Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Նահապետ Ա. Եդեսացի

1876. Աւետիք Ի Մեսինա

Ուրիշ նոր պարագայ մըն ալ եկաւ ևսքանզևս վտանգել Քիւլհանճիի դիրքը։ Թենետոսի բերդը բանտարկեալ Աւետիք՝ և Կ. Պոլսոյ մէջ Աւետիքի բարեկամները, շարունակ հետամուտ էին ազատութեան շնորհը ձեռք բերել, և այդ նպատակով, կ՚ըսէ ինքն, արզուհալ ուղարկեցի ի Կոստանդնուպոլիս Թուրքին մեծին, թէ հրաման շնորհեա ինձ, ազատութիւն աստի, և և գնալ ի սուրբ յԵրուսաղէմ։ Իրեն բարեկամներն ալ հարկաւ նիւթական միջոցներով աշխատեցան զօրացնել աղերսագիրին ազդեցութիւնը, և հակառակ դեսպանին ու լատինամիտներուն ընդդիմադիր ջանքերուն, ազատութեան հրամանը ստացուեցաւ (74. ԱՐՐ. 192), ինչ որ նորէն Չորլուլու եպարքոսին Աւետիքի հանդէպ բարեացակամ տրամադրութեան նշանն էր։ Բայց երբ Ֆէրիօլի ուղղակի թշնամութեան ճիգերը ապարդիւն դարձան, վատ նենգութեան միջոցները ձեռք առնուեցան, զոր Եւրոպացի գրիչն ալ՝ ազգաց իրաւանց ամէնէն յանդուգն բռնաբարութիւն կանուանէ (ԹՕՐ. 66)։ Աւետիք Թենետոսէ Երուսաղէմ ծովագնացութեամբ պիտի երթար, և հետզհետէ պիտի հանդիպէր Քիսս, Հռոդոս ու Կիպրոս։ Ֆէրիօլ մտածեց այդ ճամբորդութեան միջոցին նենգութեամբ հափափել տալ Աւետիքը, անոր անձին տիրանալ, և զայն Լատին հաւատաքննութեան ատեանին մատնելով անյայտացնել։ Իր խորհուրդին գործադիր ընտրեց, Քիոս կղզոյ գաղղիական փոխհիւպատոս Պօնալը (Bonald), իսկ հրահանգը անոր հասցնելու համար ճամբայ հանեց Յիսուսեան միաբաններէն Թարիյօն աբեղան (ԹՕԲ. 68)։ Ապրիլի մէջ կիրակի օր մը, թերևս նոյնիսկ ապրիլ 7 Մարտիրոսի եպիսկոպոսացած օրը, եպարքոսութեան բարապան մը Աւետիքի յանձնեց հրաման ազատութեան պաշտօն ունենալով անոր ընկերանալ և ճանապարհել մինչ Ռոտոս, իսկ անկէ Երուսաղէմ երթալու համար կերևի թէ բարապանը պիտի փոխուէր։ Քիոսի համար նաւ մը գտնելով, Աւետիք և բարապանը և մէկ փոքրաւոր չորս օրէն հոն հասան, և ցամաք ելան նոր նաև գտնելու։ Աւետիք միամտօրէն կը գրէ թէ պատրաստ նաւ չկար Հռոդոսի համար և երեք օր սպասեցին (74 ԱՐՐ. 192)։ Սակայն հոն կատարուեցան ամէնէն տգեղ մատնութեան պատրաստութիւննեը։ Եւրոպա գացող գաղղիական նաւը փոխհիւպատոսը ճարեց, նաւապետին հաղորդեց դեսպանի հրահանգները, Թուրք բարապանն ալ կաշառեց, և խեղճ Աւետիք, որ լեզունին չէր գիտեր և ըսածնին չէր իմանար, միամիտ վստահութեամբ ինքզինքը անոնց յանձնեց, երեք ոսկի ալ նաւողշէք վճարելով մինչև Հռոդոս։ Քիոսէ մեկնելու օրը ճշդուած չէ բայց մերձաւորաբար ապրիլին միջին օրերը պիտի ըլլայ։ Գիշերուան ժամը 5-ին, այսինքն կէս գիշերին նաւը ճամբայ կելլայ գաղտագողի, առաւօտուն կը հանդիպի կղզի մը, չեմ գիտեր ինչ կառնեն կը գրէ Աւետիք ուսկից պարէն կը հայթայթեն, և միւս օր կը հասնին Տէկիրմէնլիք, որ է Սանթօրինօ կղզին։ Հոն Թուրք բարապանը դուրս կելլայ և այլ չի դառնար։ Երկու օր ևս նաւագնացութենէ ետքը, բռնի դուրս կը հանեն Աւետիքի փոքրաւորը, և կղզի կը թողուն, և խեղճ Աւետիք անճար մնացած, կը սկսի մտածել թէ նաւապետը զիս ի՞նչ պիտի առնէ, ծովն մի կու ձգէ՞, կու սպաննէ՞ մի, գերեցնէ՞ մի։ Այլևս առանց օգնականի, գերի կիյնայ նաւապետին ձեռքը, որ կը խլէ կառնէ անոր ունեցածներն ալ, որոնց մէջ նաև զսուրբ խաչն, և կաշիէ կղպակած պարկ մը, որուն մէջ ունէր 188 ոսկի, մէհ ադամանդ և մէկ զմրուխտ մատանի ծոցի ժամացոյց 17 ոսկեթել դաստանակ և 7 ձեռք ճերմակեղէն։ Աւետիք կուզէ բողոքել, աղաչել, սակայն լեզունին չի հասկնար, նոքա խօսէին հետս, ես չէի գիտեր թէ զինչ կասէին, կայի պշուցեալ անասնման, խեղճ պանդուխտ ի մէջ ծովու մտատանջ լինելով (74. ԱՐՐ. 193)։ Այլևս ուրիշ տեղ չեն հանդիպիր մինչև որ կը հասնին Մէսինա քաղաքը (Messina) որ է Ըսպանեօլ, կը գրէ Աւետիք (00 ԲՆՍ. 143), զի Սիկիլիա՝ Սպանիացւոց տիրապետութեան ներքև կը գտնուէր Փիլպպոս Ե. Պուրպօնի թագաւորութեան օրով։ Մէսինա հասնելէն մերձաւորաբար պէտք է դնել 1706 մայիսին սկիզբները։

« 1875. Քիւլհանճին Եպիսկոպոս   |   1877. Կ. Պոլսոյ Յուզումները »
© Gratun.org