Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աղեքսանդր Ա. Ջուղայեցի

1907. Աւետիքի Մահը

Յառաջ բերուած վերլուծութիւնները կը ցուցնեն թէ մինչև 1710 օգոստոսի վերջերը չէր վերջացած Աւետիքի վշտակրութիւնը Լատին հաւատաքննութեան ձեռքէն, երբ կը գրէր թէ միջի քաւարանի բանտն եմ այժմ, և չեմ գիտեր թէ այլ ի՞նչ գալոց է այս սևագիր գլխոյս (74 ԱՐՐ 195)։ Բայց վերջապէս ազատութեան հրամանը եկեղեցական և թագաւորական իշխանութիւններէն շնորհուեցաւ, և 1710 սեպտեմբեր 22-ին Փարիզի արքեպիսկոպոս Լուդովիկոս- Անտոն Նօայլ կարդինալին առջև հաւատոյ դաւանութիւնը տուաւ, հայադաւանութիւն ընդունելով (ԹՈԲ. 116)։ Պասթիյլի բանտէն ազատելով հսկողութենէն չազատեցաւ, վասնզի իրեն բնակութեան տեղ ցուցուեցաւ, Բըթի-տըլա-Քրօա անձին տունը, Ֆէրու (Ferou) փողոցին մէջ (74 ԱՐՐ. 73), որ թագման կոչուած է (ԹՕԲ. 117), և պէտք է ըլլայ բանտին մէջ ալ թարգմանութեան պաշտօն վարողը և հռովմէականութեան դարձնելու միջնորդ Խաչատուրը (§ 1905)։ Գրուած կը գտնենք թէ, քանի մը օր ետքը քահանայ օրհնուեցաւ Նօթրտամի (Notre Dame) մայր եկեղեցւոյն մէջ (ԹՕԲ. 117), բայց չենք ուզեր կարծել թէ Հայ եկեղեցւոյ ձեռնադրութիւնը ոչինչ համարելով կրկին ձեռնադրութիւն տրուած ըլլայ Աւետիքի, այլ տեսակ մը նզովքէ արձակման արարողութիւն մը կատարուած պիտի ըլլայ։ Միայն թէ եպիսկոպոսական աստիճանը զլացուելով, իբր պարզ քահանայ լակ պատարագելու արտօնուեր է, որով Աւետիք իբր հոգևորական մխիթարութիւն, ամէն օր (ԹՕԲ. 118), կամ ըստ այլոց ամէն կիրակի, Բոպիկ Կարմեղեանց (Carmes Dechausses) մատուռին մէջ կը պատարագէր, և յաճախ բուսաբանական պարտէզին մէջ կը շրջագայէր (74ԱՐՐ. 73)։ Գրեթէ վեց տարի էր որ անտանելի չարչարանքներով հիւծած էր Աւետիք, որ կը նկարագրուի, իբր աւելի վշտով և ձախորդութեամբ, քանթէ տարիքով կորացած ծերունի մը, դէմքը խորունկ խորշոմներով կնճռոտած, աչքը գրեթէ մարած, հայկական զգեստներու մնացորդ մը վրան պահած, և տկար մարմինը գաւազանի մը օգնութեամբ կանգուն բռնած (ԹՕԲ. 117)։ Կերևի թէ Աւետիքը վերջին օրերուն մոտեցած և գրեթէ մահամերձ տեսնելով տւած են անոր ազատութեան շնորհքը, զի միայն իննուկէս ամիս և ապրած է, և այն ալ անշուշտ աշխատաւոր և հիւանդկոտ վիճակի մէջ, 1711 յուլիս 11-ին, հին տոմարով յունիս 30-ին կնքած է իր կեանքը, անյիշատակ առանձնութեան մէջ, և մարմինը թաղած են Ս. Սուլպիկիոսի (Saint Sulpice) եկեղեցւոյն դամբարանը։ Տապանաքար ալ ունեցեր է, կըսեն, այլ 1793-ի յեղափոխութեանց մէջ անյայտացեր է։ Կը յիշուի թէ Հռոմ երթալ ալ փափաքած ըլլայ, աւելի հանգիստ ապաստան մը յուսալով, բայց փափաքին չէ հասած (74 ԱՐՐ. 73)։

« 1906. Աւետիքի Յիշատակարանը   |   1908. Աւետիքի Նկարագիրը »
© Gratun.org