Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Նահապետ Ա. Եդեսացի

1830. Երեմիա Քէօմիւրճեան

Եփրեմի պատրիարքութենէն ոչ շատ ետքը, 1695-ին, ամսաթիւը անյայտ, կը վախճանէր Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեան (ՉԱՄ. Գ. 723), որուն անունը քանիցս տուինք պատմութեանս կարգին, անդստին այն ժամանակէն, որ Եղիազար իր ինքնահնար կաթողիկոսութիւնը ստեղծեց (§ 1754)։ Երեմիա նշանակելի դէմք մըն է մեր ազգային գործիչներու մէջ՝ իր ինքնատիպ և բազմակողմանի ձիրքերով։ Հաւասարապէս ներհուն եւրոպական լեզուներու, և տեղական յունարէնի, և տաճիկ ու արաբացի գրականութեան, փոխադարձաբար մէկէն միւսին թարգմանեց կարևոր գործեր, և շատ ևս ազգայնոց համար՝ հայերէնի, և օտարաց համար հայերէնէ փոխարկեց, հայրենական լեզուին կատարեալ հմտութեամբը։ Իր երկասիրութիւնները բազմաթիւ են և զարմանալի պէսպիսութիւն մը կը ներկայեն, որոնց մէջ Աստուածաշունչի տաճկերէնի թարգմանութենէն, մինչև զաւեշտ ոճով և ռամկօրէն բարբառով ոտանաւորներ կը գտնուին։ Ասոնց ամբողջական ցուցակը և գնահատութիւնը մատենագրութեանց մասնագէտներուն կը թողունք։ Մեր նպատակին ծառայողը իր ժամանակակից պատմութիւնը պիտի ըլլար, եթէ գրչագիրը ունեցողներ զայն հրատարակած ըլլային ցարդ, ինչպէս եղած է Կ. Պոլսոյ տեղագրութիւնը պատմական յիշատակներով խառն, որուն հրատարակութեան աշխատեցաւ բժշկապետ Վահրամ Թորգոմեան (ՉԷԼ. ը. )։ Երեմիա պաշտօններ վարած է պետական շրջանակներու մէջ, եւրոպական դեսպանատուներուն քով, և ազգային պատրիարքներու մօտ, և անմիջական շփում ունեցած է ամէն կարևոր գործերու հետ, իբրև խորհրդակից և գործակից, և իբրև յանձնարարութեանց կատարող։ Ինքն անկեղծ և հաւատարիմ հայադաւան, երբեք բան մը զոհած չէ ազգային եկեղեցւոյ ինքնութենէն և յատկութիւններէն, բայց և եւրոպական զարգացման և առաւելութեանց տեղեակ, հակառակ եղած չէ անոնցմէ օգտուելէ, և միջասահման ընթացքև գործունէութիւն մը ունեցած է, ծայրայեղութիւններէ խորշելով, ոչ հռոմէադաւանութեան յարելով, և ոչ հայադաւանութենէ հեռանալով։ Երեմիա որդի էր Քէօմիւրճեան Մարտիրոս քահանային, և Նավրէրցի Ամբակումիքրոջ դստերն։ Ամբակում բարեպաշտ և բարեկեցիկ անձ մը, անզաւակ ըլլալուն իր քրոջ թոռը եղող Երեմիան իրեն որդեգիր էր առած, որով Մահտեսի Երեմիա դպիր, Ամբակումի սիրալիր հոգևոր որդի և ժառանգ է կոչուած, և անշուշտ սա ինքն եղած է Երեմիայի ստացած զարգացման և ընդարձակ գործունէութեան պաշտպան ու հովանաւորը (ԹՈՐ. Բ. 402)։ Երեմիա 1695-ին 60 տարեկան մեռած ըլլալով (ՉԱՄ. Գ. 723), 1635-ին ծնած և 1647-ին 12 տարեկան եղած կըլլայ, երբ հայրը կը գրէ, թէ զանդրանիկ որդեակս իմ, մերս յօժարութեամբ, զԵրեմիա դպիրս, շնորհեալ եմք ինքեան մահտեսի Ամբակումի որդիութեան (ԹՈՐ. Բ. 403)։ Բազմարդիւն և բազմաշխատ Երեմիայի 60 տարեկան վախճանիլը կը նկատենք, ոչ միայն տարիքին կողմէն վաղահաս, այլ և ազգային շահերուն կողմէն տարաժամ, զի անոր մահուանէ ետքը, աւելի սաստկացան բուռն ու խիստ ձեռնարկներ, զորս կրնար խափանել Երեմիա իր խոհական խորհուրդներով, եթէ տակաւին ապրէր։ Գուցէ և իր եղբոր Կոմիտաս Քահանային վրայ ալ կազդէր, զգուշացնելով զայն բուռն ընդդիմութիւններէ, որ անուղղակի կերպով պատճառ եղան աղետաբեր դէպքերու։

« 1829. Մատթէոս և Եփրեմ   |   1831. Կաթոլիկական Ճիգեր »
© Gratun.org