Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Նահապետ Ա. Եդեսացի

1881. Սարգիս Կարսեցի

Ուրիշ նահատակ սարկաւագ մըն է Սարգիս Կարսեցին, աւազանի անունով Սաֆար, 18 տարեկան, որ միանգամայն մուշտակի առևտուրը կը շարունակէր։ Օր մը Տաճիկ կարդացողի մը առջև դիտողութիւն ըրած ըլլալով իսլամական կրօնքի մասին, անիկա պատեհ առիթ կը կարծէ սպառնալեօք ձրի ապրանք շորթելու, և Սարգիսի ընդդիմանալուն վրայ կը սկսի աղմուկ հանել թէ մեր կրօնքին հայհոյեց։ Ամբոխը իսկոյն Սարգիսը դատաւորին առջև կը հանէ, որ ուրացութիւնը կ՚առաջարկէ իբր ազատութեան պայման։ Գործը կուսակալին ատեանն ալ կ՚ելլայ, և հնար չըլլալով սարկաւագին հաստատամտութիւնը խախտել, քարկոծմամբ կը նահատակեն Հայոց 1141 թուին, և որովհետև հոկտեմբեր 15-ին կը դրուի յիշատակը (ՆՈՐ. 530), պէտք է 1691 հոկտեմբեր 15-ին դնել նահատակութեան օրը, զի Հայոց թուականին ամանորը սեպտեմբեր 27-ին կ՚իյնար։

« 1880. Պօղոս Սղերդցի   |   1882. Նիկողայոս Պրուսացի »
© Gratun.org