Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աստուածատուր Ա. Համատանացի

1925. Պետական Վաւերացում

Սակայն կատարուած գործողութիւնը և նոր պատրիարքներու հռչակուիլը ազգային շրջանակի մէջ եղած գործ էր, և դեռ իր պաշտօնական և իրական լրումը չունէր. ուստի պետական հաստատութիւն ստանալ պէտք էր, և Երուսաղէմի պատրիարք ընտրուած անձը գործին գլուխ անցնել։ Մինչև որ այս գործողութիւնները լրացան, մի տարի և ութն ամիս ատեն անցած է Հաննայի հաշուով (ՀՆՆ. 140)։ Գրիգոր Շիրուանցի հաճեցնելու համար ալ նամակներ գրուեցան, և անոր դժկամակամութիւնը յաղթելու համար հրովարտակին առնուելէն ետքն իսկ հարկ եղաւ Աստուածատուր կաթողիկոսին գրել, և ի ձեռն վարդապետի միոյ գիրերը յէել, և հազիւ թէ երբ կաթողիկոսը իւրով հարկեցուցիչ հրամանաւն հարկադրեաց, խոնարհեցաւ Գրիգոր, մինչև ետես զաննահանջելի հարկադրութիւնն ծայրագոյն քահանայապետին իւրոյ։ Սակայն այդ կերպով Գրիգորի յանձնառութիւնը երկու տարի ուշացաւ (ՀՆՆ. 143)։ Պաշտօնական գործողութեանց, և երկու պատրիարքութիւնները իրարմէ բաժնելու, և անոր ձևով հրովարտակներ պատրաստել տալու համար բաւական դժուարութիւններ ելան. բայց Հաննա իսկ չի մանրամասներ, թէ զորպիսի նեղութիւնս և անձկութիւնս կրեցին, և զորքան դրամս յինքեանց ցրուեցին՝ գործին վրայ կեցող իշխանաւորները։ Պէտք եղաւ որ Կոլոտ անձամբ Ադրիանուպոլիս երթայ, ուր էր սուլտան Ահմէտ Գ, և իրեն հետ գացին մեծամեծներէն Մելիտոն Արապօղլու Կեսարացի, Յարութիւն Հովուեանց, և միւս Յարութիւն Սեղբեստրոսի ընկերը, և ուրիշներ, որոնց գործակից եղաւ Ադրիանուպոլսոյ առաջնորդ ծերունի Աբրահամ վարդապետ (ՀՆՆ. 140)։ Եթէ հրովարտակներուն ստացութեան ժամանակը Կոլոտի Երուսաղէմէ մեկնելէն 20 ամիս պիտի հաշուենք Հաննայի ցուցածին համեմատ (ՀՆՆ. 140), 1716 նոյեմբերին պիտի դնենք անոնց ստացութիւնը, և 1717 տարւոյ Ծնունդի օրերուն կը մնայ մեծահանդէս սիւնեհոդոսն Մայր եկեղեցւոյն մէջ, զոր Կոլոտ հաւաքեց Ադրիանուպոլսէ դառնալէն ետքը։ Անկէց ետքն է Աստուածատուր կաթողիկոսին եղած դիմումը, և Գրիգորի վերջնապէս համակերպիլը, և Մուշէ մեկնելով Կ. Պոլիս հասնիլը 1717-ին ի յաւուր տօնի Վերափոխման (ՀՆՆ. 143), օգոստոս 18-ին։ Ինչպէս կը տեսնուի, շատ երկարատև եղաւ Կոլոտի յղացած խորհուրդին գործադրութիւնն ու աւարտը, և պարտքերուն վճարման համար պայմանաւորուած չորս տարիներէն երկուքուկէսը ապարդիւն անցան։

« 1924. Երուսաղէմի Աթոռը   |   1926. Գրիգոր Շղթայակիր »
© Gratun.org