Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Նահապետ Ա. Եդեսացի

1833. Նահապետէ Դժգոհներ

Մայրաթոռի մէջ, ստոյգ է, որ Նահապետի դէմ դժգոհութիւններ կը շատնային, և անոր գործերուն դէմ քաղաքներ կը զօրանային, բայց ոչ թէ հռոմէականութեան հետևելէն գրգռուած, իբր թէ Նահապետ կամի ի լատին դարձուցանել զազգն (ՉԱՄ. Գ. 725)։ Բուն շարժառիթը եղած է, զի կարի սաստիկ էր ի վերայ յանցաւորաց, ինչպէս կը գրէ Քանաքեռցին (ԶԱՔ. Բ. 136), կամ զի սաստկութեամբ վարէր զգործ կաթողիկոսութեանն, ինչպէս կը կրկնէ Ջուղայեցին (ԽԱՉ. 151)։ Եթէ ոք պակասութիւն ինչ գործէր, սա կալեալ հրապարակաւ կախեց, և գանալից առնէր, և տուգանէր մարմնաւոր իշխանութեամբ, հարէր զմօրուսն և զգանգուրն, և անկանէր ի բանտ և շղթայէր, և այսպէս ահարկութեամբ կայր ի վերայ ամենայն եկեղեցականաց և քահանայից (ԶԱՔ. Բ. 136)։ Պէտք չէ նաև մտադրութենէ վրիպեցնել, որ երբ այդ խստութիւններ անհատական կամքով կը գործուին, անոնց կը խառուին նաև անիրաւ գործեր, մասնաւորներու նախանձէն և քսութենէն գրգռուելով, և կամ վայրկենական կիրքերէ յուզուելով։ Նահապետի այդ ընթացքէն վիրաւորեցան գլխաւորապէս Էջմիածինի միաբանները, նաև ոմանք ի սևագլխոց ի մերումս յաշխարհի, և գրովք միաբանեցան Նահապետի դէմ, որպէսզի զայն գահընկէց ընեն, և այդ խորհուրդին գլուխ կանգնեցան Նախիջևանի և Գողթան եպիսկոպոսները, որոնց անունները չեն յիշուած (ԶԱՔ. Բ. 136)։ Ուրիշ պարագայ մըն ալ պէտք է դիտել այդ հակառակութեան մէջ։ Մայրաթոռը Պարսկաստանի մէջ էր, հետևաբար իշխանութիւնը այն կողմի եկեղեցականութեան ձեռքը կը մնար, որուն գլուխը գտնուէին Էջմիածինի տեղացի և Նոր-Ջուղացի միաբանները, կամ որ նոյն է Ջուղայի երևելիները առհասարակ հանրութիւնը, զի Նոր-Ջուղան էր բոլոր պարսկահպատակ Հայութեան կեդրոնը։ Հետևաբար այդ խումբին ախորժելի պիտի չերևար տաճկահպատակ Հայութենէն եկած Եղիազարի և Նահապետի իրենց վրայ իշխելը, կամ անոնց տեսութեամբ՝ իրենց վրայ բռնանալը, և պիտի ջանային նորէն իրենց դարձնել Մայրաթոռոյ կառավարութիւնն ու հեղինակութիւնը։ Այդ տեսութիւնը կը քաղուի Քանաքեռցիին խօսքերէն ալ, որ ինքն ալ շատ համակիր չ՚երևիր Նահապետին, և կը գրէ թէ կաթողիկոսները, իմա Եղիազար և Նահապետ, զոր ինչ յիւրեանց աշխարհին վարեալ էին, զնոյն և աստ առնէին, և թէ կարգ ու կանոն առաջին կաթողիկոսացն՝ քայքայեցաւ ի սուրբ աթոռոյն. որով յայտնապէս Ջուղայեցի Յակոբին, և անոր նախորդներուն կ՚ակնարկէ։ Կը յիշուի նաև թէ ամենայն առաջնորդք ըստ կամաց իւրեանց առնէին, և կաթողիկոսացն ոչինչ փոյթ լինէր, (ԶԱՔ. Բ. 107), ինչ որ կը ցուցնէ թէ կաթողիկոսին և թեմական կամ վանական առաջնորդներուն մէջ համաձայնութիւնը վերջացած էր. և այս ալ նշան մըն է, որ տաճկահայ կաթողիկոսներ, պարսկահայ եպիսկոպոսներուն և վարդապետներուն աչքին ախորժելի չէին։ Կրնայ ըլլալ որ Նահապետի Լատիններուն հետ կատարած գաղտնի յարաբերութիւններն ու նամակագրութիւններն ալ մէջտեղ ելնելով, բորբոքուած հակառակութեան առթիւ՝ իբրև նոր զէնք մը գործածուած ըլլան, թէպէտ միաբանները այսպիսի կասկած ունեցած չեն երևար։ Բայց այս պարագան, եթէ իբր իրական ընդունենք ալ, մեր պնդածը կը հաստատէ, թէ Հայ եկեղեցւոյ գործ չէր Նահապետի նամակը, և այս երեսէն իրեն դէմ եղած ամբաստանութիւնները կ՚ապացուցանեն, թէ Հայ եկեղեցին և եկեղեցականութիւնը մաս չունէր կաթողիկոսին անհատական և գաղտնի ձեռնարկներուն մէջ։

« 1832. Նահապետ և Պապութիւն   |   1834. Ստեփանոս Ջուղայեցի »
© Gratun.org