Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աղեքսանդր Ա. Ջուղայեցի

1915. Կոլոտ Երաշխաւոր

Նոր պատրիարքին առաջին ձեռնարկներէն մին ձախող որոշում մը եղաւ, այն է իբր վէքիլ կամ փոխանորդ, և իբր պապա կամ մատակարար Երուսաղէմ դարձնել Յովհաննէս Պալըքէսիրցին, որ քանի մը տարի առաջ Սահակ պատրիարքէն այդ պաշտօնին կոչուած էր, սակայն դատաստանի վճիռով պաշտօնէն հանուած էր 1711ին, որովհետև թէ՝ վանական հասոյթները, զիրաւունս և զողորմութիւնս նուիրեալս յուխտաւորաց, վատնած և ոչնչացուած էր ի կամս իւր, և թէ՝ պարտքեր աւելցուած էր ու հաշիւ տեսնուած ատեն պարտաւոր մնացած էր (ԱՍՏ. Ա. 439)։ Կոլոտ իբր Պալըքէսիրցիին անունը կու տայ իր գրութեանց մէջ, կը կոչէ զայն անյագն ի չարիս, Բէլն երկրորդ, մերկացեալ ի շնորհեաց, նոր հրէայ և հին հեթանոս (ԿՈԼ. 170), որ իրեն հետ ուրիշ երեք արբանեակք իւրապիսիք ալ ունենալով, նորէն սկսաւ զօչաքաղութեանց հետևիլ, ընդհանուր թալան մը կազմակերպել կալուածներու և սպասներու վրայ, վաճառելով կամ գրաւի դնելով, որով մերկացոյց զիսկուհի հարսն սուրբ, այսինքն Երուսաղէմի եկեղեցին, յամենից զարդուց (ԿՈԼ. 171)։ Երբոր պարտատէրեր տեսան, որ իրենց պահանջը գանձելու միջոցները օրըստօրէ կը նուազին, Կ. Պոլիս դիմեցին և հրովարտակ հանել տուին, թէ Հայոց ամենայն միւլքերն ծախուիցի և իւրեանց պարտքն տրիցի։ Պալըքէսիրցին և ընկերները, առանց ընդդիմանալու այս կործանիչ հրամանին, խորհեցան նախ վաճառել զգեղեցիկ վանքն սուրբ Փրկչի (ՀՆՆ. 131)։ Հազիւ թէ այդ գործը լսուեցաւ, միաբանք և ժողովուրդք այլայլմէ եղած շփոթման, և նեղ ժամանակին մէջ Կոլտին դիմեցին իր հեղինակութեամբ և ստացած յարգանքով ընդդիմանալ այդ ձեռնարկին և տէր կանգնիլ ազգային սեփականութեանց։ Պարտատէրերուն ալ դիմեցին կողկողագին, որոնք տեսնելով ընդհանուր յուզումը և արցունքը՝ հաւանեցան սպասել, միայն թէ կ՚ըսեն մեզ մին հաւատարիմ երաշխաւոր տուէք, որ և մեք նորա հաւատալով տացուք ձեզ սակաւ ինչ ժամանակ (ՀՆՆ. 132)։ Այն ատեն ամէնքը կը բռնադատեն Կոլոտը երաշխաւորութիւնը յանձն առնուլ, պարտատէրերն ալ կը հաւանին, տեսած ըլլալով անոր ուղղամտութիւնը և աթոռին համար անկեղծ աշխատութիւնները։ Կոլտ զիջաւ, և չորս տարւոյ պայմանաժամով մասառմաս վճարելու պայմանով, հիւճէթ արարին առաջի դատաւորին, և կուսակալն ալ գոհ մնալով վարդապետը պատուասիրեց և խիլայեալ յուղաւորեաց (ՀՆՆ. 133)։ Կոլոտի առաջին գործը եղաւ Ս. Յարութիւն տաճարին մէջ գոհաբանական աղօթխներ ընել՝ ձեռք ձգուած յաջողութեան համար, և անկէ վանք դառնալով միաբանները հաւաքել, և նորանոր փոխառութեանց դուռը փակելու համար կտրատել և ջնջել պաշտօնական կնիքը՝ յորոյ վերայ գրեալ էր անուն սրբոյ աթոռոյն, և որով զմուրհակս պարտուցն կնքէին, և որ հասարակ կնիք կամ օրթայի կնիք կ՚անուանէր (ՀՆՆ. 135), այլ Կոլոտ կնիք պարտուց կ՚անուանէ զայն, (ԿՈԼ. 172)։ Անհատական անուն չկար կնիքին վրայ, որով ոչ ոք անձնապէս պարտական կը սեպուէր, և ի կնքողաց փող մի չէր գնայր, անոր համար ամէն փոխանորդներ և մատակարարներ անխտրապէս զբազում թէմէսիւքս մօհրէին (ՀՆՆ. 135)։ Այդ ամէնը կը պատմէ Հաննա, որ գործին մասնակից է։ Եղելութիւնները տեղի ունեցան 1714-ի վերջերը, ուսկից ետքը 1715ի սկզբները Կոլոտ Երուսաղէմէ մեկնեցաւ Կ. Պոլիս գալ, և ազգային մեծամեծներուն եղածը իմացնել և ընելիքնին ցուցնել։

« 1914. Յովհաննէս Գանձակեցի   |   1916. Աղեքսանդրի Մահը »
© Gratun.org