Gratun
« Վարք Սրբոց, Հատոր Գ
Արշակ Մադոյան (Թարգմանիչ)

Սուրբ Նիկողայոսի վարքի պատմությունը

Բոլորին հարկ է գովել և պատվել Աստծու համայն սրբերին և երջանիկ ընտրյալներին, [հարկ է նաև] նրանց հիշատակը գովությամբ կատարել աստվածահայր Դավիթ մարգարեի ասածի համաձայն, թե` «Արդարի հիշատակը հավիտյան կմնա» (Սաղմ. ՃԺԱ. 7)։ Ու առավել պետք է հիշել նրանց, որ խոսքով և գործով վայելուչ են` ավելի քան մյուսները և այժմ ևս պայծառանում են մեծամեծ նշաններով և սքանչելիքներով, որ Աստծուց [կարողություն] ստանալով` օգնում և առողջացնում են մարդկանց, խնամում և ապաստան են տալիս։ Եվ նրանց գլխավորներից և առաջիններից մեկն է այս մեծ[ահամբավ] և լուսավորող քահանայապետը, հռչակավոր սքանչելագործն ու անվանի առաջնորդը, գովելի և բազմասքանչ այրը, արագահաս օգնականը, որ երկրի չորս ծագերում բարձրաձայն քարոզելով` փառավորվում է։ Եվ ամբողջ աշխարհն է նրա առաջնորդությամբ ընթանում, և բոլոր ազգերն ու ժողովուրդները առատորեն վայելում են նրա խնամքը, և մարդկանց որդիները` ամեն տարիքի ու սեռի, նրան են օգնութհան կանչում վշտի և փորձութհան մեջ, որովհետև ամեն ոք հողեղեններից, որ վտանգի մեջ ընկնի կամ ծովային արկածի հանդիպի, մեծ Նիկողայոսին ապավինելով և նրան առ Աստված միջնորդ ունենալով` անմիջապես իր խնդրանքը կատարված կգտնի։ Եվ կամ ցանկացած մեկը, որ զրպարտութհամբ բանտարկվել և չարչարանքների է ենթարկվում, Նիկողայոսի անունն արտասանելով` անմիջապես կազատվի նեղությունից։ Նա Աստծուն մշատապես հանդիպում է նրանց համար, ովքեր նեղության մեջ իրեն օգնության են կանչում, և երբեք չի դադարում այսպես անելուց, որովհետև թե՛ նշաններով գրության մեջ հիշվելիս, թե՛ աղոթքի ժամանակ հիշատակվելիս, եթե անգամ լոկ իր անունը տան, հասնում է ամենուր, սքանչելիքներ գործում, հանապազ օգնում յուրաքանչյուրին. ով հիվանդ է` բժշկում է, ով տրտմության մեջ է` փարատում, և ապրեցնում է բոլորին։ Եվ արագահաս սրբի անունն արտասանած ոչ մեկը տրտմությամբ չի բաժանվում նրանից։ Եվ մշտապես ամեն բան այսպես է լինում և ամբողջ աշխարհից կարելի է ստանալ այս վկայությունը։

Այժմ պարտ և արժան է բոլորին խոսքով ու գործով և ճշմարիտ իմաստությամբ հանճարեղ այս առաջնորդի դրվատանքին անցնել, խոսել, և [թո՛ղ] յուրաքանչյուր ոք իր կարողության չափով գովի նրան, ամբողջ տիեզերքով հնչեցնելով նրա վայելչազարդությունը։

[Այժմ] ավետելով պատմենք նրա ծագումն ու ծնունդը, նաև դաստիարակվելը, հասակ առնելն ու կենցաղը, ինչպես և նրա սքանչելիքներն ու ճարտարությունը, որովհետև մինչ մարմնի մեջ էր, իր կենսակերպով անմարմիններին էր ձգտում [նմանվել]։ [Կպատմենք նաև] այստեղից փոխադրվելուց և առ Աստված վերադառնալուց հետո [եղածը], մանավանդ մեզանում եղած գործերը, նրանք, որ մինչև օրս լինում են և երբեք չեն ձախողվում, իսկ [սրբի միջոցով] երևացած նշանները հիացնում են բոլորի լսելիքը։ Դրա համար միասնական կերպով և հաջորդականության կարգով` ըստ ժամանակի անջատելով իրարից, սկսենք պատմել նրա սքանչելիքները ի փառս Աստծու, որ փառավորում է Իրեն փառավորողներին, և ի պատիվ մեծ և աստվածազգյաց քահանայապետի, և բոլոր նրանց օգուտի համար, [ովքեր այս լսելով], աստվածեղեն բարեպաշտութան նախանձախնդիր կլինեն։

Եվ ճիշտ էր անմահության անվանակից, մեր մեծ հոտապետ Աթանասիոսը, որ գրեց մեր սուրբ հայր մեծ Անտոնի` առաջին անապատականի վարքը, ինչպես և մտքով ճշմարիտ հսկող Գրիգորը, Նյուսիայի եկեղեցու առաջնորդը, որ գրեց իր անվանակցի` Գրիգոր Սքանչելագործի վարքը և Սքանչելագործի հրաշքները ցույց տվեց Մովսեսի զարմանալի նշանների պես։ Ինչպես և ճիշտ են բոլոր մյուսները, որ շարադրելով պատմեցին կյանքն ու սքանչելիքները Աստծու սրբերի, որ իբրև շնչավոր Հոգուն հանդիպեցին։ Եվ այս գովաբանվողների պատվին, գրվեցին սրբերի վարքերը։ [Սակայն] մինչ այժմ որևէ մեկը սուրբ [Նիկողայոսի] հրեշտականման և գերսքանչելի գործածներն ըստ կարգի չի շարադրել. ո՛չ առաջինները, և ո՛չ նրանց հաջորդած իմաստուն և խոհեմազարդ այրերը, որի համար մեծ տխրություն և տրտմություն է պատում ինձ. ինչո՞վ վարքը Նիկողայոսի, որ խոսքով և գործերով բարձր է քան բոլոր սրբերը, այսքան ժամանակ անտեսվեց և որպես հարկն է ոչ մեկի կողմից չպատմվեց վայելչորեն։ Հներից և մերօրյաներից շատերը դրվատական խոսքով գովեցին հռչակավոր և մեծ Նիկողայոսին, մյուսները փոքր ի շատե գրեցին նրա զարմանալի սքանչելիքների առանձին դեպքեր, իսկ մի մասը` նրա այն սքանչելիքները, որ հաճախ հիշվում են ամեն տեղ, ինչպես` Լիկիացիների իշխանության ժամանակ եղած երեք մանուկներինը, կամ Բյուզանդիո Նեապոլսացիների անպարտ զորավարների [հետ կատարվածը], երբ հրեշտակական արագահասությամբ օգնության էր եկել։ Եվ ինչպես կանխավ ասացի` չգտնվեց մեկը, որ նրա կյանքի սկզբից մինչև վախճանը և դրանից հետո եղած հիացնող սքանչելիքներն ըստ կարգի պատմեր, որի համար ես բազմիցս փորձանքների և նեղության մեջ ընկնելով` ընդունեցի նրա արագահաս օգնությունը և պարտական եղա նրա մեծությանը։ Եվ քանի որ խոսքով և գիտելիքներով աղքատ եմ և` հեռու ամենայն ճշմարտությունից, ինչպես և զանազան չարիքների շտեմարան եմ, ուստի անհնար է ինձ համար այսպիսի գործ ձեռնարկելը։ Սակայն քրիստոսասեր մարդկանցից հրաման ստացա, հորդորվելով կամովին ընդունեցի և ողջ կարողությունս այս գործին տվեցի և փափագը, որ սկզբնապես ունեի, զորավոր համարեցի և հրահանգողներից ամաչելով` հարկադրվեցի գրել։

