Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աղեքսանդր Ա. Ջուղայեցի

1909. Երուսաղէմի Կացութիւնը

Երուսաղէմի և Կոստանդնուպոլսոյ պատրիարքութեանց միևնոյն անձի վրայ միանալը, կամ լաւ ևս Կ. Պոլսոյ պատրիարքին Երուսաղէմի պատրիարքութիւնը իւրացնելը, 1702 յուլիս 13-ի հրովարտակով առաջին անգամ հաստատուած էր Աւետիքի վրայ (§ 1857), և համառօտ ընդհատումէ ետքը նորոգուած 1704 դեկտեմբերի Աւետիքի պատրիարքութեան վերադառնալուն ատեն (§ 1868)։ Այդ միաւորութիւնը մեծապէս աղիտալի եղած էր Երուսաղէմի աթոռին, որովհետև աթոռը տէր մը չունէր զինքն խնամող, և վարձական մատակարարներ, որոնք պապա և նազր անուններու ներքև Կ. Պոլսէ կը ղրկուէին, յաճախ աշխարհական դասակարգէ, շահուելէ ու շահեցնելէ տարբեր նպատակ չունէին, իսկ Երուսաղմապատկան հասոյթներ Կ. Պոլիս կը գանձուէին, և Կ. Պոլսոյ մէջ կը ծախսուէին առանց Երուսաղէմի աթոռին օգուտ մը ունենալու։ Այդ անտեղի կացութեան տխուր հետևանքները ողբագին շեշտերով կը նկարագրէ ականատեսն Հաննա։ Կ. Պոլիսէ մեկնող ուխտաւորներուն գիր կը տրուէր թէ առեալ եմք լիապէս զդարպասն զքառասնիցն և զայլս, և ուխտաւորքն իբրև զթալանեցեալ ոք գնային։ Բայց աստի զպարտս փօլիցայից առնուին Կ. Պոլսոյ մէջ, և Երուսաղէմ կը ղրկէին որ տայցէին այլուստեք եկեալ դրամովն, և այս պատճառով պարտքն լեռնացեալ բարդակուտիւր Երուսաղէմի վրայ (ՀՆՆ. 120)։ Պատրիարքունքն և այլ անաստուածքն ոմանք իրենց ազգականները կը ղրկէին, գացող փոխանորդներ տանէին ընդ ինքեանս զկանայս և զորդիս, և ասոնք ուտէին զգանձս աթոռին։ Երուսաղէմը խեղճութեան մէջ կը հեծէր, իսկ Կ. Պոլսոյ մէջ սուտ լուրերով ժողովուրդը կը խաբէին։ Եթէ միաբաններէն ձայն հանող ըլլար, զծերսն ի բանտ մաշեցուցանէին և զերիտասարդսն յաքսորս և ի կալանս կեղեքէին, այնպէս որ ոչ ևս համարձակիւր ոք ի սրտացաւ միաբանից ջատագով լինել աթոռին իրաւունքներուն (ՀՆՆ. 122)։ Երբոր առձեռն միջոցներ սպառեցան, սկսան կարասին ալ ծախել, և Պարոնտէրէ մնացած զպղնձեղէնսն զաղտաբար ի Յոպպէ իջուցեալ յղեցին յԵգիպտոս, զտունս և զպարտէզս և զայլ միւլքերս գրաւ կը դնէին, զխաչս, սկիհս, բուրվառս, տապանակս, քշոցս և զկանթեղս, կոտրատեալ և հալեալ վաճառէին այլազգեաց (ՀՆՆ. 123), այն ալ զհազար ղուռուշի զիրն հազիւ թէ երկու հարիւր ղուռուշ վաճառէին, զհոգեպահ կերակրիկն խեղճ միաբանից համարեա թէ իսպառ հատանէին, և եթէ խեղճերուն ձեռքը ուխտաւորներէն ողորմութիւն մը իյնար, տուգանքի պատրուակով կը կողոպտէին։ Որովհետև այդ շռայլութեանց համար շարունակ պարտքեր կ՚առնէին, այնչափ շատցած էին պարտատէրները, մինչ զի գրեթէ ի մէջ սրբոյ Երուսաղէմի գտանիւր ոք, որ չիցէր փոխատու և թարց առնելեաց աթոռին վրայ։ Եւ որովհետև վճարում չէր ըլլար, պարտատէրներ ամէն բռնութեանց կը ձեռնարկէին, զգրաւունս ի հրապարակս կը հանէին, զպախուրձ ձիոց իւրեանց ի յօղս դրան սրբոյ եկեղեցւոյն կապէին, և արարողութիւնները կը խափանէին, և բռնութեանց կը դիմէին։ Պատմիչը կը յիշէ զմտանելն զինուորաց ի խցերն կարգաւորաց և զխլելն զինչս նոցա, զապտակն և զթուքն, զծեծն և զյիշուցն, զմօրուս տփետելն և զհայհոյանս, զխորտակումն դրանցն խցից և զջարդումն լուսամտից, և զգիշերն ի բուն խցէ ի խուց շրջագայելն պատատիրաց, ի մէջ եկեղեցւոյ կօշկօք մտանելն, և ի բեմն մերձ ի ժամարարն ելանելն, ձեռքի սկիհը խլելու համար (ՀՆՆ. 126)։ Այս ամենուն հետևանք եղաւ կարգի և կանոնի, վանականութեան և արարողութեանց խափանիլը, և այնպիսի ընդհանուր անկման վիճակ մը տիրեց, որ ամաչէր ոք ասել զինքն գոլ յազգէն Հայոց (ՀՆՆ. 127)։ Արդարև արտասուելի նկարագիր, որուն յիշատակութիւնն իսկ սիրտերը կը քսամնեցնէ։ Այս էր Երուսաղէմի վիճակը մինչև 1713 տարին, Սահակ Ապուշեխցի պատրիարքին օրերը, որ թէպէտ Երուսաղէմի մասին գէշ տրամադրուած չի կարծուիր, այլ սովորական դարձած ընթացքը տիրացած էր և կը շարունակէր։

« 1908. Աւետիքի Նկարագիրը   |   1910. Ամրտոլի Ուսումնարան »
© Gratun.org