Gratun
« Վարք Սրբոց, Հատոր Գ
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Սուրբ Հիզտիբուզիտի վկայաբանությունը

Պարսից Կավատ Արքայի որդի Խոսրովի ժամանակներում մեծ խռովք էր սկսվել քրիստոնյաների դեմ, և շատերը նահատակվեցին Պարսից աշխարհում և արքունիքում։ Այդ ժամանակներում Մախոշ անունով մի մոգ [կար], Բերշապուհ կոչվող գավառից, Քունարաստան անունով գյուղից։ Նրա ծնողները կրակի պաշտոնյա էին, և ինքը մանկությունից մոգությամբ էր վարժվել։ Եվ զորեղ ու վարժ էր հրապաշտների ուսմունքում, և խոհերով` իմաստուն։ Սա ինչ-որ դիպվածով թագավորի բանակում էր և տեսավ չարչարանքները մի սուրբ վկայի, որի անունը Գրիգորիոս էր։ Եվ հիացավ նահատակի համարձակությամբ ու հավատքով և բարի նախանձով բռնվեց և իր մտքում ասաց. «Քրիստոնյաների Տե՜ր Աստված, նայի՜ր վրաս և ցույց տո՜ւր ինձ ճանապարհը` թե որով գնամ, և Քո նահատակի հետ ինձ համար ևս ողորմության դուռ բաց, որ արժանի լինեմ արքայությանը Քո, որ երկնքի և երկրի Տերն ես»։ Եվ նույն գիշերը մի սքանչելի տեսիլ երևաց նրան. ասես ինքը սուրբ եկեղեցում էր, և սպիտակազգեստ մի այր երևաց նրան և ասաց. «Երանելի ես դու, որ այսպիսի լուսավոր եկեղեցու արժանի եղար և այսուհետ հավատալու ես Աստծուն, երկնքի և երկրի արարչին և համազոր Որդուն և համագործ Հոգուն, և այդ սովորելու ես սուրբ ավետարանից»։ Եվ զարթնելով` հիշեց տեսիլը և ամբողջ սրտով հավատաց ու ասաց. «Քրիստոնյաների Աստվածն է ճշմարիտ Աստված»։ Եվ այնուհետ զղջալով էր պահում մոգությունը։

Եվ դրանից հետո եկավ Սյունյաց աշխարհը, աշակերտեց` սուրբ Գրքերն ունկնդրելով, և այնտեղ քիչ ամիսներ մնալով` գնաց Այրարատ գավառը` բնակվեց Հայոց ոստան Դվինում` հարելով Խոսրով Պերոզ անունով մի մոգի, որ Հայոց համակարն1 էր։ Եվ երանելին արհամարհանքով էր անցկացնում մոգությունը։ Եվ պատահեց, որ ձմռանը` ըստ պարսիկների` մեհեկան ամսի սկզբին, իրենց սովորության համաձայն կրակին աղտեղի զոհ էին մատուցում Պերոզի ապարանքում։ Եվ երանելի Մախոշը ներկա էր նրանց խայտառակությանը և բերանակապ էր կրում2։

