Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Նահապետ Ա. Եդեսացի

1834. Ստեփանոս Ջուղայեցի

Հակառակութեան գլուխ կանգնող Նախիջևանի և Գողթան եպիսկոպոսներ (§ 1833), պէտք եղած ամբաստանագիրները կը պատրաստեն Նահապետի դէմ, և իրենց համամիտներուն ստորագրութիւններով կը զօրացնեն, և գիրերը Ջուղայեցւոց կը ղրկեն, որպէսզի իրենց հետ միաբանին Նահապետը տապալելու և անոր տեղը նստեցնելու Ստեփանոս Ջուղայեցին, Նոր-Ջուղայի Ամենափրկիչ վանքին առաջնորդը և Պարսկաստանի Հայոց արքեպիսկոպոսը, նոյն ինքն որ ուրացեալ Յոհան աբեղայի ձեռքով բանտարկութեան և չարչարանքի և տուգանքի ենթարկուած էր (§ 1822)։ Գիրերը Ջուղայ տանելու համար կընտրեն Մատթէոս Կարնեցի վարդապետը, Բատրադեն մականունեալ, որպէս զի բերանացի ալ աշխատի Ստեփանոսը համոզել պաշտօնը ստանձնելու, և Ջուղայեցիները յորդորել պատշաճ դիւրութիւններն ու միջոցներն ընձեռելու։ Նամակներն ու պատուիրակը իրենց նպատակին կը հասնի, Ստեփանոս ալ կը շարժուի, և բազում գանձս ծախեալ, և բազում միջնորդաւ զօրացեալ, վերջապէս ձեռք կը ձգէ ռազամ կաթողիկոսութեան, որ է արքունական հրովարտակը, և մինչև որ ինքն ուղևորութեան պատրաստութիւնները լրացնէ, և պէտք եղած ոյժերն ու միջոցները կարգադրէ, իր առջևէն կը ղրկէ Աղէքսանդր Ջուղայեցի վարդապետը (ԶԱՔ. Բ. 136), Դաւիթ Ջուղայեցիի յառաջադէմ աշակերտներէն (§ 1821), որպէսզի իր հասնելէն առաջ Նահապետը վտարէ, և Տաթևի վանքը փակէ, և ինքն ալ իբր տեղակալ Մայրաթոռոյ կառավարութիւնը ստանձնէ։ Որչափ ալ Ստեփանոս մեծ յարգ ու վարկ կը վայելէր Պարսկահայ հասարակութեան առջև, և Ճգնաւոր (ԶԱՔ. Բ. 136) և Ճգնակիր (ԽԱՉ. 152) և Երանելի (ԽԱՉ. 153) պատուանուններով կը յիշուի, բայց և հետևցաւ սնափառութեան մեղադրանքն ալ չեն խնայեր իր գովաբաններն իսկ, և միայն ի պատիր բանից խաբեցաւ, արդարացումը կը գրեն իբր պաշտպանութիւն (ԶԱՔ. Բ. 136)։ Նահապետ զգաց որ տեղւոյն վրայ պիտի չկարենայ դէմ դնել, քանի որ նոյն իսկ Մայրաթոռոյ միաբանութիւնը իրեն հակառակ էր, ուստի փութաց քաշուիլ դէպի Տաթև, բայց ոչ գնաց ի Տաթև, այլ ուղիղ գնաց Թավրէզ՝ ուր էր Հիւսէյին շահը, և շիտակ ապաւինեցաւ Շահօճաղի կոչուած տեղը, որ կը ծառայէր իբրև քաղաք ապաստանի, և ով ոք մատնէ անդ, թեև մահապարտ իցէ, ոչ ոք ասէ նմա ինչ։ Նահապետ, որ պաշտօնանկ կըլլար, իրաւամբ կրնար վախնալ որ իբր յանցաւոր պատժապարտութեան չհանդիպի։ Ստեփանոս պետական հրովարտակով, Ֆարզալի խան կուսակալին հետ եկաւ Երևան, և անկէ Էջմիածին և օրհնեցաւ կաթողիկոս, և տիրացաւ աթոռին, այլ շատ չկրցաւ վայելել ձեռք անցուցած իշխանութիւնը (ԶԱՔ. Բ. 137), որուն հազիւ թէ ամիսս տասն տևողութիւն կը տրուի (ՉԱՄ. Գ. 725)։ Ստեփանոսի կաթողիկոս նստիլը 1695-ին կատարուած եղելութիւն է, վերջն ալ 1696-ին։

« 1833. Նահապետէ Դժգոհներ   |   1835. Նահապետի Վերադարձը »
© Gratun.org