Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աղեքսանդր Ա. Ջուղայեցի

1890. Միքայէլ Բրգնիկցի

Կոմիտասի նահատակութենէ քիչ օր առաջ լուր հասած էր Կ. Պոլիս թէ Միքայէլ Բրգնիկցի քահանան կախաղանի վրայ նահատակուած էր Սեբաստիոյ մէջ։ Այդ եղելութեան ալ առիթ տուած էին տեղական երկպառակութիւնները, որոնց Միքայէլ իբր գրգռիչ ամբաստանուած, և կրօնափոխութեամբ ազատիլ յանձնառու չէր եղած։ Ինքն ծննդեամբ Խարբերդցի էր, բայց Բրգնիկ գիւղի մէջ մեծցած և քահանայացած։ Նոր կիրակիին նախընթաց օրը, 1707 ապրիլ 19-ին երեք Հայեր ձերբակալուած էին Սեբաստիա՝ ֆրանկութեան ամբաստանութեամբ, որոնց երեք ևս աւելցան հարցաքննութեան ատեն, Միքայէլ քահանան ալ յիշուեցաւ իբրև խառնակութիւն տարածող։ Ապրիլ 20-ին ան ալ ձերբակալուեցաւ և 21 օր բանտարկութենէ ետքը մահուան տրուեցաւ, ուրացութեան հրաւիրուեցաւ, և չհաւանելուն վճիռը գործադրուեցաւ։ Թուականը 1707 մայիս 11 շաբաթ օր գրուած է (ԲՐԳ. ), բայց շաբաթ օր մայիս 10-ին կը հանդիպի։ Միքայէլ քահանան Բրգնիկ գիւղին կաթոլիկութեան իբր սկզբնապատճառը նկատուած է։ Ինչպէս Կոմիտասի համար ըսինք, Միքայէլին ալ արկածները և ոմանց ալ ուրացութիւնը՝ Լատիններուն յարուցած անխոհեմ գրգռմանց հետևանքներն են, որոնց մէջ իրենց իբր օտարազգի և օտարահպատակ ձախող հետևանքներէ զերծ կը մնային, և իրենց հետևողները փորձանքներու մատնել չէին խղճեր, որ չենք կարծեր թէ ուղղամիտ ընթացք մը ըլլայ։

« 1889. Կոմիտաս Նահատակ   |   1892. Մխիթար Մեթոն »
© Gratun.org