Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աստուածատուր Ա. Համատանացի

1928. Նեղութեանց Դէմ Ճիգեր

Արևելեան գաւառներու մէջ տեղի ունեցող շարժումներուն մասին խօսեցանք մինչև Օրիի մահը, 1711-ին (§ 1900), և ըսինք ալ թէ անոր գործին շարունակութեան կը հետևէր Մինաս Տիգրանեան վարդապետը, և թէ երեք տարիէ աւելի Աստրախանի կողմերը դեգերեցաւ, Ռուսները Պարսիկներուն դէմ գրգռելու աշխատեցաւ՝ Հայաստանի ապահովութիւնը պատրաստելու նպատակով (§ 1902)։ Պետրոս Ռուսաց կայսերը, ոչ գործը լքանել ուզելով և ոչ անմիջական ձեռնարկի դիւրութիւն ունենալով, խնդիրը կը ձգձգէր, և չէր ալ կրնար հետևիլ Մինասի առաջարկներուն, որոնք հաւանականութեան նշաններ իսկ չէին ներկայեր (ԼԷՕ. Բ. 285)։ Պետրոս երբոր 1715-ին Արտէմ Վոլինսկին Պարսկաստանի դեսպանութեան կը ղրկէր (§ 1902), Մինասի ալ յանձնարարեց, որ գնայ Հայաստան տեղեկութիւններ հաւաքէ, և այս պաշտօնով Մինաս 1716 յուլիսին Աստուածատուր կաթողիկոսին ներկայացաւ Էջմիածին։ Եթէ Մինասի ներեալ էր իր անհատական ձգտումներով յախուռն և վտանգաւոր ձեռնարկներէ չքաշուիլ, կաթողիկոսի մը ներեալ չէր նոյն յանդգնութեամբ գործել, և անկայուն ձեռնարկներով կացութիւնը վտանգել։ Թէպէտ Մինասը չվհատեցուց և բերանացի քաջալերեր ալչղլացաւ, բայց գործունեայ շարժումի չհամակերպեցաւ, որ կրնար Պարսիկներու վրէժխնդրութիւնը գրգռե, առանց ապահովուած օժանդակութիւն տեսնելու, չքաշուեցաւ ալ պարզ նամակ մը գրել թէ վարդապետը ներկայացել է իրան, պատմել է ամէն ինչ, և ընդունուել է սիրով (ԼԷՕ. Բ. 286)։ Մինաս Էջմիածին Գանձասար անցաւ ներկայանալ Եսայի կաթողիկոսին, որ Օրիի հետևած էր մինչև Աստրախան անձամբ ձարին ներկայանալու համար (§ 1900)։ Եսայի լաւ ընդունելութիւն ըրաւ Մինասի, ինչ որ նախատեսելի էր արքեպիսկոպոսութեան ալ բարձրացուց, և Պետրոսի ալ գրեց 1716 օգոստոս 10-ին թէ մեք պատրաստ եմք ընդ առաջ քո ըստ իմում կարողութեանս, և մեր նահանգիս մելիքովք, մեծամեծովք և փոքումբք, և և ցորժամ կամեսցի հզօր և մեծ թագաւորութիւնդ աճապարել այսր կամօքն Աստուծոյ (ԵԶՆ. 316)։ Եսայիի և Աստուածատուրի տարբեր ընթացքին պատճառը, ոչ միայն երկուքին տարբեր տեսութիւններն էին, այլ և երկուքին մէջ յարաբերութեանց պաղութիւնը։ Աղեքսանդր կաթողիկոս Եսային պաշտպանած էր Աղուանից հակաթոռ կաթողիկոս Ներսէսի դէմ, այլ և յատուկ կոնդակով Շամախին ու Շիրվանը շրջանակներով Եսայիի թեմ տուած էր մինչ Աստուածատուր թէպէտ Ներսէսի մերժումը պահած էր, բայց Եսայիի իրեն դէմ բռնած արհամարհական ձևերէն ցաւած, նոր կոնդակով մը Շամախին ու Շիրվանն ու Շաքին տէրունի հռչակելով հանած էր Աղուանից աթոռին իրաւասութենէն (ՋԱՄ. 83)։ Ճիշդ 1716-ին այդ կացութիւնը կը տիրէր։ Մինաս Հայաստանէ դառնալուն զանազան նեղութեանց, մինչև իսկ բանտարկութեան հանդիպեցաւ, և հազիւ 1717 մարտ 14-ին զինքը կը գտնենք Մոսկուա, ուր իր ուղևորութեան մասին տեղեկութիւններ կը հաղորդէ Պետրոս կայսեր։ Վոլինսկի ալ կը դառնար նոյն ատեն, բայց չենք գիտեր ինչու թէ Մինասին և թէ ընդհանրապէս Հայերու և Արևելցի քրիստոնեաներու մասին նպաստաւոր չէին անոր տեսութիւնները, երբ Պարսից տէրութիւնը անկեալ և գրեթէ ոչնչացեալ կը ցուցնէր, և կը հաղորդէր Վրացիներուն շարժումի պատրաստ ըլլալը։ Ինչ ալ ըլլան իւրաքանչիւրին դիտումները, ստոյգ է որ բոլոր այդ տեղեկութիւնները նպատաը ունէին Պետրոսը գրգռել Պարսից դէմ ելլելու և քրիստոնէից ապահովութիւնը իրագործելու։

« 1927. Երուսաղէմի Համար   |   1929. Աղուանից Գործերը »
© Gratun.org