Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աստուածատուր Ա. Համատանացի

1920. Պետական Դատաստան

Տամատ Ալի եպարքոս բողոքողները կընդունի, կը լսէ բողոքը, և կըսէ թէ գործը իմացած է, և թէ այն Երուսաղէմի հաշիւներու խնդիր մըն է՝ պատրիարքի և յիշեալ եպիսկոպոսներու հետ, որոնք երեք ընկեր ևս ունին եղեր, թող անոնք ալ բերեն որ դատը տեսնէ, և երաշխաւորութիւն առնելով բողոքողները կարձակէ։ Ամբոխը կը հաւանի, բայց միւս երեքը զորս Լատին եպիսկոպոսը պահած էր, մէջտեղ չեն ելլար։ Այն ատեն ամբոխը Լատին եպիսկոպոսին կը դիմէ, կը սպառնայ որ զիրենք մէջտեղ նետեց, և այժմ վտանգի կենթարկէ, որով նա կը պարտաւորուի մէջտեղ հանել երեք պահուըտածները զորս երաշխաւոր ամբոխը եպարքոսին կը ներկայացնէ, և անոնց հետ Յովհան Նիկոմիդացի եպիսկոպոսն ալ, զի Սարգիս և Երեմիա լատինամիտ եպիսկոպոսներ բանտին մէջ իսլամութիւն ընդունելով գործէն հրաժարած էին։ Պատրիարքն ալ ատեն կը կանչուի, ուր իր գանգատը կը յայտնէ։ Բայց անիկա եպարքոսին յերիւրած պատճառանքին մասնակից չէր, ուստի պարզապէս կը յայտարարէ թէ Լատիններ մէջտեղ ելած են ի ժողովուրդը օտարացնել, կարգելեն Հայ եկեղեցին գալ, կը յորդորեն պատրիարքարանի տուրքերը չտալ, և կը ստիպեն իրենց եկեղեցիները երթալ և տուրքերը իրենց վճարել։ Կաւելցնէ թէ այս չորսերն ալ անոնց գործակատարներն են։ Եպարքոսը միւսներուն դառնալով բացատրութիւն կը պահանջէ, և Թասպասեան ամէնուն կողմէ պատասխանելով կը սկսի ըսել, Պատճառն որոյ վասն մեք ոչ թողումք. .. ։ Եպարքոսը խօսքը կընդհատէ, և չի ներեր շարունակել, որովհետև ոչ թողումք յայտարարութիւնը՝ կատարեալ խոստովանութիւնկը նկատէ, և իբր օտարներու և կառավարութեան թշնամիներու ձեռնտուներու՝ քրէական յանցապարտութեան և թիապարտութեան վճիռ կարձակէ վրանին։ Այսպէս Մելքոն և Յովհան եպիսկոպոսներ, Յովսէփ վարդապետ և Աստուածատուր քահանայ, թիապարտներու բանտը կը փակուին 1714-ին վերջերը, գոնէ յայտնի ամբաստանութեամբ և դատական վճիռով, և ոչ Աւետիքի պէս նենգաւոր յափշտակութեամբ և գողունի գործողութեամբ։ Թիապարտներէն վերջին վերջին երեքը՝ իբր հետևողներ՝ դրամական միջոցներով ազատութիւն կը գտնեն, միայն Մելքոն եպիսկոպոս, իբր շարժումին գլուխը՝ երկու տարիի չափ բանտը կը մնայ և հոն կը վախճանի։ Այդ միջոցին իբր գործակից դատապարտուած են նաև Մելտոն Պալաթցի և Չախմախօղլու անոն անձեր, որոնց առաջինը ուրացութեամբ և երկրորդը դրամով ազատութիւն են ստացած (ՉԱՄ. Գ. 761)։

« 1919. Լատինամիտ Ջանքերը   |   1921. Գաւառներու Մէջ »
© Gratun.org