Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Նահապետ Ա. Եդեսացի

1880. Պօղոս Սղերդցի

Միևնոյն 1691 տարին տեղի ունեցած է Պօղոս Սղերդցի սարկաւագին նահատակութիւնը։ Նեստորական Ասորի մը տաճկացած ըլլալով՝ հանդիսապէս կը բերեն զայն Հայոց եկեղեցին, ուր ուրացական քար արկցէ ընդդէմ եկեղեցւոյն, որուն կը հետևի ամբոխն ալ, և կը սկսին եկեղեցին քարկոծել։ Մուտն ի վիրապ տօնն էր, և եկեղեցին լեցուն էր, ժողովուրդը կը յուզուի և կը շփոթի։ Այս միջոցիս Պօղոս, նորապսակ սարկաւագ, երիտասարդական աշխոյժով դուրս նետուեցաւ, ամբոխը ցրուելու, բայց խռնումի մէջ պատահաբար քարամբք խորտակեաց զթուղն և զդրօշ նոցա։ Ասոր վրայ զինքն կը ձերբակալեն և դատաւորին ատեանը կը հանեն, որ ուրացութիւն կ՚առաջարկէ մահապարտութենէ ազատելու համար։ Պօղոս դիմադրեց, ուստի պահեցին աւուրս բազումս ի բանտի, և վերջապէս ոտուըներէն ցցի մը կապելով և շուրջը փայտ կուտելով այրեցին արիասիրտ սարկաւագը։ Մուտն ի վրապը մարտի 28ին իյնալով, և աւուրս բազումս ըսուածը երկու շաբաթի չափ համրելով, զատկի մօտ կրնանք դնել նահատակութեան օրը, որ այն տարի կը հանդիպէր ապրիլ 12ին։ Ոսկրները հաւաքելով կը թաղեն Սղերդի եկեղեցւոյն բակը (ՆՈՐ. 525)։

« 1879. Կատարեալ Գողթնացի   |   1881. Սարգիս Կարսեցի »
© Gratun.org