Եվ այսպիսով սկսեցի, աններելի համարելով հապաղելը։ Արդ ինձ ուղղեցեք ձեր մտքերն ու ականջները, աղաչում եմ [ձեզ], որ կամենում եք լսել այս սքանչելի սրբի պատմութհունը, որովհետև մեծ և աստվածային մարդու մասին` արդեն մեծ և աստվածային է [դառնում] խոսքս, որպեսզի գնաք և ճոխացնեք ժողովրդին` օգտակարն ի վեր հանելով։ Իսկ եթե խոսքերը, որ ասելու եմ, չհիացնեն որևէ մեկին, [նրանից է], որ ոչ թե ներբողական հյուսմամբ գեղեցկազարդ ասացի, այլ պատմությունը շարադրեցի պարզ և անպաճույճ, որ հեշտ և դյուրութհամբ ընկալեն [անգամ] ռամիկներն ու տգետները, որ կունկնդրեն և կհասկանան ասվածը։

Հռչակավոր և երջանիկ քահանայապետը մոր որովայնից պատվական և սուրբ էր և մինչև հղացումն իսկ ընտրված էր Աստծու կողմից։ Եվ հրեշտակի ավետմամբ ծնվեց Եպիփան հորից և Նովնիս մորից. այս էին երանելիների անունները։ Եվ նրանք Լիկիացիների նահանգից էին, Մյուռիո քաղաքից, հույժ մեծատուն և տոհմով ազնվական և ի Քրիստոս բարեպաշտութհունը պահում էին բարձր ու պանծալի վարքով, որի համար աշխարհիկ վայելքներն ու երևելի փառքերը գարշելի համարեցին, և ճշմարիտ հավատքով անշահախնդիր ամեն բանից հրաժարվեցին և բարի վարքով ընթացան։ Եվ քաջ գիտեին նրանց, որ կամ բոցկլտացող կրակի վրա շրջելով, կամ եռացող ձյութի մեջ ընկնելով, ո՛չ ոտքերն էին կարողանում անկեզ պահել, և ո՛չ ձեռքերն անվնաս։ Սակայն, այնվամենայնիվ, կարոտով որդու էին սպասում, որ իրենց բարեպաշտությունը անհիշատակ չանցնի աշխարհից և դրա համար ցավով ողբում էին իրենց ամլությունը, բայց ամեն օր [հույսով] սպասում էին Աստծուց ընդունել։ Եվ երբ երկար ժամանակ անցավ, և բնությունն անհարմար էր որդեծնության համար, ամուսնությունն ունայն էին համարում և ապավինում էին Աստծուն, որ կարող է ամուլին ծննդկան դարձնել և ամլության հասցնել բազմածնին։ Աղոթքով և բարի գործերով և առատ ողորմություն բաժանելով` պաղատում էին անսպասելի հույսի համար։ Եվ շուտով օրինական և մաքուր մերձեցմամբ երանուհի մայրը պտուղ ընդունեց սրբության փափագողին, ողջախոհության առաջնորդին, մենակյացին` մեծ Նիկողայոսին։

Եվ ինձ թվում է` պետք էր և ճիշտ էր, որ նա ոչ թե մարմնական կարիքից կամ առնական ցանկութհունից ծնվեր, այլ Աստվածային պարգևով։ Եվ որպես ընթացքն է կյանքի, այնպես է աճում մանուկը, խանձարուրվում, հետո ավելի մեծանում։ Իսկ այս սրբիս պարագայում աստվածային սքանչելիք եղավ, որ ծնողների առջև կատարվեց։ Երբ ծնվեց, ոմանք մոտեցան խնամելու և տեսան, որ քնարանում գրեթե երկու ժամ իր ոտքերին է կանգնել։ Եվ սքանչելիքը տեսնելով` բոլորն Աստծուն փառաբանեցին։ Իսկ նրա մայրը Սուրբ Հոգով բազմածնունդ եղավ, իրեն ուղղում էր դեպի առաքինություն, բազմացնելով հոգևոր սերմերի աճը և որովայնից սրբյալ նոր Սամվելին էր սնում մայրական կաթով։

Սուրբը ժամանակից արագ էր աճում, սքանչանում` հասակով, իմաստությամբ և շնորհքով. ի փառս Աստծու։ Եվ ծնողները, տեսնելով մանկան աճը, մտքներում պահեցին սքանչելիքը և խիստ հիացան և շնորհող Աստծուն գոհություն էին մատուցում։

Եվ գնացին մանկան երանելի քեռու մոտ, որի անունը Նիկողայոս էր, և պատմեցին նրա սքանչելի ծննդյան և զարմանալի աճի մասին։ Իսկ նա, լսելով և հիանալով դրանցով, նրանց հետ մեկտեղ մեծ ուրախութհամբ գոհանում էր Տիրոջից և բոլորին պատմում էր, թե հրեշտակի միջոցով Տերն ինչ տեսիլ է ցույց տվել իրեն երանելի մանկան մասին, որ մեծ հաջողություններ է ունենալու ի Քրիստոս։ Եվ նրա կողմից օրհնվելով` վերադարձան իրենց հարկի տակ և պատշաճ խնամակալությամբ սնում էին նրան, որ Աստծու կողմից իրենց պտուղ տրվեց և գուրգուրելով քաղցր հույսով` վայելում էին նրա զարմանալի տեսքը, մանկան առաքինությունն իրենցն էին համարում, փափագով և բարեպաշտությամբ էին ընդունում։ Եվ ոչինչ չկար, որ չանեին մանկան համար. համբուրում էին, օրորում իրենց ձեռքերի վրա, պարծենում նրանով։ Նաև նրանով էին զվարճանում և սփոփվում։

Երբ նա հինգ տարեկան դարձավ, իր հետ աճեցին և նրա շնորհները։ Եվ [ծնողները] նրան տվեցին մի անվանի դպիրի, որ գիր սովորեցնի։ Եվ մի օր, երբ նա դպրոց էր գնում, նրան Նովնիս անունով մի կին պատահեց, որ քաղաքի մերձակա գյուղերից էր։ Գոսացած ոտքերով և խիստ տառապող [կինը] աղաչեց մանկանը, որ բժշկություն ստանա, և նա աղոթեց և կնքեց կնոջը Խաչի նշանով և ազատեց ախտից։ Եվ առողջացած կինը մեծ ուրախությամբ և գոհանալով ու Աստծուն փառավորելով` իր տունը վերադարձավ։ Իսկ երբ աստվածասեր ծնողները տեսան նրան, [նկատեցին], որ կարճ միջոցում Հոգու իմաստությամբ է լցվել։ Իսկ հետո սուրբ վարդապետ Նիկողայոսի հետ մեկտեղ խորհրդակցեցին, որ իբրև պտուղ Աստծու կողմից տրվածին ընծայեն սուրբ եկեղեցուն ի ծառայություն, որ և տարան և քահանայապետներն անմիջապես ձեռնադրեցին նրան։ Եվ այնուհետև կարելի էր տեսնել սուրբ Նիկողայոսին բոլորի կողմից սիրված և գովաբանված, հաստատուն և առաքինի։

Իսկ նա, մարմնական կարիքները փոքր ի շատե հոգալով, ամբողջությամբ հոգու խնամքով էր տարված, բարիքներ էր գործում, ախտերն էր վանում և մաքրում հոգին, սպանելով երկրային անդամները, և ախտերից զերծ պահում հոգին, մարմինն ու միտքը։ Եվ սանձելով` բոլոր շարժումներն Աստծու կողմն էր ուղղում, և միայն զայրույթն էր, որ իր անձին հակառակ էր, [այն], որով պարտվեց առաջին մարդը։ Եվ ամբողջ ցանկությունը դեպի Աստված էր ուղղում` որպես իմաստուն հանդես գալով։ Արդարությամբ և ողջախոհությամբ էր ուղղորդում կյանքն իր` ասես մի քաջ կառապան նստած լիներ առաքինության կառքին, որով շտապում էր երկնքի բարձունքները ելնել։ Եվ կյանքն այսպես արդարությամբ վարելով` երանելի էր բոլորի համար։ Նաև չէր առանձնանում քահանայական գավթից։

