Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Եղիազար Ա. Այնթապցի

1808. Մայրաթոռէն Ընտրուիլը

Եղիազարի հակաթոռ կաթողիկոսութիւնը, և Յակոբի մահուանէ ետքը անհակառակ գործունէութիւնը, և իր և իրեն կուսակիցներուն ջանքերը, նախապէս նոր կաթողիկոսի ընտրութիւնը յապաղեցին, որովհետև Սահակ կաթողիկոսի մը գոյութիւնը առեղծուածական ցուցուցինք (§ 1798)։ Երբոր նոր ընտրութիւն չընելու գաղափարը մէջտեղ ելաւ, հետզհետէ համեմատութիւն գոյացաւ ապօրինի կաթողիկոսութիւնը օրինաւորութեան վերածել, և Եղիազար Այնթապցին Էջմիածինի մայրաթոռին վրայ բազմեցնել։ Այդ մասին նախաձեռնութիւն մըն ալ կ՚ընծայուի Կաֆացիին, որ Էջմիածին գրեց, թէ մի գուցէ թարց հարցանելոյ այսր կողմանց առնէք կաթողիկոս։ Սակայն Կաֆացին իբր պատրիարք յԵրուսաղէմ ճանչնալը (ԶԱՔ. Բ. 106), պէտք է իբր երբեմն էր իմանալ, զի նոյն միջոցին, ինչպէս գրեցինք (§ 1792), Կաֆացին պատուիրակ գացած էր Եղիազարին և վերադարձած։ Համաձայն այդ առաջարկին վերջնական որոշումը տուաւ Մայրաթոռին միաբանութիւն, որ կաթողիկոսական ընտրութեանց իրաւասուն դարձած էր Փիլիպպոսի (§ 1666) և Յակոբի (§ 1723) ընտրութիւններէն իվեր։ Իրեն որոշումը պետական իշխանութեան ալ ընդունել տալէ ետքը (§ 1797), զայն պաշտօնական հրաւիրագիրով մը վաւերացուց, որ 1681 յուլիս 21 թուական կը կրէ (ՍՏՈ. 111), և 1680 օգոստոս 1-ին Յակոբի մահուան տարելիցէն 10 օր կանուխ է։ Այդ հրաւիրագիրը մեղադրական ակնարկ մը չունի Եղիազարի կանուխէն գործադրած ապօրէն ձգտումներուն վրայ, և հակաթոռութիւնն իսկ կը նուիրագործէ յերկուս սուրբ աթոռս յեղյեղեալ բաժանում անուանելով (ՍՏՈ. 109), և ոչ ալ նորէնոր պաշտօն յանձնելու ձևը կը գործածէ, այլ կանխագոյն ընտրեալ հոգևոր հովուիդ (ՍՏՈ. 107), և Աստուած զվեհդ յառաջագոյն իսկ ի նոյն ընտրեաց բացատրութիւններով (ՍՏՈ. 108), կարծես թէ նախընթացին ալ օրինաւորութեան ձև մը տալ կը փորձէ։ Մինչև իսկ զայն իբր նախախնամական բան մը կը ցուցնէ, յիշելով թէ Դաւիթ ալ ի Բեթղեհէմ թաքնաբար օծաւ, սակայն Աստուած ի թագաւորութիւն բոլորից ազանց էած զնա. և վրայ կը բերէ թէ՝ նոյնպէս և Աստուած զվեհդ ի սոյն յարդարեալ տնօրինաց այժմ։ Նամակը այնչափ խոնարհական և գետնաքարշ ոճով և զգացմամբ գրուած է, որ մինչև իսկ գրողները կը զիջանին խոստովանիլ, որ թէպէտ մեղանս ինչ ի ժամանակի առ քեզ յայտնեալ երևեցան, ըստ անառակին և մեք առ քեզ գոչեմք, մեղաք յերկինս և առաջի քոյ (ՍՏՈ. 109)։ Այդ ոճը, ոչ թէ եկեղեցւոյ մէջէն հակառակութեան և գայթակղութեան կէտ մը բառնալու նպատակը, այլ աւելի Եղիազարի նիւթական կարողութենէն և շինարարութենէն օգտուելու դիտումը կը ցուցնէ, առաջարկելով որ վերստին նորոգեսցէ և հաստատեսցէ զաթոռս (ՍՏՈ. 110), և յանձնառու ըլլալով որ եկեալ դիցէս զսուրբ գարշապարդ քո ի վերայ մեր գլխոյ (ՍՏՈ. 109)։ Նամակին ներքև յատուկ անունով անձեր յիշուած չեն, այլ իբրև ստորագրութիւն գրուած է, եպիսկոպոսունք, վարդապետք, քահանայք, սարկաւագունք, դպիրք, իշխանք և առհասարակ ժողովուրդք, վանահարք և անապատաւորք, և այլք (ՍՏՈ. 111)։

« 1807. Տպագրութեան Աշխատողներ   |   1809. Նամակին Հաղորդուիլը »
© Gratun.org