Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Նահապետ Ա. Եդեսացի

1862. Ներքին Շփոթներ

Աւետիք պատրիարք որ 1702 յուլիսին Կ. Պոլիս էր եկած (§ 1857), քանի մը ամիս ետքը նորէն Ադրիանուպոլիս էր դարձած (ՉԱՄ. Գ. 738), ուր հասած էին երեք Ադրիանուպոլսեցի քահաններն ալ, զորս խաղաղութեամբ իրենց տուներն էր ղրկած ազատօրէն քահանայագործելու համար։ Հարկաւ նոր միջադէպ մը տեղի ունեցաւ, թէրևս երեք քահանաներ՝ կամ անխոհեմ վարմունք մը ունեցան, կամ թէ քսութեան հանդիպեցան, որ Աւետիք կրկին զայրացաւ անոնց վրայ, և առաջնորդարանին մէջ բանտարկեց, եպարքոսական վճիռով պատուհասել տալու։ Միջնորդներ և խոստումներ չկրցան Աւետիքի զայրոյթը իջեցնել, և քահանաները արձակել տալ, ուստի ոմանք բռնութեան դիմելով յարձակեցան առաջնորդարանին վրայ, և քահանաները ազատեցին, և պատրիարքին մարդիկը և նոյն ինքն պատրիարքն ալ գանակոծեցին։ Աւետիք ևս քանզև զայրացած եպարքոսին առջև ամբաստանեց բռնացող ամբոխավարները, սակայն եպարքոսը Տալտապան Մուսթաֆա փաշա, անուս զինուորական մը, պատրիարքին վրայ դարձուց իր ցասումը, թէ ինչ իշխանութեամբ բանտեր և շղթաներ կրնայ ունենալ, և նոյն ինքն Աւետիքը բանտարկել հրամայեց (ՉԱՄ. Գ. 739), ուր և մնաց 27 օր (74. ԱՐՐ. 151), մինչև որ հասաւ Ֆէյզուլլահի պաշտպանութիւնը. որ ոչ միայն Ակետիքը ազատեց, այլ և անոր հակառակորդներէն հինգ հոգի Կոստանդնուպոլսոյ Թիարանը ղրկել տուաւ։ Երբոր Ադրիանուպոլիս անհանդարտ էր, Կ. Պոլիս ալ հանդարտ չէր, զի Յովհաննէս Զմիւռնիացի փոխանորդ՝ համարձակ կը դիմէր զրպարտութեանց և բռնութեանց՝ մեծամեծ տուգանքներ գանձելու նպատակով։ Գանգատներուն ձայնը մինչև Ադրիանուպոլիս արձագանգեց, և եպարքոսական հրամանով Աւետիք Կ. Պոլիս դարձաւ ժողովուրդը խաղաղացնելու համար։ Բայց արդիւնքը հակառակ եղաւ, զի այս անգամ Աւետիքի դէմ ամբաստանութիւններ գրուեցան եպարքոսին, որ կրկին Աւետիքը ետ կանչեց քննութեան համար։ Աւետիքի գրածին համեմատ իրեն դէմ ելած ամբաստանութիւնը, փրանկացեալներուն պաշտպանութիւն ընելն էր, որոնցմէ 125 հոգիի ցուցակ մը կազմուած էր, և իրեն եղած հարցումն էր, որ եթէ այսպէս բան կայ, դու է՞ր չես ասեր (74. ԱՐՐ. 152)։ Աւետիք չուզեց մեկնիլ բարի վկայութեան գիր մը տանելու, և Յիսնակաց բարեկենդանին, նոյեմբեր 15-ին, մայր եկեղեցւոյ բեմէն ժողովուրդը հրաւիրեց իրեն համար վկայութիւն տալ։ Ամբոխը բազմութեամբ դիմեց եպարքոսական տեղակալին ատեանը, Աւետիքէ դժգոհներուն ամբաստանութիւնները ցրելու։ Տեղակալը բազմութենէն և աղաղակէն խրտչած, զայն ցրուելու համար առջև անցնողներէն երեսուն հոգի ձերբակալել տալով Ֆալախայի գանակոծութեան կ՚ենթարկէ, զոր մերոնք կախաղան կամ աղխաղան կը թարգմանեն. Երեսուններուն մէջն էր Մատթէոս Սարի կաթողիկոսն ալ, և ամէնքն ալ տուգանքներով ինքզինքնին գոնէ բանտարկութենէ կ՚ազատեն։ Սակայն Աւետիքի նպատակը չի յաջողիր, և առանց վկայագիրի Ադրիանուպոլիս կը մեկնի դեկտեմբեր 3-ին, ինչպէս պէտք կը զգանք ուղղել նոյեմբեր 3 գրաւածը (ՉԱՄ. Գ. 742), զի վերագոյնդ Աւետիքը Կ. Պոլիս եղած ըսուած է Յիսնակաց բարեկենդանին (ՉԱՄ. Գ. 741), որ է ըսել նոյեմբեր 15-ին։ Աւետիքի համար միշտ պատրաստ էր Ֆէյզուլլահ դենպետին պաշտպանութիւնը, և այս անգամ ալ անով կը յաջողէր Տալտապանը շահիլ և իր հակառակորդները բանտարկել տալ, և միջոց մը նորէն Ադրիանուպոլիս մնալ կառավարութենէ պաշտպանուած և պետական հովանաւորութեամբ զօրացած։

« 1861. Մարոնիներու Մօտ   |   1863. Խառնակ Գործեր »
© Gratun.org