Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աղեքսանդր Ա. Ջուղայեցի

1885. Կ. Պոլսոյ Դիմումը

Առաջին գործը որով ստիպուեցաւ զբաղիլ Աղեքսանդր, Կ. Պոլսոյ պատրիարքութեան խառնակ և կնճռոտած կացութիւնն էր, Աւետիքի հափափումէն ետքը, երբ Քիւլհանճին ալ տապալեցաւ, և Միքայէլ երէց պատրիարքարանի վարիչ նշանակուեցաւ (§ 1877), սակայն ոչ ազգը խաղաղեցաւ, և ոչ գործերը կարգադրուեցան։ Կ. Պոլսեցիք շատոնց դադարած էին Էջմիածինէ սպասել իրենց գործերուն կարգադրութիւնը, վասնզի ոչ միայն հեռաւոր էին, այլ տարբեր պետութեան ներքև գտնուելով չէին կրնար Օսմանեան կառավարութեան գործերուն միջամտել։ Բայց այս անգամ ստիպեցան Աղեքսանդրի դիմել, գլխաւոր առիթ առնելով Յովհաննէս Զմիւռնիացիին Էջմիածին գտնուելէն, որ Աւետիքի առաջին գահընկէցութեան առթիւ փախած (§ 1865), և շունչը Էջմիածին էր առած։ Կ. Պոլսեցիք զայն կ՚ուզէին, իբրև Աւետիքի հոգւոյն և ուղղութեան հետևող, և անոր բացակայութեան ատեն՝ անոր անունով պատրիարքութիւնը վարելու յարմարագոյն անձ մը։ Միւս կողմէն կրօնական խնդիրը տակաւ կը զայրանայ, և Հայեր կ՚ուզէին իրենց նպաստաւոր վճիռ մը ունենալ Մայրաթոռի հեղինակութեամբ տրուած, որպէսզի անով զօրացած կարենան մաքառիլ, լատինամիտներուն դէմ, որ Ֆէրիօլի ազդեցութեամբ ամէն տեսակ բռնութիւններ և անիրաւութիւններ կ՚ընէին և ընել կու տային, և որոնց պսակն էր եղած Աւետիքի անձին դէմ գործածուած հաւատաքննական անգթութիւնը։ Այդ գրութեան պատճէնը հրատարակուած ունինք (63. ԿՌՆ. 663-683), որ կը սկսի երկար և ամենափառաւոր գովեստներով Աղեքսանդր կաթողիկոսին անձին և Հայաստանեայց եկեղեցւոյն, և գրողներ ինքզինքնին կը դաւանին լուսաւորչածին և քրիստոսադաւան ուղղափառ հաւատացեալներ։ Գրութեան թուականն է 1706 դեկտեմբեր 20 (63. ԿՌՆ. 682), և կաթոլիկութեան մուտ գտնուելուն սկիզբը 17 տարի առաջ կը դնեն, Խաչատուր Կիւմիւշխանցի վարդապետին ձեռքով, զոր Խաչուրաց կը կոչեն (63. ԿՌՆ. 668)։ Աղթամարներուն կը վերագրեն տասնէ աւելի մոլար և անտեղի գործեր, և կը պատմեն Եփրեմի պատրիարքութեան օրէն, երկարելով Աւետիքի վրայ, և մանրամասնօրէն պատմելով յափշտակութեան պարագաները, և անկէ ետքի դէպքերը։ Կը գանգատին Էջմիածինի նուիրակներուն թոյլ ընթացքին վրայ, և կը խնդրեն որ խորիմաց աստուածաբան վարդապետացդ երկուս և կամ երիս զրկէ իբր քննիչ, և Իզմիրցի Յովհաննէս վարդապետն ալ անոնց հետ, որ եկեալ մխիթարեսցէ՝ մնալով աստէն (63 ԿՌՆ. 677)։ Կը խնդրեն նաև որ պապին գրելով պահանջէ Աւետիքի ազատութիւնը, և տպագրութեանց վրայ խօսելով՝ Գրիգոր դպրիրին վրայ պաշտպանութիւնկը հրաւիրեն Տուզախեցի Ղազար քահանային դէմ, զոր ստաբան և խաբեբայ կը կոչեն, որ և բազում վնաս հասոյց այս Գրիգոր դպրիս և կը փակեն խնդրելով որ կապէ և անիծէ յանուանէ զամենայն հերձուածողն։ Այդ նպատակով անուանական ցուցակ մը կը կցեն ծանոթ աղթարմաներու, թաղերու վրայ բաժնելով, և զատելով բուն աղթարմաները, և աղթարմա չըլլալով Աւետիքի կորստեան համար անոնց հետ միացողները, որոնց գլուխը կը դնեն Մատթէոս Սարին և Մարտիրոս Քիւլհանճեան, որ բանտի են ի քիւրէկն (63 ԿՌՆ. 681)։ Ցուցակները քիչ մը շփոթ են, բայց առաջին թուականութեամբ, 175 անուններ կը գտնենք։ Գումքաբուէն 6 քահանայ, 27 աշխարահական, 3 կին, և 5 միացող։ Սամաթիայէ7 քահանայ, որոնց առաջինը՝ Քէօմիւրճի որդի Կոմիտաս երէցն (63 ԿՌՆ. 680), 23 աշխարահական, 14 կին, և 12 միացող. Պալաթէն 10 վարդապետ, 8 քահանայ, 3 աշխարհական, և 7 կին։ Ստորագրութեանց մէջ առաջինն է Միքայէլ Խարբերդցի երէցը վեքիլ վեհին, այսինքն պատրիարքական տեղակալ Աւետիքի, երկու վարդապետներ՝ Յովհաննէս և Խաչատուր՝ և 448 կնիքներ, որոց մի քանիսի տակին ստորագրութիւններ կան (63 ԿՌՆ. 683)։ Աղէքսանդր նամակը առածին պէս Յովհաննէս Զմիւռնիացին փութացուց Կ. Պոլիս երթայ (01 ՕՐԱ. 124), և միանգամայն գրեց ի Կոստանդնուպոլիս մեծ վէզիրին Օսմանցւոց, թէ ես Հայոց ազգին Ֆէթվա տուողն եմ, և դոքա իմ ժողովուրդք հնազանդիլ ոչ կամին ինձ, և ելեալ են կրօնից մերոց, ահա ետու Ֆերվայ, զի պատժիցէք այս անուն և այս անուն, թուով իբրև 175 կամ 200 անձինս, որք Ֆրանկ են եղեալ Հայքդ (ՏՅՈ. Բ. 47)։

« 1884. Ընտրութեան Պարագաները   |   1886. Յովհաննէս Զմիւռնիացի »
© Gratun.org