Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աղեքսանդր Ա. Ջուղայեցի

1916. Աղեքսանդրի Մահը

Երբոր Երուսաղէմի մէջ այս անցուդարձերը տեղի կ՚ունենային, Էջմիածինի մէջ աթոռը կը դատարկանար Աղեքսանդրի մահուամբ։ Իրեն գործերէն շատ մանրամասնութիւններ չունինք, և այս պատճառով ժամանակակից եղելութեանց վրայ ընդարձակուած ատեննիս, իրեն գործունէութենէն շատ բան չկրցանք յառաջ բերել։ Գիտենք որ զհայրենիս և զբարեկամս իւր մխիթարելու նպատակով 1711 հոկտեմբեր 12-ին Նոր Ջուղա է եկած, և ութն ամիս այն տեղ ատեն անցնելէ ետքը 1712 յունիս 17ին Էջմիածին դարձած։ Գրուած է թէ կաթողիկոսութիւն սորա եղև կարի օգտակար, ոչ միայն սակս ազգին, այլ և վասն սրբոյ Էջմիածնի (ՏՅՈ. Ա. 35)։ Երեւանեցին ալ կը վկայէ թէ եղև հանճարեղ և շինարար, զբազում հնացեալ շինուածս նորոգեաց զձմրան սեղանատունն վերանորոգեաց, զայգին Սրբոյն Հռիփսիմեայ մեծացոյց և պարսպեաց, հարստացոյց զսուրբ աթոռս եկեղեցական զարդուք և արտաքին կահիւք և անասնօք, և յաւել մուլքս և զարդիւնս՝ արքունական և դատաւորական գրովք (ՋԱՄ. 27)։ Ինքն ալ 1713 յունիս 4ին Մովսէս Ջուղայեցիին կը գրէր, թէ տասն տեղ քարխանայք ունիմ, երեք հարիւր աւելի ուստա և մշակ կու բանի. և տասը տեղ բացուած շինութիւններուն կարգին կը յիշէ ևս Երեւանի այգին, Օշական մուլքը, և մեծ առուն (ՏՅՈ. Բ. 85)։ Բայց տակաւ կը տկարանար Աղեքսանդր, և 1714-ին իր վախճանը մօտալուտ տեսնելով գրաւոր կտակ մըն ալ կը պատրաստէ, որով կը յայտնէ, թէ Նահապետի օրէն մնացած պարտքերն ալ վճարած է, մէկ դեկան պարտք չկայ սուրբ աթոռոյս, այլ և դրամ ևս կայ։ Իրեն յաջորդ կը ցուցնէ Ջուղայի առաջնորդութեան մէջ իր յաջորդ Մովսէս Ջուղայեցին, վստահացնելով թէ կրկին, երեքկին և բազմակրկին ճոխացուցնէ զաթոռս և զազգս. թէպէտև կը յաւելու թէ կամք ձեր է, զո քո կամիք կաթողիկոս ընտրէք, և կը վերջացնէ օրհնութեամբ, կացէք բարեաւ և մնացէք խաղաղութեամբ, և վասն մեր աղօթս արարէք և յիշեցէք ի Քրիստոս (ՏՅՈ. Բ. 36)։ Կտակին ամսաթիւը չկայ, բայց մահուանէ շատ առաջ պիտի չըլլայ, զի 1714 հոկտեմբեր 19ին Մովսէս Էջմիածին կը հրաւիրուի կաթողիկոսանալու նպատակով (ՏՅՈ. Բ. 50)։ Իսկ Աղեքսանդր կը վախճանի նոյեմբեր 22ին (ՏՅՈ. Բ. 37), և կը թաղուի ի ներքոյ մեծի զանգակատան, յաջակողմն դրան (ՋԱՄ. 27)։ Աղեքսանդր Ջուղայեցի ուսումնական և գործունեայ և խոհական և շինարար, պատկառելի դէմք մըն է կաթողիկոսներու շարքին մէջ, թէպէտև կենսագրական մանրամասնութիւններով հարուստ չըլլան իր եղող յիշատակարանները։ Ազգային եկեղեցւոյն մասին իր հաստատամիտ և անխարդախ ուղղութեան համար բաւական ըլլայ պապին գրած նամակին մասին տուած վերլուծութիւննիս (§ 1897

« 1915. Կոլոտ Երաշխաւոր   |   1917. Մովսէս Ջուղայեցի »
© Gratun.org