Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Նահապետ Ա. Եդեսացի

1867. Գալուստ և Ներսէս

Գալուստ Կայծակ թէպէտ պաշտօնապէս և պետական հրամանով պատրիարք անուանուեցաւ, սակայն խաղաղ պաշտօնավարութիւն չունեցաւ, վասնզի Աւետիքի հիացողներ չդադրեցան երբեք անոր անունը տալէ և զայն աթոռ վերադարձնելու ջանքերէ, երբեմ ողոքական աղերսագիրներով, երբեմն դրամական խոստումներով, և երբեմն ալ Կայծակին դէմ ամբաստանութիւններով. Սակայն մէկ կողմէն նախկին Ֆէյզուլլահեանի մը դէմ նախապաշարեալ հակակրութիւնը, և միւս կողմէն Ֆէրիօլ դեսպանին և Լատին կրօնաւորներուն և կաթոլիկացեալ խմբակին ճիգերը՝ ապարդիւն կը թողուին Աւետիքեանց աշխատութիւնները, իրենցմէ շատերուն ալ նեղութեանց և գանակոծութեանց և բանտարկութեանց պատճառ ըլլալով։ Յատկապէս կը յիշուին Աբրահամ վարդապետ Արզումանեան, Մուրթ կամ Ճանպապպ մականունեալ, որ 210 հարուածներով գանակոծեցաւ Ֆալախայի մէջ, և Պետրոս վարդապետ, և Աւետիքի քարտուղարն էր, և երեք Երզնկացի քահանաներ, որ նոյնպէս սաստիկ գանակոծութեան ենթարկուեցան, և ուրիշ բազմաթիւ անձեր, որոնք Աւետիքի պաշտպանութիւն ընելուն թիապարտութեամբ պատժուեցան (ՉԱՄ. Գ. 746)։ Որչափ Աւետիքի համար համակրութիւն կը յայտնուէր, նոյնչափ հակակրութիւն կար Գալուստի դէմ, և այս պարագայէն ջանաց օգուտ քաղել Աւետիքեանց խումբէն և Մատթէոս Սարիի աշակերտ Ներսէս վարդապետ Պալաթցի, որ զօրութեամբ դրամոց գործը յաջողեցնելու առաջարկը տարածեց։ Եւ իրօք ալ ժողովեաց յոլով դրամս, և անոր զօրացուց Գալուստի դէմ ամբաստանութիւնները։ Այս կերպով եպարքոսական վճիռով Գալուստ պաշտօնանկ եղաւ և թիարանի բանտարկութեան դատապարտուեցաւ, (ՉԱՄ. Գ. 747). բայց կ՚երևի թէ չգորադրուեցաւ, զի Աւետիք կը գրէ, թէ փախեալ էր ի յԱմասիա (74. ԱՐՐ. 153)։ Թէպէտ Գալուստ տապալեցաւ, բայց Աւետիքի ազատութիւնն ու պաշտօնի դառնալը չիրականացան, զի Ներսէս աւելի օգտակար տեսաւ իր անունով հանել Կ. Պոլսոյ պատրիարքութեան հրովարտակը։ Գալուստի պաշտօնը 10 ամիս իսկ չտևեց, զի 1704 ապրիլ 25ին, Նոր կիրակիի երկուշաբթին տեղի ունեցաւ պատրիարքի փոփոխութիւնը (ՍՐԳ. )։ Աւետիքեանք աւելի զայրացան Ներսէսի ըրածին վրայ, և անոր դէմ բողոքելու և զայն ամբաստանելու չարժանացաւ, և որչափ ալ Տամատ Հասան փաշա եպարքոսին օրով չյաջողեցան, և մինչև իսկ մատնեցան ի զանս և ի բանտս և ի ծառայութիւն թիոյ (ՉԱՄ. Գ. 747), սակայն եպարքոսական փոփոխութիւնը կացութիւնն ալ փոփոխեց. Գալայլը Ահմէտ փաշա, որ եպարքոսութեան կոչուեցաւ 1704 սեպտեմբեր 17-ին՝ Խաչվերացի օրը (ՍՐԳ. ), թէպէտ փոքրոգի և ունայնասէր անձ մը կը նկարագրուի (ԺՈՒ. 320), բայց գոնէ բռնական գործերէ հեռու էր, և խնդիրներ վերջացած տեսնալու հետամուտ. ուստի շուտով կրցան զինքն համոզել, թէ Աւետիք օտարազգիներու դաւաճանութեանց գոհ մըն է, և անոր ներկայութեամբ միայն կրնայ հանդարտիլ Հայերու մէջ տիրող պառակտումն ու խռովութիւնը։

« 1866. Աւետիք Աքսորեալ   |   1868. Դարձեալ Աւետիք »
© Gratun.org