Սուրբ Նիկողայոս հայրապետի սքանչելիքների մասին

Այժմ, ըստ իմ կարողության, սկսեմ պատմել նրա վարքի և սքանչելիքների մասին։

Պետրոս անունով մեկը խոստացավ կրոնավոր լինել։ Եվ այնպես պատահեց, որ սպառազեն զինվորների հինգ գնդով, այլ զորավարների հետևից, պիտի պատերազմի գնար ընդդեմ պարսիկների։ Եվ մարդկային կյանքում պատահող դեպքերի նման, այնպես եղավ, որ բարբարոսները զորացան եգիպտացիների վրա, բռնեցին և գերեվարեցին։ Եվ [գերյալների] թվում էր նաև հիշյալ Պետրոսը, որ տարվեց Սամարղան քաղաքը. մի մեծ և բազմամարդ քաղաք, որ Պարսից թագավորության ամրոց էր։ Եվ [Պետրոսին] որպես պարգև հանձնեցին պարսից զորավարին։

Եվ երբ Պետրոսը բանտ նետվեց, ճշմարտապես քննեց իր գործերը և իմացավ, թե ինչու մատնվեց [թշնամու ձեռքը]. որովհետև խորհել էր կրոնավոր դառնալ և հրաժարվել աշխարհիկ բաներից և հապաղել էր խոստումն իրականացնել։ Ափսոսում, զղջում և տխրում էր խոստումն ուշացնելու համար և մեղադրում էր ինքն իրեն։ Եվ ասես արժանի կերպով կրելով պատիժը` գոհությամբ դիմանում էր բոլոր [դժվարություններին]։ Եվ երբ մեկ տարի նա մնաց բանտում, [այլևս] ոչ մի տեղից փրկություն չէր սպասում։ Սակայն, քանի որ գիտեր սուրբ Նիկողայոսի և նրա սքանչելիքների մասին, պաղատում էր նրան և ասում. «Ո՜վ Աստծու սուրբդ Նիկողայոս, գիտեմ, որ արժանի եմ [այս] ամենին, որովհետև բազմիցս ուխտեցի Աստծու կրոնավոր դառնալ, սակայն չկատարեցի խոստումս, որի համար համարձակություն չունեմ անձիս համար Նրանից փրկություն խնդրելու, այլ քեզ, հա՛յր սուրբ, միջնորդ և երաշխավոր ունեմ առ Աստված, որ եթե քո աղոթքներով ազատես ինձ այս վտանգից, այլևս աշխարհական չեմ մնա և չեմ վերադառնա հայրենի տունս, այլ կգնամ Հռոմ` սուրբ Պետրոսի տաճարը և այնտեղ կրոնավորությունս կընդունեմ` իմ կարողությունների չափով»։ Եվ այս ասելով` նա մի ողջ շաբաթ սոված մնաց։ Իսկ շաբաթ օրվա ավարտին նրան երևաց արագահաս օգնական Նիկողայոսն ու ասաց նրան. «Լսեցի, եղբա՛յր, քո պաղատանքները և իմացա խնդրանքդ, սակայն քանի որ ծույլ և դանդաղկոտ գտնվեցիր Աստծու պատվիրանները կատարելիս, չէի կամենում քեզ բանտից ազատել։ Բայց որովհետև լսեցի Տիրոջից, թե` «Խնդրեցե՛ք, և կտրվի ձեզ, բախեցե՛ք և կբացվի» (Մատթ. Է. 7; Ղուկ. ԺԱ. 9)։ Մի՛ ձանձրացեք Նրա բարերարությունը խնդրելուց, և Նա կտնօրինի մեզ Իր բարերարությամբ»։ Եվ այս ասելով` սուրբը հրամայեց նրան համբերությամբ դիմանալ և կերակուր ճաշակել։ Իսկ նա, կերակուր ընդունելով` զորացավ և ճգնում էր, պահք պահում և աղոթում գիշեր ու ցերեկ։

Եվ կրկին անգամ երանելին երևաց նրան` խոժոռ և տխուր դեմքով, ցույց տալով` թե Տերը չլսեց իրեն։ Եվ ասաց Պետրոսին հանգիստ ձայնով. «Տե՛ս, եղբա՛յր, հավատա՛ ինձ, որ չդադարեցի Աստծուց մարդա սիրություն աղաչել քեզ համար։ Սակայն Բազմագութը սովորություն ունի փրկելիս հապաղել, որպեսզի անմիջապես ստանալով` արագ չմոռանաք։ Թերևս Նրան ցանկալի կլինի, որ քեզ համար բարեխոս դարձնենք Իրեն հաճո [սրբերից] մեկին։ Եվ ես ցույց կտամ քեզ արժանի բարեխոսին, որ փրկության մասին մեր խնդրանքների և պաղատանքների ջատագով կլինի»։ Իսկ Պետրոսն ասաց երանելիին. «Եվ ո՞վ է Աստծու այդ սուրբը, որ քեզնից առավել կարող է Աստծու ողորմություն հայցել, որովհետև ես հավատում եմ, թե քո միջնորդությամբ և բարեխոսությամբ է Աստված ապրեցնում համայն աշխարհը»։ Եվ Նիկողայոսն ասաց նրան. «Արդյո՞ք գիտես Սիմեոն ծերունուն, այն արդարին, որ արժանի եղավ տաճարում իր գիրկն ընդունել քառասնօրյա Տիրոջը»։ Եվ նա ասաց. «Գիտեմ, տե՛ր իմ, իսկապես գիտեմ, որովհետև Ավետարանում գրված է նրա մասին»։ Իսկ մարդասեր Նիկողայոսն ասաց. «Միասին կպաղատենք Աստծուն, որ կարող է անհնարինը հնարավոր դարձնել»։ Եվ այս ասելով` սուրբը հեռացավ նրանից։ Եվ երբ Պետրոսը քնից զարթնեց, դարձյալ սկսեց աղոթքով և պահքով ճգնել և շարունակ արտասանում էր Նիկողայոսի անունը։

Եվ այստեղ պետք է տեսնել սրբի ցավակից լինելը, որ կամենալով ուրախ պահել Պետրոսին, վերջում նրան ոգևորեց Գրքով, և իր հետ աղոթակից ունենալով արդար Սիմեոնին` ազատություն քարոզեց Պետրոսին. «Քաջալերվի՛ր,- ասաց,-եղբա՛յր, վանի՛ր տրտմությունդ, որովհետև մեր միջնորդությամբ և Սիմեոնի բարեխոսությամբ կատարվեց քո խնդրանքը»։ Եվ Պետրոսը, աչքերը բացելով, նայեց և տեսավ Սիմեոնին` մեծ քահանայապետին, և ահով բռնված` դողում էր ողջ մարմնով։ Իսկ Սիմեոնը, որ օրենքի համաձայն քահանայական զգեստներ էր հագել և գավազան բռնել, մոտեցավ նրան և այսպես խոսեց. «Դու ես այն [մարդը], որի համար մեր եղբայր Նիկողայոսը հաճախ աղաչում էր Տիրոջը, որ ազատվես բանտից և երկաթե կապանքներից»։ Իսկ նա, բերանը հազիվ բացելով, ասաց. «Այո՛, սո՛ւրբդ Աստծու, ես եմ, որ երաշխավոր դարձրեցի առ Աստված Նիկողայոսին և ձերդ սրբությանը` բարեխոս»։ Սուրբ Սիմեոնն ասաց նրան. «Եվ կկատարե՞ս ինչ խոստացել ես. կրոնավոր լինել և առաքինությամբ վարել կյանքդ»։ Եվ նա ասաց. «Այո՛, տե՛ր, [ես]` քո ծառան, կկատարեմ ամենը, որ խոստացա»։ Եվ Սիմեոնն ասաց. «Բարի կամքո՞վ խոստացար կատարել, որդյա՛կ։ Արդյո՞ք քեզ խանգարող բան չի լինի։ Ե՛լ և գնա՛ ուր կամենում ես, որովհե տև այսուհետ ոչ ոք չի կարող բռնել քեզ»։ Եվ ձեռքի գավազանը բարձրացնելով` սուրբը մոտեցրեց երկաթե կապանքներին, և որպես մոմն է հալչում կրակից, այնպես հալվեց երկաթը։ Եվ ելնելով` [Պետրոսը] Սիմեոնի և սուրբ Նիկողայոսի հետ շտապով հեռացավ։ Եվ նա աղաչում էր երկուսին, որ քաղաքից դուրս տանեն, որովհետև կարծում էր, թե երազում է տեսնում։ Եվ Պետրոսին քաղաքից հանելով` Սիմեոնը նրան հանձնեց սուրբ Նիկողայոսին և անհետացավ։

