Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աղեքսանդր Ա. Ջուղայեցի

1911. Կոլոտ Յերուսաղէմ

Երուսաղէմի պարտքին և կացութեան մասին հետզհետէ հասնող ձախող լուրերը և Կոլստի Գլակայ պարտքին մասին յաջող գործունէութիւնը, իրարու հետ համեմատուելով, նոյնինքն Կոլոտը Երուսաղէմ յղելու խորհուրդը, կազմեցին Սահակ պատրիարքի միտքին մէջ, որուն համաձայնեցան Յարութիւն Մուրատեան, Յարութիւն Թէվէքէլեան, և Սարգիս ու Իսրայէլ ու Լոթվին գլխաւորներ (ԿՈԼ. 12), և բնաւ իշխանք և ժողովուրդ Հայոց (ՀՆՆ. 129), և բազում անգամ հրաւիրմամբ և սաստիկ ստիպմամբ համոզեցին Կոլոտը Երուսաղէմ երթալ (ԿՈԼ. 164), աթոռակալ և վէքիլ անուամբ և զայն ճամբայ հանեցին ընդ տէրունական ուխտաւորսն և չափաւոր արդեամբք, այսինքն մաս մը գումարելով (ՀՆՆ. 129), ինչպէս և ինքն ալ կըսէ, թէ պարտաւորուեցաւ տանիլ զողորմութիւն հաւատացելոցն ի սուրբ Երուսաղէմ, և ծառայել աստուածակոխ տեղեացն (ԿՈԼ. 164)։ Կոլոտ Երուսաղէմ հասաւ մեծպահքի երկրորդ կէսին մէջ, զատիկէն առաջ, որ 1713-ին կը հանդիպէր ապրիլ 5-ին։ Իր հասնիլը սակաւ ինչ շնչառութիւն եղաւ սրբոյ տանն այնորիկ (ԿՈԼ. 169), վասնզի տեսնելով և ցաւօք լցեալ, որ ի ձեռաց կողոպտիչ և արծաթասէր մերայնոց և սուտանուն քրիստոնէից՝ մեռեալ հաւատս ունողաց, տարապայման անշքացեալ էր Երուսաղէմի աթոռը, իր բերած դրամով և ուխտաւորներու նուէրներով սկսաւ ինչ ինչ սեփականութիւններ գրաւէ ազատել (ԿՈԼ. 168), և յատկապէս մի փոքրիկ վանք (ՀՆՆ. 129), որ պիտի ըլլայ եկեղեցին Ասորւոց, և ի սուրբ Յարութիւն միջի կանթեղքն (ԿՈԼ. 169), և պարտէզն վանուց Հրեշտակապետու (ՀՆՆ. 129), որ առ Ֆռանկսն եղեալ կային ի գրաւ՝ ազատեցան շնորհօք Տեառն (ԿՈԼ. 169)։ Ապրիլ 5-ին զատիկը կատարելէն և ուխտաւորները յուղարկելէն ետքը, Կոլոտ շարունակեց իր պաշտօնը աթոռին ներքին բարեկարգութեան, և արտաքին պարտքերու կարգադրութեան աշխատելով, թէպէտև կրելով զրպարտութիւնս բազումս ի բարբարոս պարտատէրացն, և ի մերայնոց լափլիզողաց, զանազան և յօգնակուտակ նեղութիւնս, որոնք այս կերպով հնարէին մեկնել զնա ի սիրոյ և ի կարեկցութենէ սրբոյ տանս։ Սակայն կոլոտ հաստատուն էր իր ուղղամիտ գործունէութեան մէջ, և մէկու մը չէր ներեր աթոռին մատակարարութեան մէջ նենգութեամբ և չարաշահութեամբ օգտուիլ (ՀՆՆ. 130), և ակնկառոյց կը սպասէր գալստեան միւս ամի ուխտաւորացն կրկին օրհնութիւն ի Բիւզանդիոյ (ԿՈԼ. 169)։ Իսկ 1714-ի զատիկը պիտի հանդիպէր մարտ 28-ին, դեռ եղանակները չպարզուած։

« 1910. Ամրտոլի Ուսումնարան   |   1912. Սահակ Պաշտօնանկ »
© Gratun.org