Եվ բոցը, ճարպից բարձրանալով, հասնում էր մինչև տան ելուստներն ու բորբոքվում` [դառնալով անկառավարելի]։ Եվ մոգերն շտապեցին հանգցնել հուրն ու չկարողացան և դուրս գալով պատմում էին դեպքը։ Եվ Հայոց հազարապետը, երբ լսեց ամբոխի ձայնը, շտապով եկեղեցու դուռը գնաց և ստիպում էր ծառայողներին վերցնել սուրբ խաչն ու բերել ապարանքը, որ թերևս հուրը մարի, ինչին ակամա հավատաց նեղության մեջ։ Եվ եկեղեցու սպասավորները, սուրբ խաչի նշանը վերցնելով, արագ տեղ հասան։ Եվ երբ սուրբ խաչն ապարանքի դիմաց հասցրեցին, բոցը, որ տարածվել էր, իսպառ հանգեց։ Եվ Հայոց աշխարհում սա մեծ նշան եղավ պատվական սուրբ խաչով` ի խնդություն բարեպաշտների, և կռապաշտների ամոթահարության համար։ Եվ Պերոզի կինը տեսնելով` մեծ գոհունակություն հայտնեց սքանչելագործ սուրբ խաչի սպասավորներին։ Իսկ երանելի Մախոշը, տեսնելով այս սքանչելիքները, ջարդեց և մի կողմ շպրտեց գավազանը, որով մոգություն էր անում, նետեց նաև բերանակապը և մոտենալով` սարկավագի ձեռքից վերցրեց բուրվառը և խնկարկեց սուրբ խաչի առջև ու ցույց տվեց հավատը, որ ուներ առ Քրիստոս։ Եվ խաչի սպասավորներին ճանապարհելով` ասաց. «Աղաչեցե՜ք Աստծուն նաև ինձ համար, որովհետև ես ևս քրիստոնյա եմ»։ Եվ մոգերը տեսնելով` ասացին նրան. «Ի՞նչպես համարձակվեցիր այդ անել»։ Երանելին ասաց. «Ես երկար ժամանակ հավատացել եմ Քրիստոսին, սակայն մոգություն էի անում, բայց այժմ այս զարմանալի հրաշքները տեսնելով` բացեիբաց ցույց եմ տալիս առ Քրիստոս ունեցած հավատս և այլևս չեմ սպասավորի հրին»։

Հաջորդ օրը մոգերը գնացին Նիխորական անվանվող Հայոց իշխանի մոտ և ամբաստանեցին երանելիին։ Եվ մոտը կանչելով` դատավորն ասաց նրան. «Ա՛յ թշվառական, ինչո՞ւ ես թողնում նախնիներիդ մոգությունը և հիմար ու ուխտակորույս լինում»։ Երանելին պատասխանեց և ասաց. «Իմ մասին ճիշտն եմ ասում, ո՜վ դատավոր. քսանհինգ տարեկան եմ և այդ աղանդից էի, իսկ այժմ, իմանալով ճշմարիտ Աստծուն, նախնիներիս բազմաստվածությունից հրաժարվեցի։ Եվ այլևս ունայն կյանքի պատրանքները ինձ չեն կարող անջատել այս հավատից, որովհետև պատրաստ եմ տանել նաև սպասվող տանջանքները»։ Եվ զայրանալով` իշխանը հրամայեց կրկնակի անգամ տասներկու հարված հասցնել երանելուն և կտրել մորուքն ու մազերը։ Եվ գրառելով հարցուպատասխանը` [հրամայեց] կապել ձեռքերն ու ոտքերը և բանտ ուղարկեց։ Եվ սուրբը գտավ իրեն վշտակից մեկին, որի անունն էր Ներսես, և որը երկար ժամանակ բանտարկված էր Աստծուն հավատալու համար։ Եվ երանելին Ներսեսից սովորում էր սուրբ հավատքը և քսան սաղմոս և այսպես անդադար պաշտում էր Աստծուն և աղոթում։

Սակավ ժամանակ անց Նիխորականին փոխանորդեց Նախապետ կոչվածը։ Եվ [նա] նստեց ատյանում, և երանելի Մախոշին բերեցին նրա առաջ։ Նախապետն ասաց. «Ինչպե՞ս համարձակվեցիր հայրենի աստծուն թողնել և անծանոթ Քրիստոսին հավատալ»։ Երանելին ասաց. «Աստված մեկն է` բոլորի արարիչը, որ տիրում է բարեգործների մտքերին։ Նրան ճանաչելով` միտքն իմ հեռացավ բազմաստվածության երկրպագումից և ինձ առաջնորդեց ճշմարիտ աստվածգիտության»։ Եվ զայրանալով` Նախապետը հրամայեց նրան սաստիկ գանահարել, և նույն երկաթե կապանքների մեջ դնելով` բանտ տարան։ Եվ բանտում երեք տարի մնալով` քահանայից խնդրեց, որ ստանա տերունական կնիքը և Հիզտիբուզիտ անվանվի, որ Աստվածատուր է թարգմանվում, այսինքն Աստծու փրկած, որ և Սուրբ Հոգու պատկերն էր։ Եվ բանտում զորացավ Սուրբ Հոգով և հանելով` իր հանդերձանքը տվեց կարոտյալներին, իսկ ինքը հագավ այծամազ խարազան և հողաթափեր։ Եվ վայելուչ կրոնավորությամբ` պահքով և աղոթքով, անդադար սաղմոսելով` հսկման մեջ էր։

