Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Եղիազար Ա. Այնթապցի

1822. Յոհան Շեխ. Մումին

Երբոր 1680-ին Յակոբ կաթողիկոս Կ. պոլիս կը գտնուէր, Յոհան աբեղայ մը զայն կը բռնադատէ, որ Փէրիա գաւառին առաջնորդութիւնը իրեն տրուի Հաղարջրիպի վանքին հետ, և կաթողիկոսին դժուարանալուն վրայ կը սպառնայ ուրանալ զՔրիստոս տէրն մեր։ Յակոբ իբր թէ կը զիջանի կոնդակը տալ, բայց միևնոյն ժամանակ կը գրէ Էջմիածին, որ երբոր գայ ըմբռնեալ գիտցեն զնա ի Սևան կղզւոջ, և մի ևս իսպառ ելցէ անտի (ԽԱՉ. 149)։ Ըստ այսմ ալ կը գործադրուի, և Յոհան քանի մը տարի կը մնայ Սևան, բայց վերջապէս կը յաջողի փախչիլ անտի, և գաղտ Փէրիա գալով կը հաստատուի Հազարջրիպ վանքը։ Հազիւ թէ լուրը կառնուի Նոր-Ջուղայի մէջ, Ստեփանոս վարչապետ որ Դաւիթի յաջորդած էր, և Աղաբիր Շահխաթունեանց գիւղաւագը, և Ջիւղայեցւոց գլխաւորներ, վրայ կը հասնի, ըմբռնեն զՅոհան զաբեղայն, խոշտանգանօք և տանջանօք չարչարեալ տուայտեն, և դնեն ի զնտանս բանտի, բայց Յոհան անկէ ալ կը փախչէ, և Պարսից դիմելով իսլամութիւն կընդունի (ԽԱՉ. 150) Մէհմէտ-Ալի բէկ, Կամ Շեխ-Մումին կոչուելով (ԽԱՉ. 168), և պատեհի կը սպասէ Ստեփանոսէ և խորհրդակիցներէն վրէժը լուծել։ Այս տեղ պատմիչին ժամանակագրութիւնը կը կնճռոտի, և հարկ կըլլայ նկատի առնել, որ Յակոբի Կ. Պոլիս գտնուիլը 1689-ին էր (§ 1791), և Դաւիթի մահը 1684-ին (ԽԱՉ. 220), որով բնական էր Ստեփանոսի յաջմղմոթիւնը այդ տարեթիւէն հաշուել։ Այդ Յոհանը Սևանէ փախչելէն ետքը ձերբակալողը Ստեփանոս եղած ըսուելով (ԽԱՉ. 150), Յոհանի երկրորդ ձերբակալութիւնը և ուրացութիւնը, և զկնի ինչ ամաց կատարած մատնութիւնը, և ըՍտեփանոսի բովանդակ ամ ամի բանտարկութիւնը- և ծանր տուգանքով ազատուիլը, 1685-ին չեն կրնար իյնալ (ԽԱՉ. 151)։ Ուստի թուատառերու սխալներ եթադրելով՝ Յոհանի երկրորդ ձերբակալութիւնը 1685-ին, և Ստեփանոսի բանտարկութիւնը աւելի մերձաւորաբար 1687-ին պիտի դնենք, կամ եթէ Ստեփանոսի բանտարկութիւնը 1685 պիտի իմանանք, այն ատեն Ստեփանոս՝ Դաւթի յանձնարարութեամբ ձերբակալած կ՚ըլլայ Յոհանը մերձաւորաբար 1683ին։ Ամէն առթի մէջ ճիշդը ստուգելու փաստեր չունենալով նոր հետազօտողներու կը թողունք կնճիռին լուծումը։ Մեզի բաւական ըլլայ ըսել թէ Յոհան Շեխ-Մումին, Սիւլէյման շահին մօտ կ՚ամբաստանէ զՍտեփանոսը, և բանտարկեալ կու տայ զայն, և զայս բազումս վարդապետս և զքահանայս, և պրկել զոտս նոցա ի կոճեղս ծանրագոյն, ուր կը մնան ամ մի բովանդակ, և հազիւ հազար թուման վճարելով նախարարաց և մեծամեծաց, հազար թուման ալ արքային, և տարեկան երեք հարիւր թուման տուգանք խոստանալով կ՚ազատին։ Տարեկանը կը վճարուի մինչև 1691, և հազիւ կը ջնջուի 1692-ին Ջուղայի գիւղաւագ Աւետիսին ձեռքով (ԽԱՉ. 151)։ Այդ եղելութիւնները ամբողջարար Եղիազարի կաթողիկոսութեան միջոցին հանդիպելով, զարմանալի է անոր անունին բնաւ չյիշուիլը։

« 1821. Դաւիթ Ջուղայեցի   |   1823. Յովհաննէս Մրքուզ »
© Gratun.org