Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Նահապետ Ա. Եդեսացի

1882. Նիկողայոս Պրուսացի

Նիկողայոս Պրուսացի երիտասարդ մըն էր, Այվազեան տունէն, Աթաճանի և Շուշանի որդի, դարբնութեան արհեստով զբաղած Պրուսայի մէջ, Թահթաքալէ Պօղազը շուկան, և 16 ամիս առաջ ամուսնացած, և Աննա անունով աղջիկ մը ունեցած։ Ութը տարեկան եղած ատեն հօրմէ որբ մնացած, մօրը Շուշանին խնամքով արհեստ սորված և գործի տէր եղած էր։ Բաբետեսիլ պատանի մը ըլլալով, հինգ տարի առաջ՝ այսինքն 1689-ին, դրացի Տաճիկ արհեստաւորներէն ուրացութեան ստիպումներ կրած էր, որոնք սպառնալիքներ սկսած էին ընել, և գործը փակուած էր՝ զպատիւ կերակրոց ընծայելով նոցա զանազան խորտկօք (ՆՈՐ. 532)։ Նոյներ փորձը սկսան կրկնել 1694-ին, որոնց այս անգամ խստիւ պատասխանեց Նիկողայոս, և խանութպանները սկսան աղաղակել և վկայել թէ մեր առջև ուրացած է։ Հակառակ վկայութիւն տուողներ ալ եղան, բայց սուտ վկաներ յարգուեցան, և Նիկողայոս բանտարկուեցաւ, ուր մնաց 10 օր, և այդ միջոցին քաղաքն առաջնորդ Սուքիաս եպիսկոպոսէ ղրկուած քահանայի մը ձեռօք խոստովանեցաւ և հաղորդուեցաւ, և քրիստոնէութեան վրայ անսասան մնալուն՝ գլխատման դատապարտուեցաւ։ Իսկոյն մերկացնելով, և ձեռուըները ետև կապուած՝ քաղաքին մէջ պտտցնելով, ձաղանօք գլխատման տեղը տարին։ Ճամբան բարեկամներ և խղճացողներ առ երեսս ուրացութեան կը յորդորէին, մայրն ու մօրաքոյրն ու զոքանչն ալ նոյն առաջարկը կ՚ընէին (ՆՈՐ. 535), այլ արի երիտասարդը անդրդուելի մնաց, և վիզը ներկայեց դահիճին, որ չորս հարուածներէ ետքն ալ չկարենալով կտրել, առեալ զդանակն որպէս զգառն եզեն (ՆՈՐ. 536)։ Սուքիաս եպիսկոպոս մարմինը թաղելու հրամանը ըստացաւ և Հայերու ու Յոյներու անհամար բազմութեամբ թաղեց ի նշանաւոր տեղւոջ (ՅԱՍ. Ա. 218)։ Նահատակութեան օրն եղած է 1694 մարտ 14- մեծ պահոց չորրորդ չորեքշաբթին (ՆՈՐ. 537)։

« 1881. Սարգիս Կարսեցի   |   1883. Գրիգոր Ջուղայեցի »
© Gratun.org