Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աստուածատուր Ա. Համատանացի

1927. Երուսաղէմի Համար

Գրիգոր պէտք չտեսաւ պատրիարքութիւնը ստանձնելուն պէս իր աթոռը երթալ, և հոն բարեկարգութիւն հաստատել, վասնզի ամէնէն առաջ պէտք էր պարտքերը թեթևցնել, կալուածներու և սպասներու և ինչքերու տէր դառնալ, և այդ նպատակին համար Երուսաղէմ գտնուիլը բնաւ օգուտ չունէր նպաստներ ու նուէրներ ազգին հանրութենէն, և գլխաւորապէս մայրաքաղաքէն պիտի ելնէին, ուստի անհրաժեշտ էր ազգային կեդրոնին մէջ մնալը։ Իսկ Երուսաղէմի մէջ կարող և հաւատարիմ փոխանորդի և մատակարարի մը պէտքը կար, ոչ ևս պապայի մը կամ նազըրի մը, այլ տիրապէս պատրիարքին փոխանորդին կամ աթոռակալին, և այդ պաշտօնին կոչուեցաւ երկու պատրիարքներուն կոնդակով Յովհաննէս վարդապետ Երուսաղիմացի, կամ արաբացւոց լեզուաւ՝ Հէննէ վարդապետ կոչուած (ՀՆՆ. 145), և աւելի սովորաբար Հաննա հնչուած (ՀՆՆ. 2)։ Նա Կոլոտի փոխանորդութեան օրէն անոր հաւատարիմ և անխոնջ գործակիցն էր եղած, և ստուգիւ այդ պաշտօնին արժանաւոր անձն էր, և ինքն է այդ եղելութեանց մանրամասնութիւնները մեզի հասցնող պատմաբանը։ Նպաստները առատացնելու համար շրջաբերականներ և յորդորագիրներ ուղղուեցան ամէն կողմ, Յովհաննէս պատրիարքի անունով և մեծամեծներու ձայնակցութեամբ, ոչ միայն Տաճկաստանի այլ և Պարսկաստանի վիճակները։ Անշուշտ Աստուածատուր կաթողիկոսի ալ դիմում եղաւ նպաստի համար, ինչպէս Գրիգորը համոզելու նպատակով եղած էր (§ 1825), և այս յայտնապէս կը քաղուի 1721 հոկտեմբեր 18-ին Աստուածատուրի գրած նամակէն, որով կը հաւանի Կարինէ ետ քաշել Էջմիածնի նուիրակ Մխիթար Գողթնացի վարդապետը, զի գործ սուրբ տանդ յառաջեսցէ, և մերն յետոյ լինիցի (ԱՍՏ. Բ. 8)։ Իսկ Պարսկաստանի առաջնորդ Մովսէս Ջուղայեցիի ուղղուած գիրին մէջ, որ Յովհաննէս պատրիարքի և 250 ականաւոր հոգևորականներու և ժողովրդականներու կնիքները կը կրէր, կը յայտարարուի, թէ յետ սրբազան կաթողիկոսին մերոյ հօրն հասարակաց, զքոյդ վեհանձնութիւն ունիմք մեզ հայր և խնամածու և հեղինակ առ բարեացն շաիւղ (ԱՅՍ. Բ. 52)։ Կաթողիկոսին անունը յիշելնին ալ, նախապէս անոր ալ դիմելնին կը ցուցնէ։ Ջուղայի և բոլոր Պարսկահայ քաղաքներու հաւատացեալները, որոնք ոչ նուազ ջերմեռանդ էին Սուրբ Տեղեաց, և կարողութեան տէր ալ էին, հարկաւ առատապէս մասնակցած են Երուսաղէմի պարտքերուն վճարման։ Երբոր այսպէս յաջող պարագաներու ներքև կը սկսէր Երուսաղէմի համար հանգանակութեան գործը, յանկարծահաս աղէտ մը վերիվայր շրջեց ամէնուն բարենպատակ ջանքերը։ Միևնոյն 1718 տարին յուլիս 5-ի շաբաթ կէսգիշերին, լոյս Հոգեգալստեան հինգերորդ կիրակիին, ահագին հրդեհ մը, որ 34 ժամ տևեց, Կ. Պոլսոյ մեծ մասը մաքրեաց (ՍՐԳ. ), և մայրեկեղեցին և պատրիարքարանն ալ այրեցան, իրենց շրջանակներով, ուր բազումք իշխանք Հայոց բնակէին, որով գրեթէ իսպառ յուսակտուր եղեալ լքան երկոքին պետքն սրբազանք (ՀՆՆ. 146), զի մայրաքաղաքը կը պարտաւորէր նախապէս իր աղէտը դարմանել։ Սակայն մեծամեծներուն գլխաւորները չյուսահատեցան, և գլխաւորապէս Սեղբեստրոս, Մելտոն, Սարգիս և Յարութիւն իշխանաւորներ, որոնք արդէն յիշուեցան։ Նախապէս մայրեկեղեցւոյ և յարակից պատրիարքարանին շինութեան հետևեցան, որ 1719-ին սկսաւ, և 70 օրուան մէջ աւարտեցաւ (01. ՕՐԱ. 129), որուն ինքեանք իսկ պետք սրբազանք, որպէս զյետին մշակս ի մէջ փայտի և քարի աշխատէին։ Նոր շէնքին պայծառութիւնը եղև տասնապատիկ քան զառաջինն, և լրանալն արարին զտօն նաւակատեաց տեառնագրական (ՀՆՆ. 147), Շղթայակիրին նախագահութեամբ (01. ՕՐԱ. 129), որ եպիսկոպոսական աստիճան ունէր։ Այսպէս մայրաքաղաքին աղէտը դարմանելէն ետքը կրկին ոյժով սկսան Երուսաղէմի համար աշխատութիւնները, զորս առաջ ալ բարձի թողի ըրած չէին։ Ջանացին որ հետզհետէ պարտքերը վճարուին, գրաւի կալուածներ և ինչքեր և սուրբ անօթներ փրկանաւորուին, և միանգամայն մեծամեծ նորոգութեանց և ապագային ծախքերուն համար ալ նոր գումարներ հայթայթուին։ Ուստի հանգանակութիւնները շարունակեցին, և հետզհետէ Երուսաղէմ փոխադրեցին, որ Հաննա վարդապետի ձեռօք կարգադրուին՝ Շղթայակիրին հրահանգներուն և Կոլոտի խորհուրդներուն համաձայն։ Այս է պատճառը որ Շղթայակիրին իր աթոռը երթալը յապաղեցաւ մինչև 1721 (ՀՆՆ. 148)։

« 1926. Գրիգոր Շղթայակիր   |   1928. Նեղութեանց Դէմ Ճիգեր »
© Gratun.org