Եվ նրա մոտ մնաց խնամածու Նիկողայոսը։ Եվ երանելին հրամայեց, որ փող վերցնի` ճանապարհի համար։ Եվ Պետրոսն ասաց. «Ո՜վ Աստծու սուրբդ, ոչնչի կարիք չունեմ»։ Եվ Նիկողայոսը քաջալերեց նրան և հրամայեց մտնել պարտեզ և հարկ եղածին չափով այնտեղից պտուղ վերցնել։ Եվ այդպես չդադարեց նրա խնամքը տանել, մինչև անվնաս հասցրեց Հռովմայեցվոց երկիրը։ Եվ երբ մտան Գերգացիների աշխարհը, սուրբն անմիջապես անհետացավ` միայն այս ասելով Պետրոսին. «Այժմ ժամանակն է խոստումները կատարելու, ապա թե ոչ` Սամարղանը հիշո՛ւմ ես, դարձյալ այնտեղ կհայտնվես»։ Իսկ Պետրոսը, որովհետև գիտեր խոստումն ուշացնելու պատուհասները, խիստ վախեցավ և կատարեց ինչ որ խոստացել էր։ Ո՛չ իր տունը գնաց և ո՛չ բարեկամներին երևաց. շտապ ուղևորվեց Հռովմ, որ հասնի և կատարի խոստացածը` ինչ որ շրթունքներն արձակեցին և լեզուն խոսեց։

Եվ այստեղ, ինձ թվում է` երևում է սուրբ Նիկողայոսի անսահման հոգածությունը, որովհետև իբրև գթած հայր` միշտ խնամում և պահպանում էր իրեն հուսացողներին. ուղեկցեց ճանապարհին, ուղղորդեց, քաջալերեց Պետրոսին և արիություն շնորհեց և չբաժանվեց նրանից, մինչև որ չնվիրաբերեց Աստծուն։

Երբ Պետրոսը Հռովմ հասավ, ո՛չ եկեղեցու տեղը գիտեր, և ո՛չ այն, թե ո՞վ է Հռովմի եկեղեցու առաջնորդը։ Եվ Աստծու սուրբը երևաց Հռովմի հայրապետին և Պետրոսի ձեռքից բռնելով` ցույց տվեց նրան։ Եվ ամենը կարգով պատմեց հայրապետին. թե ինչպես Պետրոսին ազատեց բանտից, և թե ինչպես վերջինս խոստացավ «կարճացնել մազերն» ու կրոնավոր դառնալ Պետրոս առաքյալի տաճարում։ Եվ հայրապետին տեղեկացրեց. «Պետրոս է անունը նրա։ Եվ այժմ մի՛ հապաղիր և շտապ իրագործի՛ր սրա խոստումը»։ Եվ հայրապետը քնից զարթնեց և շտապ գնաց առաքյալի տաճարը։ Օրը կիրակի էր, [և եկողները շատ էին]։ [Հայրապետը] նայում էր բոլոր տաճար մտնողների դեմքերին, որ թերևս կարողանա ճանաչել նրան, որին անուրջներում ցույց էր տվել [Նիկողայոսը]։ Եվ երբ բազմությունն անցնում էր, տեսավ և այնքան ամբոխի մեջ ճանաչեց և նշան անելով` իր մոտ կանչեց։

Եվ որովհետև Պետրոսը չնկատեց այդ, հայրապետը անունով կանչեց նրան. «Պետրո՜ս, [դո՛ւ], որ Գերգացիների աշխարհից ես գալիս…»։ Եվ երբ մոտեցավ [Պետրոսը], հայրապետն ասաց. «Դու չե՞ս, որին մեծ Նիկողայոսն ազատեց բանտից և կապանքներից»։ Եվ նա ասաց. «Այո՛, տե՛ր, ես եմ»։ Հայրապետն ասաց. «Մի՛ զարմացիր, որդյա՛կ, որ քեզ կանչեցի, չնայած երբևէ չէի տեսել. սուրբ Նիկողայոսն այս գիշեր երևաց ինձ և պատմեց քո մասին ամենը։ Եվ դրա համար եկել եմ «մազերդ կարճացնելու»։ Եվ այս ասելով` կտրեց մազերը, [օծեց] նրան և նվիրեց Աստծուն։

Երբ [սուրբն այս] լսում է աղաչանքները, օգնում է նրանց, որ դիմում են իրեն, և այսպես հռչակավոր Նիկողայոսը հրաշք[ներ] է գործում։ Եվ [պատմությունը], որ այժմ պատմեցի և մյուսը, որ պիտի պատմեմ` առաջինի նմանությամբ, ևս Սիմեոնի հետ գործեց։

* * *

Մի կապադովկացի մարդ, որ զորավար էր, ժառանգել էր իր աշխարհի իշխանությունը։ Եվ կին և որդիներ ուներ, որոնց խրատել էր ամենայն բարեպաշտությամբ և Տիրոջ պատվիրաններով։ Եվ նրանց պալատ տարավ և թագավորական սպասավորության դրեց։ Իսկ երբ նրանք բնակվեցին այնտեղ, ինչ-որ ապականիչ ախտ ընկավ նրանց մեջ` մանիքեական պիղծ և եղկելի կրոնից, և կործանող աղանդի դառն թույնը ծածուկ բույն դրեց նրանց մեջ, սակայն կեղծավորությամբ արտաքնապես քրիստոնյա էին ձևանում։ Եվ երբ նրանց հայրն իմացավ այս, մտածմունքի մեջ ընկավ, սկսեց զգուշացնել իր որդիներին և աղաչելով խնդրում էր հեռու մնալ կործանող հերձվածից։ Եվ այսպես էր ասում նրանց. «Վա՜յ ինձ, քաղցրի՛կ որդիներ։ Ո՞վ ապականեց ձեր անբիծ հավատը, ո՞վ կողոպտեց ձեր անկողոպտելի գանձը, ո՞վ խորտակեց ձեր անգին մարգարիտը, ո՞վ քաղցրության փոխարեն դառնություն սերմանեց ձեր հոգիներում, ո՞վ… Ի՞նչպես սովորեցրի ձեզ քրիստոնյա լինել, և ինչո՞ւ համաձայնեցիք հեռանալ լույսից և խավարին հասնել։ Եվ [ինչո՞ւ] ծառա դարձաք խավարազգյաց կործանող դևերին, փոխանակ ծառայելու Տեր Աստծուն, որ բնակվում է անմերձենալի լույսի մեջ և լուսավորում բոլոր մարդկանց, և որ գալու է [երկրորդ] անգամ»։

