Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Եղիազար Ա. Այնթապցի

1813. Կաթոլիկներու Գործերը

Պատրիարքական աթոռին այդ անկեալ վիճակը տեսնելով իրաւացի է Մարտիրոս Քէօմիւրճեան Երէցին հետ արքայական մայրաքաղաքի պատրիչք ըսել, պատրիարքնուն կրողները, որոնք յաճախեալ ի չարս և թողլով զփառս զառ ի միոյն Աստուծոյ, ուսան կաշառօք և տոկոսիւք խլել յիրերաց զպաշտօնն։ Ասոր ալ հետևանքն եղած էր օր ըստ օրէ յաւելուլ զդիմոսական հարկն որ կը ցուցնէ թէ պաշտօնը խլելու միջոցը պետական տուրքի յաւելումն խոստումն էր եղած։ Այս պատճառով պատրիարքութեանանցնողներ սկսած էին եկեղեցիները կողոպտել ի տանց և ի յիշատակաց, ի զարդուց և այլ զգեստուց, միանգամայն մեծագումար պարտքեր ալ բարդուած էին պատրիարքարանին վրայ, ուստի առանց պատրիարքի մնալը դարման նկատուած եղաւ պարտքը շատցնելու համար, և ազգայիններ որոշուած էին, որ ոչ պատրիկ լիցի, և ոչ ի քաղաքս անգամ մտցէ (ԹՈՐ. Բ. 398)։ Անկանոն կացութեան մէջ անկարգութեանց անճումը բնական հետևանք էր, և նորեր սկսան աւելնալ հետզհետէ։ Յիշած ենք մայրաքաղաքին Հայութեան մէջ լատինասէր և լատինամոլ կուսակցութեան մը գոյութիւնը, որոնք չէին քաշուէր մինչև իսկ Լատինաց դաւանութեան ալ համակերպիլ, ինչպէս որ պատմեցինք (§ 1626), և այս ուղղութեամբ գործող պատրիարքներն ալ յիշեցինք, ինչպէս եղան Յովհաննէս Խուլը (§ 1597), Զաքարիա Վանեցին, և Թովմաս Բերիացին։ Սակայն այն ատեն բռնուած ուղղութիւնը, ներքին կուսակցութեանց պայմաններէն անդին չէր անցած, և փափաքէին կացութեան տիրանալ, պատրիարքութիւնը ձեռք անցնել, և իրենց ուղղութիւնը քալեցնել, սակայն իրարմէ անջատման և իրարու դէմ կրօնական խտրութեան շարժումներ չկային։ Միևնոյն եկեղեցիով և միևնոյն եկեղեցականներով կը վարուէին երկու կողմերը, բերանով կամ նամակով Լատիններու համեմատութիւն կը յայտնէին, բայց իրենց ծէսերուն և բարեպաշտութիւններուն մէջ տարբերութիւն չէին մտցնէր։ Լպրծուն էր այս բռնած ընթացքնին, բայց տակաւին հաստատուն կը մնային կեցած տեղերնին՝ անոնք որ Արևելք կը մնային, իսկ Արևմուտք անցնողներ տեղական համակերպութենէ չէին քաշուեր, իսկ Արևելք դարձած ատեննին նորէն իրենց հնաւանդ ձևերը կը գործածէին։ Բայց անգամ մը որ այդ սահուն ուղղութիւնը կը սկսէր, գլորումը հետևանք էր, և այս բանի գլխաւոր պատճառ պէտք է նկատել Արևմուտքի մէջ կրթուող և դիրք կազմող, և լատինական վանքերու և դպրոցներու, և յատկապէս Ուրբանեան վարժարանի մէջ ուսում առնոց Հայերը, որոնք հիմնապէս տոգորեալ կաթոլիկական սկզբունքով և սովորութիւններով, և Արևելեան եկեղեցիներուն տրուած հերձուածողի և հերետիկոսի կոչումներով ականջնին լեցած, միտքերը պղտորող զրոյցներով միամիտները կ՚որսային։ Արևմուտքի աշակերտող Հայերուն հետ և անոնցմէ առաջ պէտք է յիշել հայերէնագէտ լատին կրօնաւորներ, և առհասարակ իբրև քարոզիչ Հռոմի կողմէ Արևելք ղրկուած զանազան լատին միաբանութեանց անդամակիցներ, որոնք յատկապէս Հայերուն մէջ աշխատելու պաշտօն ունէին։

« 1812. Կ. Պոլսոյ Գործերը   |   1814. Հայոց Զգացումները »
© Gratun.org