Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Նահապետ Ա. Եդեսացի

1845. Օրիի Ձեռնարկները

Հաւանական է որ Օրի՝ Նահապետ կաթողիկոսին ալ ինքզինքը յայտնած չըլլայ, վասնզի Էջմիածինէ իր տունն ալ երթալով, ինքզինքը ծածկեց, նոյն իսկ իր քրոջ ու եղբայրներուն գորովին հանդէպ ամուր մնալով, որոնք Եորոպացի օտարականէն իրենց կորսուած եղբօր վրայ լուր կը փնտռէին (ԼԷՕ. Ա. 429)։ Բայց ինքզինքը յնյտնեց Անգեղակոթի իշխան Մելիք Սաֆրազին, որ Էջմիածինի 1678ի խորհրդակցութեան մասնակցողներէն էր (§ 1790), և ազգային ձեռնարկին սիրոյն՝ զայն հաշտեցուցգլխաւոր մելիքներէն Մարտիրոսեան Ամիրի հետ Մելիքներն ալ հաւաքեց Անգեղակոթի մէջ, և տեղական ոյժերուն և գիրքերուն վրայ տեղեկութիւններ քաղեց, և դաւանափոխութեան համոզեց։ Սակայն կրօնական պետի մը հովանաւորութիւնը անհրաժեշտ էր, և այս միտքով Գանձասար նստող Աղուանից Սիմէոն կաթողիկոսին դիմեց, բայց նա ալ իր միաբանութիւնով մերժողական պատասխան տուաւ, միայն Մեծիրանից Ս. Յակոբի վանահայր, Մինաս Տիգրանեան վարդապետը գտնուեցաւ Օրիին համաձայնող, և անոր հետ իբր Հայ եկեղեցականութեան ներկայացուցիչ Եւրոպա երթալու յանձնառու (ԼԷՕ. Ա. 434)։ Անցողաբար յիշենք թէ այս միջոցին Աղուանից երկիրը բաժնուած էր Սիմէոն և Երեմիա կաթողիկոսներուն միջև, որոնք անգամ մը հաշտուելէ յետոյ նորէն գժտուած էին, և որչափ ալ Էջմիածին Երեմիայի կողմն էր, սակայն միշտ աւելի ազդեցիկ գիրք կը պահէր Սիմէոն (ՋԱՄ. 81)։ Ամսուան մը մէջ Օրին ոգևորեց ամբողջ Արցախի լեռնականները, որոնք տեղական շարժումով և Եւրոպական արշաւանքով իրենց փրկութիւնը մօտալուտ կը տեսնէին, և սիրայօժար կը ստորագրէին որչափ թուղթեր՝ որ Օրին կը պատրաստէր, պապին, կայսեր, կայսրընտիրին, և ուրիշ կարևոր անձանց։ Եւրոպայէ գալիք արշաւախումբին անհնար լինելով Թուրքիայի վրայէն անցնիլ, Քարլօվիցի հաշտութեան հետևանօք (§ 1843), պէտք էր որ այն Ռուսաստանի ճամբով Կովկաս իջնէր, կայսրընտիր Յոհան-Գուլիէլմոսի հրամանատարութեամբ։ Հոգ չէր ալ եթէ շատ մեծ չըլլար գալիք գունդը, զի Օրին կերազէր որ Հայերը պիտի կարենային հայթայթել ամէն տեսակ մթերք և 10,000 հեծեալ (ԼԷՕ. Ա. 441), և 200,000 պատերազմող մարդ (ԼԷՕ. Ա. 443), մէկտեղ հաշուելով Վրացիներն ալ և Օսմանեան գաւառներէ եկողներն ալ մինչև Պարսկական ոյժերը շատ չնչին էր համարում (ԼԷՕ. Ա. 444)։ Այս նախապատրաստութիւնները լրացնելով և գործը ապահովուած կարծելով, Իսրայէլ Օրի՝ Մինաս վարդապետի հետ 1699 ամառուան մէջ դարձաւ Յովհան-Գուլիէլմոսի մօտ, զոր ոգևորեց իր լաւատես տեղեկութիւններով, և նորա հրահանգով եկաւ Լէոփոլտ կայսեր մօտ 1699 աշնան միջոցին։ Կայսրը թէպէտ Սպանիոյ յաջորդութեան խնդիրով զբաղուած, բոլորովին չմերժեց օգնելու առաջարկը, այլ զգացուց Ռուսիան միասին ունենալու անհրաժեշտութիւնը, և հրահանգեց դիմել Պետրոս կայսեր, և պատշաճ յանձնարարականներով ճամբայ հանեց 1700 գարունին։ Օրին պէտք ունեցաւ նորէն իր պաշտպան կայսրընտիրին դառնալ, և անկէ ալ հրահանգուելով և յանձնարարուելով մեկնեցաւ դէպի Ռուսիա։ Հայաստանի մելիքներուն ոգին ալ վառ և միտքերնին հաստատ պահելու համար, Օրի պէտք տեսաւ Յովհան-Գուլիէլմոսի կողմէն նամակ հասցնել անոնց, վստահեցնելով թէ Աստուած Օրիին է ընտրել հայրենիքի մեծ և սուրբ գործը գլուխ հանելու համար (ԼԷՕ. Բ. 227)։

« 1844. Նահապետ և Օրի   |   1846. Օրի Ի Ռուսիա »
© Gratun.org