Այս ամենը և սրանից ավելին ասաց որդիներին և շարունակ խորհուրդ էր տալիս։ Սակայն նրանք անշարժ մնացին չարիքի մեջ, որովհետև ախտով բռնված հոգին ոչ մի խորհրդի չի հնազանդվում, այլ խավարած սրտով գահավիժում է։ Եվ երբ իմացավ նրանց անդրդվելի միտքն ու կամքը, ուրիշ միջոցի դիմեց. սպառնում էր, որ եթե չհամաձայնեն, տանջանքների և չարչարանքի կենթարկի։ Եվ տեղեկացրեց թագավորին և բացատրեց, որ որդիներն այդ չարիքով կործանվեցին։ Իսկ նրանք երբ տեսնում էին իրենց ծնողի զայրույթն ու ցասումը, չէին համարձակվում հանդիմանել. որովհետև խավարի ախտի մեջ գտնվողները չեն կարող լույսին նայել։ Եվ վատնելով իրենց ամբողջ ունեցվածքը և լքելով ազգն ու բարեկամներին, մանիքեական բազմաշփոթ աղանդի հետևից գնացին` իրենց հորը թողնելով անմխիթար սգի մեջ։ Եվ նա այնքան չվշտացավ որդիների հեռանալու համար, որքան ուղիղ և ճշմարիտ հավատն ուրանալու, և կյանքն անց էր կացնում հեծությամբ, աղաչում էր Աստծուն, որ նրանց զղջալու ժամանակ տա բաժանվելու և հեռանալու այն [աղանդից], որ նրանց խավարի մեջ նետեց։ Օգնության էր կանչում նաև Նիկողայոս երանելի և երջանիկ հայրապետին, որովհետև մարդն այս սովորություն ուներ սրբի հիշատակը կատարելու։ Նաև սրբի [պատվին] տաճար էր կառուցել, պայծառությամբ և վայելչությամբ գեղեցկացրել։ Եվ նա շրջում էր Կապադովկիայի մերձակայքում, [լեզվա]մարտի բռնվում հերձվածողների հետ և հաղթելով` ամոթալից խայտառակությամբ բաց էր թողնում, ուստի նրանց թշնամանքին էր արժանանում, որովհետև որդիները ևս հրահրում և շարժում էին նրանց զայրույթն իրենց հոր դեմ։

[Սակայն] Աստծու անսահման զորությունը բարկության պահին կարող է զայրույթին տեղի տալ։

Մի դեպք եղավ, երբ աստվածամարտ մանիքեացիները նրան բռնեցին և նետեցին տիղմի և մրի փոսը։ Եվ այնտեղ երկաթյա կապանքների մեջ էր` իր հետ նետվածների պես։ Եվ բարեխոս ունենալով Նիկողայոս մեծ քահանայապետին` բանտում չէր դադարում աղաչել Տիրոջը, որ իրեն ազատի այդ նեղությունից։ Եվ երբ վեց օր ոչ մի բան չկերավ, ասաց. «Ո՛վ սուրբդ Աստծու, միայն քո ցանկությունն է հարկավոր, [որովհետև] Աստված քեզ կարողություն է տվել. եթե աղաչես մարդասեր Աստծուն, անմիջապես կլսի, որովհետև գրված է` «Իր երկյուղածների ցանկությունն ընդունում է Տերը և լսում նրանց աղոթքները և ապրեցնում նրանց» (Սաղմ. ՃԽԴ. 19)։ Ինչո՞ւ ինձ այս բանտում թողեցիր, ինչո՞ւ լքեցիր ինձ։ Մի՞թե չգիտես, որ սկզբից ևեթ մինչ օրս հույսն իմ քեզ հետ է և մեծ խնամքով կառուցել եմ քո տաճարը և երբեք չծուլացա` ամեն տարի քո հիշատակը կատարել։ Ամեն տեղ սքանչելիք ես գործում, ինչո՞ւ ինձ անմխիթար թողեցիր այս կապանքների մեջ։ Եվ ուրիշ բան չեմ կարող մտածել, բացի նրանից, որ իմ հանցանքները փակեցին գութը ինձ խնամող մարդասերիդ և միգախառն մառախուղի պես ամպերը ծածկեցին ինձ և չեն թողնում, որ պաղատանքներիս ձայնը լսելի լինի ունկիդ»։

Այս և սրանից ավելին իր մտքում խոսեց Աստծու սրբի հետ։ Եվ ասես իրոք խոսում էր նրա հետ` այդպես ավարտեց իր պաղատանքի խոսքերը։ Իսկ երբ երեկոն իջավ, լռեց և մի փոքր նիրհեց։ Եվ ահա երևաց նրան Աստծու սուրբն ու ասաց. «Աստծու մարդ, ինչո՞ւ ես ինձ դիմում. ես մի մեղավոր մարդ եմ և պետք է շատերին օգնեմ։ Ինդրի՛ր բոլորի արարչից, և Նա Իր բարեգթությամբ առատապես կպարգևի Իր ողորմության շնորհները նրանց, ովքեր խնդրում են Իրենից։ Բազմիցս աղաչեցի քո համար, բայց չլսեց ինձ։ Սակայն մի բան կասեմ. մի արդար մարդ կար, որի անունը Սիմեոն էր, որ տաճարում իր գիրկն ընդունեց Աստծու Որդուն։ Նա Աստծուն խնդրելու իրավունք ունի, և [Աստված] կատարում է նրա բոլոր խնդրածները։ Սիմեոնին ուղղիր քո պաղատանքը, և նա կփրկի քեզ բոլոր վտանգներից»։ Եվ [մարդն] անմիջապես զարթնեց քնից և խնդությամբ լցվեց և սկսեց աղաչել ծերունուն, որպես պատվիրված էր։ Եվ երբ նույնքան օրեր սոված մնալով աղոթում էր Աստծուն, անուրջներում նրան երևաց արդար [ծերունին] և ասաց. «Ո՛վ մարդ, երբեք ինձանից չէիր խնդրել, որ քեզ տայի։ Ո՞վ քեզ խորհուրդ տվեց թողնել մեր եղբայր Նիկողայոսին, որի հիշատակը կատարում ես ամեն տարի և որի անունով տաճար ես կանգնեցրել։ Նրա՛ն աղաչիր, որ կատարի քո խնդրանքները և ազատի քեզ այս նեղությունից, որովհետև բոլոր սրբերից առավել նա ընդունեց արագ օգնության հասնելու շնորհը»։ Եվ այս ասելով` անհետացավ։