Եվ երբ ևս երեք տարի անցավ, Նախապետին հաջորդեց [մի ուրիշը], որին Քնարիկ էին ասում։ Սրա քարտուղարներից մեկը, բանտ գնալով, ջանում էր խաբել երանելիին և ասում էր նրան. «Քեզ Արյաց աշխարհը բավական չէ՞ր, որ հեռացար մոգությունից` ինքդ քեզ գերի դարձնելով և կտրելով հավատքից և կրոնից»։ Սուրբը պատասխան տվեց և ասաց. «Բոլոր ոչ բանականները բնազդով են ծառայում։ Եվ կենդանիներին ծառայության դրեց Ստեղծողը։ Նույն կերպ և մարդիկ պարտավոր են ծառայել միայն իրենց արարչին` Աստծուն։ Եվ երբ աչքերս փակ էին, դատարկ բաների էի ծառայում, իսկ երբ գթաց ինձ Աստված և մտքիցս բռնելով` կապեց Իր պատվիրանների սիրուն, ինձ տոգորելով Իր շնորհի հույսով, որից չեն կարող այս կյանքի փորձությունները հեռացնել»։ Եվ այս լսելով` քարտուղարապետը ցասմամբ ոտքով հրեց և սկսեց նրան փայտով անողորմաբար հարվածել։ Ու նաև այլ` տարբեր-տարբեր տանջանքներ հասցրեց երանելիին, որ ստիպի մոգությունն ընդունել։

