Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Եղիազար Ա. Այնթապցի

1821. Դաւիթ Ջուղայեցի

Պարսկաստանի Հայերուն վրայ խօսած ատեննիս, գլխաւոր կէտ կը նկատենք շահ Սիւլէյամանի մտադրութիւնը, որ բոլորովին հեռանալով իր նախնեաց սկզբունքէն, կ՚աշխատէր անդրափոխել զողորմելի և զտառապեալ ազգս քրիստոնէից, մանաւանդ զազգս Հայոց, և հաւատոց իւրեանց, և դարձուցանել զնոսա իսլամական կրօնքին (ԽԱՉ. 154)։ Այս պարագան բաւական է հետևցնելու թէ այլ ևս Պարսկաստանի գաղթականները չունէին այն հանգիստ վիճակը, զոր կը վայելէին Մեծ Շահաբասի օրերը։ Իրենց հոգևորական վարչութիւնը կեդրոնացած էր Ամենափրկիչի վանքին մէջ, ուր արժանաւոր առաջնորդներ կը գտնուէին ընդհանրապէս։ Խաչատուր Կեսարացիին յաջորդ կը դնեն ոմանք Դաւիթ Ջուղայեցին եղած էր անոր յաջորդը (§ 1711)։ Իսկ Յակոբ Ջուղայեցին դժուար է այդ կարգին անցնել, որովհետև 1655-ին Դաւիթ պաշտօնի վրայ կը յիշուի (ԽԱՉ. 142), որ կը համապատասխանէ Սիմէոնի Ջուղայէ հեռանալուն թուականին (§ 1711)։ Խաչատուր աբեղայ Ջուղայեցի չափազանց գովեստներ կը շռայլէ Դաւիթի, կոչելով զայն երիցս երանեալ քահանայապետ սուրբ՝ Դաւիթ հրեշտակային վարդապետ (ԽԱՉ. 141), և Դաւիթի արժեքներուն գլխաւորն է Ամենափրկիչի վանքը վերաշինելը՝ հոյակապ և մեծածախ և յոյժ վայելուչ կերպով, ադինասարաս և երկնանման տաճարով, յոյժ գեղեցիկ և ամենաչքնաղ յօրինուածովք, զոր լրացուց 1664-ին (ԽԱՉ. 142)։ Դաւիթ նիւթական շինութեանց հետ ներքին զարգացման ալ աշխատեցաւ, և աշակերտներ հասուց մինչև ցքառասուն, ամենեքեան արք ընտիրք և փառազգեացք, զորս գեղեցկապանծ վայելչացոյց փիլիսոփայական գիտութեամբ և բնազանցական աստուածաբանութեամբ (ԽԱՉ. 219), և եղան անվանելի ախոյեանք ընդդէմ Պարսից անաստուածից, և ընդդէմ Երկաբնակ հերետիկոսաց (ԽԱՉ. 148)։ Ասոնց մէջ երկու նշանաւորագոյններն են Ստեփանոս Ջուղայեցի, որ Դաւիթին յաջորդեց (ԽԱՉ. 149), և Յովհաննէս Մրքուզ, որ նշանաւոր եղաւ իսլամ օրէնսգէտներուն հետ, և նոյն իսկ Պարսից շահին հետ քրիստոնէական հաւատալեաց պաշտպանութեան համար կատարած վիճաբանութիւններովը (ԽԱՉ. 153), զորս երկարօրէն կը քաղէ Խաչատուր (ԽԱՉ. 154-218)։ Ասոնցմէ ետքը կը յիշուին Աղէքսանդր, Խաչատուր, Մինաս, Անդրէաս, Միքայէլ, Մարկոս, Յովսէփ, Սիմէոն և Յովհան վարդապետներ ամէնքն ալ եպիսկոպոսութեան բարձրացած Մրքուզեան զատ, որ իւրով կամօք հրաժարեցաւ (ԽԱՉ. 219)։

« 1820. Հունգարահայ Գաղութը   |   1822. Յոհան Շեխ. Մումին »
© Gratun.org