտենից. ամեն»։ Երբ ավարտեց աղոթքը, դահիճներից մեկը մոտեցավ և դանակով կտրեց նրա գլուխը։ Եվ երանելի սուրբ վկան հոգին ավանդեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքը։

Եվ այսպես սուրբ Հակովիկը վկայեց, Վերին Քաղաքի լուսավոր կամարների ներքո` մշտապայծառ խորանի մոտ, ամենասուրբ Երրորդության` Հոր, Որդու և Սուրբ Հոգու կամքը կատարողների ընկերակցությամբ` Քրիստոսից խաղաղությամբ ընդունելով անապական պսակը։

Քրիստոսի սուրբ և մեծ վկան` Հակովիկը, մարտիրոսվեց քաղոց ամսվա քսանյոթին, շաբաթ օրը, Պարսից Հազկերտ արքայի Վռամ որդու թագավորության երրորդ տարում։

Իսկ սրբի մարմինն այդպես ընկած էր գետնին, և նրա մարմնի բոլոր անդամները ցրված էին։ Եվ բոլոր հավատացյալները հավաքվելով` բազում գանձեր առաջարկեցին դահիճներին, որպեսզի վերցնեն երանելիի նշխարները։ Եվ [դահիճները] չհամաձայնեցին։ Սակայն իններորդ ժամին ամբարիշտները գնացին, և քրիստոնյաները եկան և թաքցրեցին մարմինը երանելու, իսկ իրենք պահվեցին` մինչև գիշերվա գալը, որպեսզի հավաքեն սրբի ցրված անդամները։ Եվ երբ երեկոն իջավ, նրա մարմնի բոլոր ցրված անդամները հավաքեցին. թե՛ մեծ, թե՛ փոքր, թե՛ ոտքերի մասերը, թե՛ ձեռքերի. թվով քսանութ։ Եվ ի մի հավաքելով` անդամներն ու մարմինը ամենը մեկտեղ թաքցրեցին։ Սակայն երանելիի արյունը, որ հեղվել էր խոտերի մեջ և հողի վրա, մինչև առավոտ հավաքում էինք մենք` հավատացյալներս, և այս սաղմոսն էինք ասում. «Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ» (Սաղմ. Ծ. 3)։ Հանկարծ ահազդու նշան եղավ. երկնքից հուր իջավ և պատեց մեզ այն վայրում, ուր հեղվել էր Հակովիկի արյունը, և սրբեց այն։ Իսկ մենք, տեսնելով այդ, ահ ու դողով երեսնիվայր ընկանք և [անշարժացանք] մեռելի պես, մինչև որ մեր մարմինները սաստիկ ջերմությունից վարդի պես կարմրեցին։ Եվ երբ հուրը հեռացավ մեզնից, գնացինք այնտեղ, ուր երանելու նշխարներն էին, և աղաչեցինք բարեխոսել Տեր Աստծուն մեզ համար, որովհետև կարծում էինք, թե ցասումը մեզ վրա է։ Իսկ երբ ճանաչեցինք Աստծու շնորհները, սրբի աղոթքներին ապավինելով օրհնեցինք մի Աստծուն, որ մեզ արժանի դարձրեց այսպիսի տեսիլի, որովհետև մենք սկզբում կարծում էինք, թե ամբարիշտների տանջանքների պատճառով երևաց, բայց հետո տեղեկանալով իմացանք, որ սրբի պատվին և նրա փառքի համար է եղել նշանը։ Եվ կրկին գաղտնաբար հանեցինք երանելի Հակովիկի նշխարներն այնտեղից և օծեցինք անուշաբույր յուղերով և պատեցինք մաքուր կտավով և դրեցինք պատվական տեղում, որպես վայել է երանելիին։ Եվ նրանցով փառավորեցինք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, հավիտյանս հավիտենից. ամեն։

« Մծբինի հայրապետ սուրբ Հակոբի վկայաբանությունը   |   Սուրբ Հիզտիբուզիտի վկայաբանությունը »
© Gratun.org