Այդ ժամանակ թագավորը լսեց այն բռնության և տառապանքների մասին, որ Հայոց աշխարհին էին հասցնում պաշտոնյաները, և ուղարկեց իր երեք հավատարիմ իշխաններին, որ այցելեն երկիրը։ [Նրանցից] մեկի անունը Նատո էր, որ Դրովանդական էր կոչվում, երկրորդինը` Պերոզ, որ Ռեո գավառի մոգպետն էր, և երրորդինը` Խոյապ, որ արքայի սպասավորն էր։ Սրանք Հայաստան գալով` շատ բաներ ուղղեցին։ Եվ մի օր, [ժողովրդին] հրապարակում հավաքելով, արքունական հրամանի համաձայն [դատի] նստեցին ատյանում։ Այդ ժամանակ ամբարիշտները իշխաններին տեղեկացրեցին և ասացին. «Բանտում երեք հոգի կա, որ մեր պաշտամունքը թողնելով` քրիստոնեություն է ընդունել. մի ոմն Ռաժիկ Ներսես, Ատրպատականից մի ոմն Սահակ, [և մի] պարսիկ, [որ իրեն] Հիզտիբուզիտ [է կոչում]»։ Եվ [իշխանները] հրամայեցին բերել նրանց։ Մոգպետն ասաց Ներսեսին. «Ինչո՞ւ քրիստոնյա դարձար»։ Երանելին ասաց. «Մայրն իմ քրիստոնյա էր, և մանկուց հավատացել եմ Քրիստոսին և ձեր կրոնը բնավ չգիտեմ»։ Հարցրեց նաև Սահակին, և նա ասաց. «Մանկուց եմ քրիստոնյա»։ Իսկ երանելի Հիզտիբուզիտը կանգնել էր վերջում և ցածր ձայնով երգում էր վեցերորդ սաղմոսը. «Տե՜ր, Քո զայրույթով մի՜ հանդիմանիր ինձ, և Քո բարկությամբ ինձ մի՜ խրատիր» (Սաղմ. Զ. 2)։ Եվ [դատավորը], Ներսեսին և Սահակին թողնելով, Հիզտիբուզիտին ասաց. «Ա՛յ թշվառական, ինչո՞ւ լուսավոր կրոնը թողեցիր և նսեմավոր քրիստոնեությանը հավատացիր, և դեռ ստիպված շարունակում էիր զոհել հրին»։ Սուրբն ասաց. «Այո՜, զոհել եմ… և մոգությունն ավելի լավ գիտեմ, քան դու։ Եվ եթե կարգադրես պատմել և ցույց տալ, կիմանաս, թե որքան լավ է քրիստոնեությունը, քան բոլոր պաշտամունքները, որ ես քննել ու հավաստի տեղեկացել եմ. միայն քրիստոնեությունը կարող է փրկել ահազդու մահից»։ Եվ լսելով` մոգպետը հրամայեց սպասավորներին պատռել սրբի պարեգոտն ու հանել կնգուղը։ Եվ սկսեցին խփել երանելու գլխին և մորուքն արմատից պոկել։ Եվ դատավորները հրամայեցին ևս երեք օր պահել երեք սրբերին, իսկ դրանից հետո [դարձյալ] կանչելով` [նորից] չկարողացան համոզել։ Եվ փակեցին նրանց մի խցում` [թողնելով] անկերակուր։ Եվ մոգպետը հրամայեց, որ ամեն գիշեր [սպասավորները սենյակը] ծխով լցնեն։ Եվ նեղված սրբերը գոչում և ասում էին. «Աստված, շտապի՜ր մեզ օգնության, և, Տե՜ր, փութա՜ մեզ օժանդակել»։ Եվ այսպես անդադար սաղմոսում էին մինչև առավոտ, և բանտում մնացին տասն օր։ Եվ մի անգամ` կիրակի օրվա գիշերը, երբ վիճակված էր Հիզտիբուզիտին վկայել, մի տեսիլ երևաց նրան. մեկը, որ ձեռքին գավազան էր բռնել, հարվածեց իր գլխին, և արյունը հոսեց աչքերի արանքով։ Եվ երևացին երեք լուսազգեստներ, որ վանեցին հարվածողին և մի ընտիր մարգարտե պսակ բերելով` դրեցին իր գլխին։ Եվ արթնացնելով` պատմեց ընկերներին, և հասկացան, որ եկել է նրա ժամը։