Իսկ նա անհագ կերպով սկսեց աղերսել, ինչի մասին տերն առակով ասում է Ավետարանի մեջ, թե` մեկը գիշերով երեք նկանակ է խնդրում բարեկամից, իսկ նա պատճառաբանում է, թե դռները փակված են և մանուկներն իր հետ անկողնում են։ [«Բայց եթե բարեկամության համար վեր չկենա և չտա], թախանձանքի պատճառով վեր կելնի և կտա նրան [ինչ որ պետք է»] (Ղուկ. ԺԱ. 5-8)։ Եվ կամ դարձյալ ասում է. «Խնդրեցե՛ք և կտրվի ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվեն ձեզ համար» (Ղուկ. ԺԱ. 9)։ Եվ ինքն իրեն այս բաները մտածելով` դարձյալ երեք օր սոված անցկացրեց։ Եվ երրորդ օրվա վերջին տեսավ երանելուն` քահանայական զգեստավորմամբ և ծերունու նման` ձեռքին գավազան բռնած։ Եվ բոլոր կողմերից արփիահրաշ լույսի ճառագայթներ էին, այնքան որ բանտը լցվել էր հրալից փայլատակմամբ։ Եվ մոտենալով մարդուն, ասաց. «Ե՛կ, ահա ազատվեցիր կապանքներիցդ»։ Եվ ձեռքին եղած գավազանով հպվեց և ազատեց նրան երկաթե կապանքներից ու ասաց. «Արի՛ իմ ետևից»։ Եվ մոտեցավ դռանն ու բացեց նրա համար և անցկացրեց բանտի հսկիչների միջով, ինչպես և բանտն արտաքինից հսկողների և ճանապարհ բացելով` հասցրեց քաղաքի դռների մոտ։ Եվ երբ մոտեցավ դարպասին, փականներն անմիջապես բացվեցին։ Եվ դուրս հանելով` ասաց. «Գնա՛ հանգիստ և մի՛ երկնչիր որևէ մեկից»։ Եվ երբ [մարդը] մի փոքր տեղ գնաց, նրան նորից հանդիպեց Նիկողայոս քահանայապետն ու ասաց. «Ուրախացի՛ր, որդյա՛կ,- և գիրկն առնելով նրան` համբուրեց ու ասաց,-ահա քո խնդրածները կատարեց Տերը, և պետք է մշտապես գոհանաք Նրանից»։ [Նաև ավելացրեց]. «Երբ Հունաց աշխարհը հասնես, չգնաս քո տուն, այլ կգնաս Հռովմ։ Եվ այնտեղ կգտնես իմ եղբայր Նիկողայոսին` քահանայական աթոռի վերատեսուչին և մեր ողջույնները կհայտնես նրան։ Եվ նրանից կրոնավորություն կընդունես, մազերդ կարճացնելով, և Աստված քեզ կտա բոլոր բարիքները»։ Եվ նրան հացի երեք նկանակ տվեց և ասաց. «Վերցրո՛ւ հացն այս և կերակուր ճաշակի՛ր»,- և նույն պահին անհետացավ։ Եվ նա խնդությամբ շարունակեց ճանապարհն իր`առանց որևէ խոչընդոտի հանդիպելու։ Եվ մի դրախտային այգի գտավ և իր կարիքի չափ այնտեղից միրգ հավաքեց, և պահապաններից ոչ մեկը չխոսեց նրա վրա, թե` «Ի՞նչ ես անում»։ Եվ նա, վերցնելով պտուղները, գնաց-հասավ Հունաց երկիրը։

Եվ չխախտեց իր ուխտը, այլ իր տունն օտար հարկ համարեց, իսկ բարեկամներին` անծանոթ, և գնաց իր ճանապարհով` ուր հրամայված էր։ Եվ [նա], որ սրանից առաջ պայծառ զգեստներով և ոսկեզարդ երիվարով էր շրջում, այժմ չարչարվելով` հետիոտն էր գնում։ Եվ երբ հասավ Օվկիանոսին, մի նավ գտավ, որ Հռովմ էր գնում. նստեց այն և հասավ հռչակավոր քաղաքը։ Եվ այդ օրը մեծ տոն էր, երբ ամբողջ ժողովուրդը առաքյալի տաճարն էր գալիս։ Եվ նա հարցրեց, թե ո՞ւր են գնում, և պատասխանեցին, որ գնում են առաքյալի տաճարը։ Եվ մարդը, խառնվելով նրանց, եկեղեցի մտավ խորհրդավոր պատարագի ժամանակ և իր մոտ կանգնածներին խնդրեց, որ ցույց տան քահանայապետին։ Եվ երբ ցույց տվեցին, մոտենալով ընկավ նրա ոտքերը։ Եվ հայրապետն ասաց. «Եղբա՛յր, արի՛ ողջունենք միմյանց, որովհետև քո մասին պատմել է իմ եղբայր Նիկողայոսը»։ Եվ նա, զարմանալով հայրապետի ասածից, ոչինչ չկարողացավ պատասխանել։ Իսկ հայրապետը, նրան վերցնելով, կարճացրեց մազերը, [կրոնավոր դարձրեց] և խաղաղությամբ ճանապարհեց։ Իսկ նա այնտեղից գնաց և եկավ բնակվեց Գաղղիայի սահմանների մոտ` մի անապատ վայրում, և այնտեղ ավարտեց կյանքն իր` առաքինական ճգնությամբ պայծառանալով։ Եվ իր չարչարանքների բոլոր դեպքերը, [և] թե ինչպես սուրբ Նիկողայոսի և արդար Սիմեոնի բարեխոսությամբ ազատվեց նեղությունից, գրի առավ և հանձնեց հավատացյալներին։

Իսկ ես` իմ տկար լեզվով և փոքրագույն իմաստությամբ, իմ կարողության չափով, որքան հասու եղա սուրբ Նիկողայոսի սքանչելիքներին, պատմեցի առանց հապաղելու։

* * *

Իսկ այժմ նրա մյուս գործերին դարձնեմ խոսքս, որ չնայած անսահման են նրա սքանչելիքները և ոչ ոք չի կարող համրել, սակայն որքան հասու լինենք` առանց հապաղելու կպատմենք, որովհետև անհնար է, որ ծարավ [մարդ]ն, աղբյուրի հանդիպելով, [պարզապես] անցնի մոտով, կամ նորից հանդիպելով` չխմի, նաև անվտանգ չէ ծարավի առկայությունը չգիտակցելը, որի համար բազում նախատինք կստանա։ Այս իսկ պատճառով բարեպաշտներից ինչ որ լսեցինք, ուշադրության առանք և միավորեցինք մեր խոսքին։

Մի մարդ Կոստանդնուպոլիս հոյակապ քաղաքից ելնում և նավելով Թրակիսի կողմերն էր հասնում։ Եվ [մի անգամ], երբ նավում էին, և նավը ծովի խորքերում էր, գիշերով վրա հասավ ալեկոծ մրրիկը և ուժգին հողմով նավը ճեղքեց։ Իսկ մարդն այդ պինդ բռնվել էր առագաստի փայտից, սակայն հողմի ուժգին փչելու ժամանակ չկարողացավ դիմանալ, և քշվեց, ընկավ ծովը։ Եվ նա ոչինչ չհասցրեց պաղատել, այլ միայն այս. «Սո՛ւրբ Նիկողայոս, օգնի՛ր ինձ»,- և ծովն ընկղմվեց։ Եվ անընդհատ այս էր աղաղակում` սրբի անունը տալով։ Եվ ո՜վ զարմանալի սքանչելիք, որ առաջիկա խոսքը հիացնում է միտքս. աներևույթ զորությունը բարձրացրեց նրան և փակ դռների միջով անցկացնելով` իր տունը մտցրեց։ Եվ երեք սքանչելիք կատարեց. նախ, որ ծովից կենդանի հանեց, երկրորդ, որ մարդու մտքի պես արագ` փակ դռնով անցկացրեց, երրորդ, որ ոչ միայն դռնով անցկացրեց, այլև սենյակն իր հասցրեց։ Իսկ ովքեր տանն էին, երբ ձայնը լսեցին, ասացին. «Ո՞վ է սա… արդյոք այս ձայնը նման չէ՞ մեր տիրոջ ձայնին, որ այսօր հեռու ճանապարհ ընկավ… ի՞նչպես այսքան արագ եկավ… փակ դռների միջով»։ Ահով բռնված` մոտեցան սենյակի դռանը և տեսան, որ հուսալիորեն փակված է սողնակով, և լսեցին, որ բարձր ձայնով արտասանում է սրբի ձայնը։ Եվ նրանք, ջահեր վառելով, բացեցին դռները և նրան անզգայացած գտան, ասես կիսամահ, այնքան, որ չգիտեր ով լինելը։ Եվ կարծեցին, թե ավազակ է։ Իսկ երբ ճանաչեցին, հարցնում էին, թե` «Քեզ ի՞նչ պատահեց, և ինչպե՞ս մտար փակ դռնով»։ Իսկ նա, փոքր-ինչ ուշքի գալով, հարցրեց. «Որտե՞ղ եմ, և ո՞վ եք դուք, որ հետս խոսում եք»։ Եվ նրանք ասացին. «Ահա քո տանն ես և չգիտե՞ս, թե որտեղ ես»։ Եվ նա, աչքերը բացելով, ասաց. «Այն գիտեմ, որ նավի վրա էի և ծովն ընկա։ Իսկ թե ինչպես այստեղ եկա` չգիտեմ»։ Եվ նրանք շոշափեցին նրան, որ ճիշտն իմանան, և տեսան, որ նրա շորերը թաց են, այնքան, որ ջուրն ասես վտակներով հոսում էր։ Եվ այսպես իմացան, որ ծովից էր բերվել նա, որովհետև վրայից հոսող ջուրն աղի էր։ Եվ բոլորը, հիացմունքի մեջ ընկած, չէին կարողանում խոսել։ Եվ հավաքվեցին քաղաքի բոլոր բնակիչները, որ տեսնեն զարմանալի սքանչելիքը։ Եվ բոլորը փառք տվեցին Աստծուն, որ իր սրբերի միջոցով սքանչելիքներ է հրաշագործում։

