Gratun
Search  show page numbers   Sign in
« Քրստոնյա Հայաստան Հանրագիտարան

Ա

Աբգար Թոխաթեցի

Աբգար Թոխաթեցի

ԱԲԳԱՐ ԹՈԽԱԹԵՑԻ, Աբգար Եվդոկացի, Աբգար Դպիր, Աբգար Սաֆար Թոխատցի (մոտ 1520 - մոտ 1572), տպագրիչ, հոգևորական , հասարակական-քաղաքական գործիչ։ Արծրունյաց թագավորական տան շառավիղ։ 1562 -ին մասնակցել է Սեբաստիայի գաղտնի խորհրդաժողովին։ Հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացին Ա. Թ-ու գլխավորությամբ պատգամավորություն է ուղարկել Հռոմ Հայաստանի ազատագրության, ինչպես նաև դավանաբան. հարցերով։ Հռոմի պապի հանձնարարությամբ Ա. Թ. Աղեքսանդր քահանայի հետ կազմել է հայերի Դավանագիրը (Հավատո հանգանակ), որը 1565-ի փետրվարին ներկայացրել է հատուկ հանձնաժողովին։ Այստեղ Ա. Թ. քաղաքական նկատառումներով դավանական նվիրվածություն է հայտնել պապին և շեշտել, թե Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միջև տարբերությունները չնչին են։ 1565-ին Վենետիկում հիմնադրել է տպարան և տպագրել «Խառնայ փնթուր տումարի» օրացույցը (մեկ էջանոց) և առաջին հայերեն «Սաղմոսարանը» (վերջինս մինչև 1880-ական թթ. սխալմամբ համարվել է հայերեն առաջին տպագիր գիրքը, իսկ Ա. Թ. առաջին հայ տպագրիչը)։ 1567-ին Ա. Թ. տպարանը տեղափոխել է Կ. Պոլիս և Ս. Նիկողայոս եկեղեցում իր որդի Սուլթանշահի գործակցությամբ հիմնադրել Կ. Պոլսի հայկական առաջին տպարանը, տպագրել հինգ գիրք՝ ամենօրյա ժամերգությունների համար եկեղեցածիսական «Ժամագիրք-Պատարագամատոյց» (1568), յուրաքանչյուր տարվա տոնակարգը ցույց տվող «Տօնացոյց» (1568), «Տաղարան» (1568), «Պարզատումար» (1568), ծիսական կարգերի, օրհնությունների և աղոթքների «Մաշտոց» (1569)։

Գրկ. Չամչյանց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786։ Զարդարյան Վ., Հիշատակարան (1512—1933), հ. 5, Կահիրե, 1939։ Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։

Աղավնի Ութուջյան

« Սուրբ Աբգար   |   Աբեղա »
© Gratun.org