Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Եղիազար Ա. Այնթապցի

1810. Ընթացքն ու Գործերը

Եղիազար անծանօթ անձ մը չէ պատմութեանս համար, որ անոր նախընթացը պարտաւոր ըլլանք բացատրել։ Անիկա 1641-ին վարդապետութեան աստիճան առնելէն իվեր՝ հրապարակային գործունէութեան մէջ էր որով 1682-ին 41 տարիներու գործնական կեանք ունէր, և 70-ի մօտ ալ տարիք ունեցած պիտի ըլլայ։ Ամէն տեսակ արկածներ անցուցած էր, և ամէն տեսակ պաշտօններու մէջ մտած ու ելած էր քանի մը անգամներ։ Կոստանդնուպոլսոյ և Երուսաղէմի պատրիարքութիւններն ալ անոր ձգտումներուն յագուրդ չէին տուած. ինքնահնար և նորօրինակ կաթողիկոսութիւն մըն ալ ստեղծած էր, և հակառակ շատերու հակակրութեան և դիմադրութեան՝ իրեն համար կուսակիցներ շահած էր, և ստեղծած դիրքը կը պահէր։ Որչափ ալ այդ անյագուրդ ձգտումները Եղիազարը մինչև ապօրէն և անվաւեր ձեռնարկներու մղեցին, սակայն սիրտին խորը հանրութեան օգտակար ըլլալու դիտումը չպակսեցաւ, և ունեցած կարողութեան ձիրքերը և հարստութեան ինչքերը, անձնական վայելքի չյատկացուց, այլ ազգօգուտ շինութիւններու և ձեռնարկներու գործածեց։ Սիմէոն Երեւանեցին ալ զայն կը նկարագրէ իբրև այր ճարտարաբան և ճոռոմախօս, յաջողակ և ահաւոր (ՋԱՄ. 25), և գովանի ձեռնարկներ կը վերագրէ անոր։ Մարթ է ըսել թէ իրաւ չափազանց եռանդը և անկոպար ձգտումը՝ մինչև յախուռն ձեռնարկներու մղեցին Եղիազարը, բայց սիրտը չապականեցին, և երբոր բարեդէպ պարագաներով իր իղձերուն յագուրդը գտաւ, Էջմիածինի մէջ Ամենայն Հայոց հայրապետութեան օրինաւոր յաջորդ ճանչցուելով, և իր բորբոքած խազմն և կռիւն վերջացաւ (ԹՈՐ. Բ. 407), հանդարտ գործունէութեան տուաւ ինքզինքը՝ տարիքն իսկ այդ ձևը պահանջելով, և շինարար և արդիւնւոր պաշտօնավարութիւն ունեցաւ յօգուտ Մայրաթոռոյն։ Այդ կարգին իբր գլխաւոր պէտք է նկատել, որ զբազում պարտս սրբոյ աթոռոյս, որք մնացեալ էին յառաջնոց, սա զամենայնսն անհետ արար, և ազատեաց զսուրբ աթոռս, ինչ որ մեծ ծառայութիւն մըն էր, քանի որ գիտենք թէ ինչ ծանր նեղութեանց ներքև կ՚իյնար Մայրաթոռը պարտքերու և պարտատէրերու երեսէն։ Մայրտաճարին վրայ իր յիշատակներն են, Իջման տարւոյն վրայ շինուած սեղանն ու կաթողիկէն՝ որ յառաջագոյն լոկ գետնէն բարձր կլորակ քար մըն էր (ՇԱՀ. Ա. 31), տաճարին հիւսիսային և հարաւային կամարներուն ներքև երկու սեղանները, հիւսիսայինը Ս. Ստեփանոսի անունով և եօթը աստիճանով եպիսկոպոսական ձեռնադրութեանց համար, և հարաւայինը Ս. Կարապետի անունով և երեք աստիճանով վարդապետական ձեռնադրութեանց համար (ՇԱՀ. Ա. 39), և տաճարին մէջ սրբատաշ քարով բաժնուած դասը, զայն ժողովուրդէն զատելու համար, և վերջապէս տաճարին վրայ աւելցուած երեք փոքր կաթողիկէները (ՋԱՄ. 26)։ Հիմնական նորոգութիւններ կատարեց Ս. Հռիփսիմէի և Ս. Գայիանէի վկայարաններուն և վանքերուն վրայ. ասոնցմէ զատ զբազում եկեղեցիս և արար զնորոգութիւնս բազմաց վանօրէից (ՋԱՄ. 25), և զայլ բազում բարութիւնս արար։ Կալուածներուն ապահովութեան ալ նպաստեց՝ զգրեանս արքունական և դատաւորական հոգացեալ։ Միշտ ալ խրոխտ կենօք մնացեալ է (ՋԱՄ. 26), այսինքն է երբեք ստորնութեանց չզիջանելով, և ոչ ալ բռնութեանց տեղի տալով, մնացած է միշտ նոյն Եղիազարը զոր տեսանք՝ աննկուն գործող և դժուարութեանց և հակառակութեանց դէմ շարունակ մաքառող, ինչպէս իր առաջին քառասնամեայ ալեկոծեալ գործունէութեան մէջ։ Վերոյիշեալ շինութիւնները գրաւեցին Եղիազարի հայրապետութեան բովանդակ տևողութիւնը, և անոնցմէ դուրս շատ քիչ յիշատակներ հասած են ազգային խնդիրներու կամ աստանդական տեղափոխութիւններու վրայ։ Միաբանութեան մէջ ալ հանդարտութեան միջոց մը եղած է Եղիազարի տասնամեայ կաթողիկոսութիւնը, յայտնի նշանակ անոր ունեցած ազդեցիկ իշխանութեան և կարող վարչականութեան։

« 1809. Նամակին Հաղորդուիլը   |   1811. Երուսաղէմի Գործերը »
© Gratun.org