* * *

Այժմ արթնացրեք ձեր մտքերը մյուս սքանչելիքի համար և մի՛ ձանձրացեք երկարությունից, որովհետև պատմությանս ունկնդրությունն իզուր չի լինի, այլ բազմապատիկ վարձքով կվերադառնա։

Սիմեոն անունով մի մարդ երկյուղածությամբ և ճգնությամբ էր անցկացնում կյանքը, և որովհետև սրբազնագործման շնորհ ընդունեց Աստծուց, Դեկապոլսեցի կոչվեց բոլորի կողմից։ Նաև իրեն մերձավոր մի մարդ ուներ, որի անունը Նիկողայոս էր։ Եվ ինչ-որ գործով նրան Արևմտյան կողմերն ուղարկեց։ Եվ ծովի վրա խաղաղություն և հանդարտություն էր։ Եվ արագընթաց նավելով` ախորժելի բարբառով երգում էին, որպես կարգն է նավարկողների` խնդությամբ գնալ։ Հանկարծ նրանց վրա հասավ սաստիկ մրրիկը` բարձր ալիքների միջից խռովաձայն գոռալով։ Եվ ավելի ու ավելի էր սաստկանում հողմի ուժը, որ վայրի կերպով տարուբերում էր նավը և ալիքներ շպրտում վրան, մինչև որ [նավողները] բաց թողեցին առագաստը, լքեցին ղեկն ու թողեցին թիակները։ Նաև անձրևն էր մեծ սաստկությամբ թափվում նրանց վրա, այնքան, որ այս կյանքից հույսերը կտրեցին։ Եվ իրենց կյանքը փրկելու ոչ մի այլ հնար չգիտեին, այլ միայն արագահաս օգնական Նիկողայոսի անունն էին արտասանում։ Եվ իրենց խնդրանքով չվրիպեցին, որովհետև պարզորոշ երևաց կրոնավորն այն` մեծ սքանչելագործ Նիկողայոսը, որ ծովի վրա քայլում էր` ասես ցամաքի վրայով, այնպես, ինչպես Փրկիչը, [երբ] խոսեց աշակերտների հետ, նույնպես և Նիկողայոսը, որ զվարթացնող ձայնով ասաց նավավարին. «Արի՛, եղբա՛յր, մի՛ տարակուսիր, քաջալերվի՛ր և ամո՛ւր պահիր նավիդ ղեկը, որովհետև ձեզ հետ եմ»։ Եվ այս ասելով` անհետացավ։

Եվ նույն պահին խաղաղություն եղավ ծովի վրա, և երկինքը պարզվեց, հողմն անցավ, և ծովը հանդարտվեց ինչ-պես փոքրիկ ամանի մեջ լցված ջուր։ Եվ նրանք, որ սկզբում հուսահատվել և իրենց մեռյալ էին պատկերացնում, սրբի երևալուն պես խնդությամբ լցվեցին և փառավորեցին Աստծուն, որ սքանչելիքներ է գործում իր սրբերի միջոցով։ Իսկ մենք` խոսքով և իմաստությամբ տկար, թեև հիանում ենք նրա սքանչելի գործերով, սակայն ի զորու չենք նրան գովություն առաքել արժանի կերպով, բացի մյուս սքանչելիքները պատմելուց։

* * *

Գրատիոս անունով մի մարդ, որ բնակվում էր Մյուռիո քաղաքի ծովեզրին, սովորություն ուներ ամեն տարի կատարելու սուրբ քահանայապետի հիշատակը և աղքատներին բազում ինչք բաժանելու։ Իսկ մի անգամ, երբ եկավ նրա տոնի պայծառ և երևելի օրը, շատերը գնացին Մյուռիո քաղաքը` նրա սուրբ գերեզմանը երկրպագելու։ Իսկ Գրատիոսն ու իր կինը մնացին տանը, որ տոնի պատրաստությունը տեսնեն։ Նրանց որդին` Բասիլիոսը, ևս գնաց տաճար։ Եվ երբ ավարտեցին երեկոյան պաշտամունքը, հանկարծակի նրանց վրա հարձակվեցին հագարացիները, և ով որ հանդիպեց, գերեվարեցին Կրետես կղզի։ Իսկ Գրատիոսի որդի Բասիլիոսին, որովհետև հույժ վայելուչ տեսք ուներ, [հագարացիները] նվիրեցին իրենց ազգապետին։ Ու քանի որ ուշիմ և ընդունակ էր, [առաջնորդը] պատշաճ համարեց անձնական սպասավորների շարքը դասել։ Երբ մանկան ծնողները լսեցին իրենց զավակի հետ պատահածը, նրանց ուրախությունը սուգ դարձավ։ Եվ հապաղեցին տոնը կատարել և արհամարհեցին իրենց տոնական պատրաստությունը և անդադար ողբ և հառաչանք էին վերառաքում Աստծուն։ Եվ արդյոք ո՞վ կարող է պատմել և նկարագրել նրանց անփարատելի տրտմությունն ու անմխիթար վիշտը, և կամ օրնիբուն սրտի խորքերից բխող հառաչանքները և արցունքի վտակները, որ հոսում էին նրանց աչքերից։ Երեխայի մայրը եղեգով ծվատում էր երեսը և գլխի մազերն արմատից պոկում, այնպես, ինչպես կողբա մայրը միակ որդու համար։ Բոլոր նրանք, որ տեսել են նման մի բան, կասեն, թե ինչ վշտի մեջ են ընկնում ծնողները զավակից հանկարծորեն զրկվելիս, որովհետև երբ հիվանդության դեպք է լինում, ամեն կերպ փորձում են հմուտ բժիշկ գտնել, որ թերևս կարողանան բժշկել իրենց սերնդին։ Եվ եթե այդքանից հետո կորցնում են, սուգն այնքան չէ, ինչ կլիներ առողջ երեխային հանկարծակի գերության մեջ կորցնելիս, այն էլ անօրեն և գարշելի մի ազգի գերության։ Եկան նրանց գավառակիցները, և միասին լալիս ու ողբում էին։ Եվ ինչպես մարգարեն է ասում` նրանց տոնը ողբ դարձավ, և ուրախությունը` տրտմություն, սաղմոսերգության փոխարեն` հառաչանք, փառաբանության փոխարեն` մոլորեցնող խոսքեր էին վերառաքվում` մեղքին հաղորդվելով։ Եվ ով կհամարձակվի կրկնել նրանց մոլորյալ խոսքերը, որովհետև կարծում էին, թե սուրբ Նիկողայոսը չի կարող բացահայտ սքանչելիք գործել և իրենց ազատել այդ վշտից։ Եվ մտքներով չէին անցկացնում [այն դեպքը], երբ դեռ երկրի վրա եղած ժամանակ, [սուրբը] հեռուներից երևացել էր թագավորին և պատժից ազատել նրանց, որ անմեղ տեղը մահվան էին դատապարտվել։ Բայց այժմ [սուրբը հապաղեց], թույլ տալով, որ մեղքը փոքր ինչ մեծանա, որպեսզի ավելի մեծապես հրաշագործի մեղքի դեմ։

