Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աղեքսանդր Ա. Ջուղայեցի

1897. Աղեքսանդրի Նամակը

Լատին քարոզիչներու Թուրքիոյ զանազան կողմերը յառաջ բերած յուզումները, և անոնցմէ յառաջ եկած երկպառակութիւններն ու թշնամութիւններն, և այս պատճառով տեղի ունեցած աղետալի դէպքերը, Աղեքսանդր կաթողիկոսի մտադրութիւնը հրաւիրեցին։ Գործնականապէս միջամտելու և զսպելու միջոցներ ու դիւրութիւններ չունենալով, մտածեց նոյնիսկ անոնց սկզբնապատճառն եղող պապական աթոռին դիմել, և անկէ պահանջել յիշեալ գայթակղութեանց դադարումը։ Այդ նպատակով 1709 փետրուար 25 թուականով գիր մը ուղղեց (ՏՅՈ. Բ. 16) յոգնապատիւ և գերահռչակ պատուով մեծարեալ՝ պետականին ժամանեցելոյ գահին Հռոմոյ, տեառնդ Գլէմէնտոսի երիցս երջանիկ պապի (ՏՅՈ. Բ. 38), որ է Կղեմէս ԺԱ. պապը, ժամանակին աղետալից գործերուն դրդիչը։ Աղեքսանդր այս նամակով կը խոստովանի թէ մեք վերջացեալ գտանիմք այսմ ներամանակի ի մարմնաւոր իշխանութենէ, և աննախանձաբար կը յաւելու թէ զձերն տեսանելով զուարճացեալ բերկրիմք ի սիրտ և ի հոգի, և կ՚ընդունի ալ թէ աւետարանին օ որ հոգևոր իշխանութիւններ կարենան քարոզս առաքել ի չորեքծագեան տեղերս (ՏՅՈ. 39)։ Սակայն պապէն ղրկուած քարոզիչներուն գալով կը դիտէ, թէ քարոզքն այնոքիկ ոչ պարտին աշխատ լինել առ մեզ, այլ առաւել առ այնոսիկ՝ որք ոչ կարդան զանուն տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի (ՏՅՈ. Բ. 43), և կ՚արգեն քրիստոնէական վարդապետութիւնները, և նախատինքներ կը կուտեն քրիստոնէութեան վրայ։ Մինչ պապին ղրկած քարոզները զայս ամենայն տեսնելով և լսելով՝ ոչինչ համարին, և ոչ ցաւ է նոցա, այլ անփոյթ առնելով զնոցանէ, զմեօք շրջապատեալ պաշարեն, արկանելով ի մէջ քրիստոնէիցս աղմուկ խռովութեան, և փոխանակ շինութեան և հաստատութեան արկանեն յոլով գայթակղութիւնս (ՏՅՈ. Բ. 44)։ Այդ ընթացքին հանդէպ կը յիշէ, թէ երկրին պետութիւնը, որ այլազգ է և ոչ պաշտօնեայ քրիստոնէութեան, գթով գթայ և նախախնամեալ պահպանէ զմեզ թարց զզուանաց, իսկ առ մեզ եկեալ պատրիքն ոչ այսպէս, այլ ներհական վարին ընդ մեզ։ Ուստի կ՚առաջարկէ որ նոցա թուղթ առաքես ի ձեռս մեր, և մեք ցուցցուք պատրոցն, թերևս կասեսցին յատելութենէ քրիստոնէից։ Իսկ եթէ, կ՚ըսէ, մեծապատուութիւն քո զՀայս հերետիկոս դատապարտես, եղիցի կամք վեհափառութեանդ, սակայն սրբազան անուան տեառնդ ոչ է վայելուչ այնպիսի իրականութիւն (ՏՅՈ. Բ. 45)։ Այս այն նամակն է, որ հռոմէականներուն գրիչին տակ գիր սիրոյ և յարգանաց եղած է, ընդունելով զՀռոմայ հայրապետն լինել փոխանորդ Քրիստոսի և յաջորդ Պետրոսի Վիմի, և թէ Աղեքսանդր, որ կանուխ պապութեան դէմ գրած էր (§ 1884), կաթողիկոսութենէ ետքը ի բաց եթող զառաջին ընդդիմութիւն իւր (ՉԱՄ. Գ. 749)։ Սակայն այսպիսի բացատրութիւն մը չի գտնուիր Աղեքսանդրի թուղթին մէջ։ Հայ եկեղեցւոյ ճշմարիտ քրիստոնէութիւնը հաստատելու համար դաւանութեան ամփոփում մը գրած է, բայց ոչ պապութեան, և ոչ երկու բնութեան յիշատակութիւն կայ անոր մէջ, և Հոգւոյն սրբոյ համար, շեշտելով կը կրկնէ. Բղխում ի Հօրէ անքննելի և անիմանալի (ՏՅՈ. Բ. 40), և Բղխումն մշտնջենաւոր առ ի Հօրէ (ՏՅՈ. Բ. 41)։ Սակայն հռոմէականներուն համար բաւական է որ մէկ քանի քաղաքավարութեան նպատակով գրուած պատուագիր բառեր տեսնան, որ անմիջապէս գրողը հռոմէադաւան հռչակեն, չկարենալով թերևս ըմբռնել, թէ հնար է հակառակորդի հետ ալ վայելուչ լեզու գործածել առանց նզովից և անիծից, ինչ որ արժանիք մըն է Հայ եկեղեցւոյ ներոյամիտ ուղղութեան։

« 1896. Աբրահամ Արծիւեան   |   1898. Աղէքսանդրի Ուղղութիւնը »
© Gratun.org