Եվ հաջորդ օրը բանտ եկան հավատարիմ [ծառաները]` սրբերին տանելու։ Եվ [վերջում] տանելու եկավ դահճապետը։ Եվ Հիզտիբուզիտը, եղբայրներին հրաժեշտ տալով, գնաց։ Եվ գնալիս չորրորդ սաղմոսն էր երգում` բանտից սկսած մինչև ատյան` «Երբ ձայնեցի, իմ արդարության համար լսեցիր ինձ, Աստվա՜ծ, նեղության մեջ ինձ անդորր տվեցիր…» (Սաղմ. Դ)։ Եվ սաղմոսը երգելով` ատյան հասավ։ Եվ լսելով` բոլոր քրիստոնյաները գնացին այնտեղ` սրբի նահատակությունը տեսնելու։ Եվ սուրբ Հիզտիբուզիտը կանգնեց չորս դատավորների առջև։ Եվ [այնտեղ] պատրաստված էր մահվան երեք սյուն, որոնց մոտ բերելով [սրբին]` մոգպետն ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ փայտերը, որոնց վրա քեզ վիճակված է մեռնել։ Խնայի՜ր քեզ, մի՜ շարունակիր համառել»։ Սուրբը պատասխանեց և ասաց. «Ավելի եմ ամրացել իմ հավատքով առ Քրիստոս, որ իմ հույսն է։ Դու կատարի՜ր քեզ հրամայվածը»։ Եվ մոգպետը հրամայեց նրան տանել փայտի մոտ։ Եվ սուրբը կամավոր և զվարթ մտքով գնաց փայտի մոտ։ Եվ նրա վրայից հանեցին հանդերձները, որ հագել էր։ Եվ երանելին ասաց. «Հիրավի այսպես պիտի լիներ, որովհետև իմ Տիրոջ Որդին` Միածին Փրկիչը, կամավոր խաչելության ժամանակ մերկանդամ բևեռվեց խաչին, որ մեր նախահոր մերկությունը ծածկի։ [Նա], որ նաև ինձ կզորացնի, որպեսզի հաղթեմ մարմնիս սատանայական խորամանկությունները»։ Եվ երբ նրան տարածեցին փայտի վրա, սկսեց երգել քառասուներեքերորդ սաղմոսը. «Ելի՜ր, Տե՜ր, օգնի՜ր և փրկի՜ր մեզ Քո անվան համար» (Սաղմ. ԽԳ. 26), «կարծես մորթելու ոչխարներ լինենք» (Սաղմ. ԽԳ. 21)։ Եվ երբ փայտը բարձրացրեցին, մոգպետը նրա մոտ [մարդ] ուղարկեց [իմանալու], թե գուցե ետ է կանգնել։ Իսկ [սուրբն] արհամարհելով պատասխան չտվեց, մնաց բազմամբոխ ատյանում փայտին գամված, և նետերով խոցում էին նրա կողերը։ Այդ օրը փայտին գամեցին նաև երկու մահապարտի, որոնց [սրբի] հետ փայտին բարձրացրին։ Մեկը Խուժաստանից էր, որին երբ մոտեցրին փայտին, սկսեց համբուրել սուրբ վկայի ոտքերը և [գետնից] վերցնելով սրբի արյունով թաթախված հողը` ծոցը դրեց։ Եվ դահճապետը բռունցքով հարվածեց նրա գլխին, և փայտին գամեցին սրբի աջ կողմում և վրան նետ արձակեցին, և այդպես ավանդեց հոգին։ Իսկ մյուսը հրեա էր։ Երբ բերեցին փայտի մոտ, սկսեց դատավորին գոչել. «Մի՜ կործանեցե՜ք, ընդունում եմ մոգությունը»։ Իսկ դատավորները, ուշադրություն չդարձնելով, նրան փայտին գամեցին սրբի ձախ կողմում։ Եվ երանելին երկու մահապարտների միջև, բարձր տեղում, [կիզիչ] արևի ներքո և ողջ ժողովրդի առջև ողջակիզվեց ճշմարիտ խոստովանությամբ, ինչը զարմանալի խորհուրդ էր կրում, որի մասին տերունական խոսքն ասում է. «Ով հավատա Ինձ, գործերը, որ Ես եմ անում, նա ևս կգործի, և դրանցից ավելի մեծերը» (Հովհ. ԺԴ. 12)։ Եվ առաքյալն ասում է. «Նրանց, որ սկզբից գիտեր, նախասահմանեց կերպարանակից լինելու Իր Որդու պատկերին» (Հռոմ. Ը. 29)։

Այսպես քաջությամբ վկայեց սուրբ Հիզտիբուզիտը Խոսրով թագավորի քսաներեքերորդ տարում, որ քաղոց ամսի երկուսն էր, կիրակի օրվա երրորդ ժամին։ Եվ [դատավորը] հրամայեց երանելու մարմինը թողնել փայտի վրա։ Իսկ հավատացյալները, Աստծու հաջողությամբ, վերցրեցին սրբի մարմինը և պատեցին փառավոր հանդերձներով և մեծ պատվով հուղարկավորեցին, մեծ ուրախությամբ տոն կատարելով, որի ժամանակ փայլած լույսը երջանկացրեց ուղղափառ հավատացյալներին, որի համար մեր Տեր ամենափրկիչ Հիսուս Քրիստոսին, ամենակալ Հոր և Սուրբ Հոգու հետ վայել է փառք և պատիվ. այժմ և միշտ, [և հավիտյանս հավիտենից. ամեն]։

« Սուրբ Հակովիկի վկայաբանությունը   |   Սուրբ Հովհան Ոսկեբերան վարդապետի վարքի պատմությունը »
© Gratun.org