Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աղեքսանդր Ա. Ջուղայեցի

1884. Ընտրութեան Պարագաները

Էջմիածինի մէջ 1705 յունիս 13-էն ի վեր դատարկ էր հայրապետական աթոռը (§ 1872)։ Անշուշտ հետամուտ էին ամէնքն ալ նոր կաթողիկոսի ընտրութեան, թէպէտ չենք կրնար վճռաբար ճշդել դէմերնին ելած դժուարութիւնները, և անոնք հարթելու համար կատարուած բանակցութիւնները։ Գրեթէ յանկարծ աթոռ բարձրացած կը տեսնենք Աղեքսանդր Ջուղայեցին, Ս. Ամենափրկիչի առաջնորդը և Պարսկաստանի մետրապոլիտը, նոյն ինքն որ Ստեփանոս Ջուղայեցիի կողմէ իբրև յառաջընթաց Էջմիածին եկած էր Նահապետ կաթողիկոսը վտարելու (§ 1834)։ Աղէքսանդրի կաթողիկոսական օծումը 1706 դեկտեմբեր և-ին կը գրուի (ՇԱՀ. Ա. 224), բայց կանուխէն որոշուած և լսուած և ընդունուած պիտի ըլլայ ընտրութիւնը, զի 1706 դեկտեմբեր 20-ին Կ. Պոլսոյ Հայոց գլխաւորները Աղէքսանդրի ուղղուած նամակ մը կը գրեն, և միայն 13 օրերու միջոցը բաւական չէր, որ եղելութեան լուրը Կ. Պոլիս հասնէր, և Կ. Պոլսեցիք կարենային այնպիսի ընդարձակ գրուած մը պատրաստել, որուն ներքև 448 անձերու կնիքներն են գրուած (01 ՕՐԱ. 123)։ Թէ ժամանակին շփոթութիւնները, և թէ Հայութեան զանազան մասերուն մէջ տիրող երկպառակութիւնները, յորդորած են անշուշտ Ջուղայեցւոց խումբը, որ որչափ ալ յաջողած են իրենց ընտրելին յաղթանակել տալ և Էջմիածինի վարչութիւնն իրենց ձեռքը անցնել, բայց չեն ուզած օծման նուիրագործութիւնը փութացնել, այլ ամէն բաժիններու, և գլխաւորապէս Կ. Պոլսոյ պատրիարքարանի ալ հաւանութիւնը ընդունիլ։ Հետևաբար մենք կը ոիտենք դեկտեմբերէ երեք ամիսի չափ առաջ 1706 սեպտեմբերին ընտրական տագնապը լրացած և կաթողիկոսը որոշուած ընդունիլ, և միայն օծումը մինչև դեկտեմբեր 7-ը յապաղած։ Այս մեր տեսութիւնը կը հաստատուի ուրիշ մասնաւոր գրութենէ մը, ուր 1706 սեպտեմբեր 18-ին կը գրուի Աղեքսանդրի ի սուրբ աթոռն Էջմիածին ի կաթողիկոսութիւն գնալու թուականը (ՏՅՈ. Բ. 48)։ Աղեքսանդրի անձը թէպէտ և ոչ բոլորովին անծանօթ, սակայն և ոչ բոլոր մանրամասնութիւններով ծանօթ է։ Նա զինքն Կոտանդինի որդի կը կոչէ, և յաջորդն է այն նշանաւոր և բանիբուն վարդապետներու, որոնք Խաչատուր Կեսարացիէ սկսելով պայծառացան իրենց արժանիքով և պայծառացուցին Ջուղայի աթոռը։ Սիմէոն, Դաւիթ և Ստեփանոս Ջուղայեցիներէ ետքը, 1699 յունուար 20-ին յաջորդած է Աղեքսանդր (ՏՅՈ. Բ. 48), Ստեփանոսի դառնագէտ մահուան տարելիցէն ետքը՝ պաշտօնապէս անունը ստանձնելով, իսկ անկէ առաջ իբր տեղապահ վարած է պաշտօնը այն օրէն, որ Ստեփանոս իբր կաթողիկոս Էջմիածին գնաց (§ 1834)։ Աղեքսանդր թէ հմուտ անձ մը եղած է, և թէ բուռն պաշտպան հայադաւան ուղղափառութեան, ինչպէս կը վկայէ իր գրած երկասիրութիւնը, Գիրք ատենական, որ ասի վիճաբնական, զոր պատրաստած է 1682ին (ՂԱԶ. 108), և տպագրուած է Նոր-Ջուղա 1687-ին, իր վարդապետութեան ատեն (ՂԱԶ. 107), և որուն երկրորդ տպագրութիւնն ալ կատարուած է Կ. Պոլիս, դար մը ետքը 1783-ին (ՂԱԶ. 109)։ Այդ գիրքին մէջ Աղեքսանդր նախ հինգ գլուխներով հերքած է բնութեանց խնդիրին մասին քաղկեդոնական գրութիւնը, և միւս հինգ գլուխներով աք պաշտպանած է Հայ եկեղեցւոյ վարդապետութիւնը, բաժակի ջուրին, յՈրդւոյ յաւելուածին, քաւարանին, անձնական դատաստանին, և պապութեան մասին՝ լատինական վարդապետութեանց դէմ (ՂԱԶ. 108)։ Աղօթամատոյց գրքոյկ մըն ալ պատրաստ է 1687-ին, բայց միայն 1790ին հրատարակուած է (ՂԱԶ. 110)։ Այդ գրուածները, աւելի քան որևէ ուրիշ ենթադրութիւն, բաւական են ճշդութեամբ ցուցնել հաստատուն և աներկդիմի հայադաւան ուղղութիւնը։

« 1883. Գրիգոր Ջուղայեցի   |   1885. Կ. Պոլսոյ Դիմումը »
© Gratun.org