Իսկ երբ մեկ տարի անցավ, և ծնողներին անհայտ մնաց մանկան ճակատագիրը, նորից եկավ մեր երիցս երանյալ հայր Նիկողայոսի տոնը։ Եվ բոլորը դիմելով գնում էին սրբի տոնին, և ամեն մեկն ըստ կարողության նվիրաբերում էր։ Միայն Բասիլիոսի հայրն էր, որ չէր շտապում, որովհետև իրեն ու կնոջը մեծ սուգը երկմտության մեջ էր գցել։ Եվ մանկան հոր միտքը երկու մասի էր բաժանվել. ինչպես փարատի կնոջ վիշտը, կամ ինչպես մասնակցի տոնին։ Եվ հետո մոտեցավ Բասիլիոսի մորն ու ասաց նրան. «Ո՛վ կին, ի՞նչ օգուտ այստեղ մեր գերուն ողբալուց։ Միայն այս գիտենք` շատերին ունենք այսպես մեզ ողբակից։ Եվ եթե իզուր ողբանք, նա ոչինչ չի օգտվի դրանից։ Ե՛կ այժմ խոնարհությամբ գնանք սուրբ Նիկողայոսի մոտ, և հավատա՛, որ մեծ բարության կհանդիպենք, որովհետև անպատկերացնելի հույսով մեր մանկանը մեզ կվերադարձնի, իսկ եթե երեխան ծառա դարձած լինի, կգթա նրան, որ ծառայության լուծը ծանր չլինի։ Եվ այժմ ինչն է պատճառը, որ մենք անհաղորդ մնանք այս մեծ և պայծառ տոնին, որ ո՛չ միայն մարդիկ, այլ նաև հրեշտակներն են տոնում և երկրավորներիս հետ ուրախանում են նաև վերինների բանակները»։ Եվ կինն ընդունեց ամուսնու խոսքերը, և միաբանվելով` կատարեցին սրբի տոնը։ Եվ երբ կատարում էին երեկոյան պաշտամունքը, մեծ խրախճանք սարքեց իր տանը և ընդունեց այնտեղով բոլոր անցնողներին։

Եվ այժմ թո՛ղ ուշադիր լինի յուրաքանչյուր ոք, որ ի սրտե կամենում է ուկնդրել սրբի սքանչելիքները, որպեսզի միասին ուրախանանք։ [Հավաքվածները] հիշեցին նաև Բասիլիոսին և ասում էին. «Ո՜վ փափագելի մանուկ, մեր երանելի հոր մյուս տոնին թո՛ղ որ բաժակները դու տաս մեր ձեռքը»։ Եվ նրա բարեվայելչություններն էին գովում` ծնողներին սփոփելու համար։ Եվ երբ սկսեցին այս խոսել, [տան] արտաքին սրահում շների աղմուկ լսվեց և երկարեց, ասես գազանի վրա էին գազազած հաչում։ Իսկ տանը եղածները կարծեցին, թե հագարացիներն են իրենց վրա հարձակվել, և ջահեր վառելով` փորձում էին փրկության ճանապարհ գտնել։ Իսկ հայրը, լուսամուտից նայելով, տեսավ իր Բասիլիոս որդուն` հագարացու զգեստներով և ձեռքին անապակ բաժակ։ Եվ ապշահար` համարեց, թե աչքին է երևում և տարակուսանքից չէր կարողանում խոսել։ Ապա մի քիչ սթափվելով և ուշքի գալով` վախվորած, բայց և ուրախությամբ, մեղմորեն ասաց. «Որդյա՛կ իմ Բասիլիոս, իսկապե՞ս տեսնում եմ քեզ, թե աչքի ես երևում»։ Եվ նա ասաց. «Ես եմ` քո Բասիլիոս որդին, որ հափշտակվել էի հագարացիների կողմից»։ Իսկ հայրը, կամենալով լիովին համոզվել, մոտեցավ մանկանը, շոշափեց նրան և գիրկն առնելով` համբուրեց և գոհացավ Աստծուց։ [Եվ հայրն սկսեց] հարցնել, թե` «Ինչպե՞ս հանկարծակի վերևից հայրական գիրկը տրվեցիր… Ո՞վ բերեց [քեզ]… Ինչպե՞ս ազատվեցիր հագարացիների պիղծ ձեռքերից… Ընկերների՞դ հետ փախար, թե միայն դու… Ինչ-որ մեկն ազատե՞ց քեզ, թե ինքդ ազատվեցիր…»։

Եվ մանուկն սկսեց պատմել ամենն ու ասաց. «Այդ ասածներիցդ ոչ մեկի կարիքը չզգացի. ահա այս պահին, որ այստեղ կանգնած եմ, [նույն կերպ] կանգնած էի ազգապետի առջև, որովհետև մեզ գերողները ինձ հանձնել էին նրան։ Եվ մինչ [հագարացիներն] ընթրում էին, ես ազգապետին բաժակ էի մատուցում։ Եվ ինչ-որ զորություն ինձ հափշտակեց բաժակով հանդերձ, որ տեսնում եք։ Եվ չգիտեի, թե որտեղ եմ, մինչև այն պահը, որ խոսեցի ձեզ հետ։ Երկրից բարձրացա և բարձունքներում էի, մինչև որ դու խոսեցիր հետս։ Իսկ հետո ուշքի եկա և տեսա մեծ Նիկողայոսին, որ փարատում էր տրտմությունս և քաջալերում»։ Երբ նրա հայրն այս լսեց, հիացավ մեծ սքանչելիքով և մանկան ձեռքից բռնելով` տարավ նրա մոր մոտ և ասաց. «Ո՛վ կին, տե՛ս մեր առաջնորդի զորությունը, որ արագ օգնության է հասնում նրանց, ովքեր սրտանց տալիս են իր անունը»։ Իսկ մայրը, գիրկն առնելով իր որդուն, արտասվելով համբուրում էր նրան և ասում. «Արդյո՞ք իրականություն է, թե անուրջներում եմ գրկել որդուս, որին հափշտակել էին այլազգիները։ Արդյոք դո՞ւ ես, տղա՛ս, որ կորցրել էի»։ Այսպես և այսպիսի բաներ խոսեց մայրը։ Իսկ ընթրիքին եկածները մեծապես ուրախացած` հիանում էին սքանչելիքով։ Իսկ հաջորդ օրը հավաքվեց ամբողջ գավառը, որ ուրախակից լինի նրա ծնողներին։ Եվ օրհնություն էին մատուցում Աստծուն, որ Իր սպասավոր սուրբ Նիկողայոսի միջոցով այդպիսի սքանչելիքներ գործեց։

Արդ, ըստ մեր կարողության փոքրիշատե պատմեցինք սուրբ Նիկողայոսի արագահաս օգնությունն ու սքանչելի գործերը։ Եվ զարմանալի որևէ բան չկա, որովհետև նույն Աստվածն է, որ Ամբակումի միջոցով կերակուր էր մատուցում Դանիելին։ Եվ նույն Ինքը այժմ Իր սպասավոր Նիկողայոսի միջոցով սքանչելիքներ գործեց մանկան կապակցությամբ և հավատքի մեջ հաստատեց նրանց, որ խղճի մտոք ձգտում էին կատարել սրբի տոնը, որպեսզի փառավորեն Աստծուն և Նրա ծառա Նիկողայոսին ի Քրիստոս Հիսուս ի Տեր մեր, որին վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտ անս. ամեն։

« Սուրբ կույս Հուլիանեի վկայաբանությունը
© Gratun.org