Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աղեքսանդր Ա. Ջուղայեցի

1896. Աբրահամ Արծիւեան

Թասպասեանի հետևողութեամբ գործունեայ դեր ունենալ ձեռնարկած էր անոր ձեռնասուններէն Աբրահամ Արծիւեան վարդապետը, 1679-ին ծնած Այնթապ (ԴԻԹ. 9), և 1700-ին աբեղայ ձեռնադրուած (ԴԻԹ. 17), և Թասպասեան նման Պետրոս Բերիացիէ եպիսկոպոսական աստիճան ստացած 1710-ին Բերիոյ մէջ (ԴԻԹ. 25)։ Աբրահամի Պետրոսէ ձեռնադրութիւն ընդունելուն իբր պատճառ ցուցնել, իբր թէ Պետրոս ի ծածուկ ուղղափառ իցէ (ԱՂՔ. Ա. 10), Հռոմի համար կարկտուած բարուրանք մըն է, զի այդ վարդապետները անխտիր որևէ աթոռէ եպիսկոպոսութիւն կ՚ընդունէին։ Իսկ Աբրահամի Պետրոսէ ձեռնադրուիլը շատ բնական էր, զի բնիկ Այնթապցի էր, և Մամպուտցի վարդապետին աշակերտ, և իբր Բերիոյ առաջնորդ կ՚ընդունէր ձեռնադրութիւնը (ԱՆՏ. ), նոյն իսկ Բերիոյ մէջ (ԱՂՔ. Ա. 10), ուր կը մնար հակաթոռ Պետրոս Պիծակը։ Ժամանակակից եղելութեանց յարակցութիւնը չկորսնցնելու համար պարտաւորուած ենք տեղէ տեղ ոստումներով յառաջ բերել մտադրութեան արժանի դէպքերը։

« 1895. Մելքոն Թասպասեան   |   1897. Աղեքսանդրի Նամակը »
© Gratun.org