Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աստուածատուր Ա. Համատանացի

1926. Գրիգոր Շղթայակիր

Այդ յապաղումը ստիպեց երկու պատրիարքակից հին ընկերները ամենայն փութաջանութեամբ գործի ձեռնարկել, իրարու հետ մրցելով՝ սիրով և համերաշխութեամբ։ Սրտաշարժ են Կոլոտի՝ Գրիգորը դիմաւորելու ատեն խօսած ողջունի խօսքերը. Ով սուրբ տեղեաց պսակադիր, խոնարհեցար և եկիր, երեսս ի հող և մոխիր, ճանապարհիդ որ եկիր, և այս խօսքերով ու արտասուելով զմեծ ժամս անոր կը փարի ու կը համբուրէ (ՀՆՆ. 143)։ Գրիգոր որչափ առաջուց դժկամակ, նոյնչափ և աւելի բոլորանուէր եղաւ ստանձնած պաշտօնին, և յանձն առած գործին, որ է Երուսաղէմը փրկանաւորել իր պարքերէն և զայն պայծառացնել նորանոր կարգադրութեամբ։ Իբրև նշանակ իր անկեղծաւոր անձնուիրութեան, եդ ի պարանոցս իւր զանուրս երկաթիս գերեսարաս, և փակեաց զայն ազխիւք ամրագունիւք, ուխտելով ընդ Աստուած, ոչ հանել զայն ի պարանոցէ իւրմէ, մինչև այց արասցէ նոյն ինքն տառապեցելոյ ազգս Հայոց, և սրբեսցէ զարտօսր զամենայն աչաց, և բարձցէ զնախատինս յազգէս մերմէ, թեթևացուցանելով զլեռնակուտակ բարդումն ծովասարաս պարտուց (ՀՆՆ. 146)։ Գրիգորի իր վիզը անցուցած երկաթեայ շղթայի անուրն է, որ անոր տուաւ Շղթայակիր և այլազգօրէն Զինճիրլի, մականունը, որով սկսաւ կաշուիլ ամենէն, և որ իրեն վրայ իբրև հաստատուն մականուն մնացած է պատմութեան մէջ։ Գրիգորի պատրիարքութիւնը ստանձնելուն թուականը, իր կնիքէն քաղելով պէտք է դնել 1717-ին (ԿՈԼ. 61), թէպէտ շատեր կը գրեն 1718-ին, որ թերևս անուրը վիզն անցընելուն թուականն է, թէպէտ օրը չկարենանք ճշդել։ Գրիգոր անուրը վիզը անցընելով իր վրայ կ՚ուզէր անձնաւորել Երուսաղէմը, այսինքն Երուսաղէմի Հայ աթոռը, որ լեռնակուտակ պարտուց ներքև ինկած (ՀՆՆ. 145), և բոլոր իր ստացուածներովը պարտատէրերու երաշխաւորութեան մատնուած, տիրապէս վաճառեալ գերի մըն էր անոնց ձեռքը, և բոլոր իր ազատութիւնը կորուսած։ Երուսաղէմի աթոռին այս գերութիւնը կը պատկերացնէր Շղթայակիրը իր գերեսարաս անուրովը։ Գրուած չենք գտներ թէ ինչ ծանրութեամբ և ինչ չափով օղակ մըն էր Գրիգորի իր վիզին վրայ ազխիւք ամրագանիւք պնդած անուրը, զոր երկար տարիներ վիզէն չհանեց։ Ինչպէս օրինակով Երուսաղէմի աթոռին գերութիւնը անձնաւորած էր Գրիգոր, նոյն ոճով ալ կը խօսէր միշտ, և տօն օրեր եկեղեցւոյ դրան առջև կանգնած, Երուսաղէմի բերնէն ողբագին կը կրկնէր։ Ողորմեցարուք, ողորմեցարուք ինձ, հաւատացեալքդ Քրիստոսի, զի տունն իս ի գրաւի է, որդիք իմ հեռացեալ են յինէն, և ես մատնեալ եմ ի գերութիւն, ողորմեցարուք ինձ (ԱՍՏ. Ա. 441)։ Երկու պատրիարքներուն ձեռք ձեռքի տուած քրտնաջան ճիգերը իրենց արդիւնքն ունեցան, զի երկուքին քարոզութիւնները, Գրիգորի անձնուիրութիւնը, Յովհաննէսի հովանաւորութիւնը, և մանաւանդ անոնց առաքինի և անձնուրաց օրինակը՝ ամէնքը վառեց Սուրբ տեղեաց բարեպաշտութեան և նպաստներ ու նուէրներ սկսան առատապէս տեղալ յօգուտ սրբոյ աթոռոյն։

« 1925. Պետական Վաւերացում   |   1927. Երուսաղէմի Համար »
© Gratun.org