Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աստուածատուր Ա. Համատանացի

1930. Աֆղաններու Զօրանալը

Զօրաւորագոյն կողմը Աֆղաններն էին։ Երբ Միր-Վէյս իշխաննին մեռաւ, Միր-Ապտուլլահ եղբորը կիյնար իշխանութիւնը, սակայն Միր-Մահմուտ հորեղբայրը սպաննելով իր յաջողութիւնը ապահովեց, և իսկոյն իրենները նոր պատերազմի քալցուց, և Կըրման նահանգը գրաւեց 1721-ին։ Շիտակ Ասպահանի վրայ քալեց, և Կուլնապատի դաշտը բնակեցաւ, իսկ Հիւսէյին թագաւոր Ասպահանի միջնաբերդը ապաւինեցաւ։ Այդ եղելութեան ամսաթիւ կը ցուցուի Սուրբ Խաչն անցեալ՝ միւս շաբաթն (ՏՅՈ. Ա. 226), զոր Խաչի երկրորդ շաբաթ օրուան վրայ մեկնելով կը դնենք 1721 սեպտեմբեր 30-ին։ Հայաբնակ Նոր-Ջուղան Ասպահանի պարսպապատ և ամրացած քաղաքէն դուրս կը մնար, և առաջին անգամ Աֆղաններէն ոտնակոխ ըլլալու սահմանուած էր։ Ջուղայեցիք կառավարութեան դիմեցին, որ զիրենք ալ Ասպահանի մէջ ընդունի, բայց մերժուեցան, զի պաշարեալ քաղաքին մէջ աւելորդ նախարարներ մտածեցին, թէ Աֆղաններ աւազակք են և անարգ և վայրենի, որ աւելի աւարի հետամուտ են, և կրնան զփարթամութիւնս Ջուղայեցւոց կողոպտելով յագենալ և ետ դառնալ (ՉԱՄ. Գ. 780)։ Այն օրերը մղուած Ֆահրապատի ճակատամարտը ձախող եղաւ Պարսիկներուն, և Մահմուտ սկսաւ Ջուղայեցւոց սպառնալ։ Ջուղայի Պարսիկ կառավարիչն ալ փախաւ, և Հայեր յատուկ պատգամաւորութեամբ Մահմուտի գթութեան դիմեցին առատ ընծաներով, և պատգամաւորութեան գլուխ էր Մարգար Բաղտասարեան Լզվորենց, հմուտ քաղաքական և մինչև Հնդկաստան ուղևորած վաճառական։ Մահմուտ հաճեցաւ 70,000 թուման հարկի վճարման պայմանով, որուն կամայ ակամայ ենթարկուեցան Ջուղայեցիք (ՏՅՈ. Ա. 234)։ Ոմանք պատգամաւորութեան բանտարկուելուն և 40 աղջիկ ալ տալուն պարագաները կաւելցնեն (ՉԱՄ. Գ. 781-782), սակայն սկզբնական պատմագիրներ այսպիսի պայմաններ չեն յիշեր։ Ջուղայեցիք թէպէտ ծանր բեռան ներքև մտած, բայց գոնէ ազատ մնացին այն սաստիկ սովէն որ Ասպահանի մէջ տիրեց, և 20,000 անձինք սովամահ մեռան, և Շահ Հիւսէլին ալ վերջին նեղութեան մէջ ստիպուեցաւ անձնատուր ըլլայ, և իր ձեռքով արքունական նշանները իր գլուխէն հանելով Մահմուտին գլուխը դնել (ՏՅՈ. Ա. 232)։ Ասպահանի առումը նշանակուած է ժամանակակից Ստեփանոսէ յաւուր Պենտեկոստէի կիրակին (ՏՅՈ. Ա. 234), որ կը հանդիպի 1722 մայիս 13-ին, և այդ ամսաթիւը կը նախադասենք օտարազգիներէ նշանակուած հոկտեմբեր 12 ամսաթիւին, որոնք 600,000 անձանց կոտորած ալ կը յիշեն (ՏՅՈ. Ա. 235)։ Ստոյգ է որ քանի մը ուրբաթներ մասնաւոր տաճկազէն ընել տուած է Մահմուտ Պարսիկներու վրայ, բայց ընդհանուր ջարդ եղած չէ։ Իսկ Ջուղայեցիք թէպէտ կոտորածէ զերծ մնացին, սակայն Աֆղաններուն հարստահարութիւններէն չազատեցան, որոնք շարունակ զդրամս, զկերակուրս, զգինի և զօղի և զայլ բազում ինչս պահանջէին։ Պարսիկներուն թշնամութիւնն ալ գրգռուած էր վրանին, իբր թէ Հայք համախոհք ընդ Աֆղանից լինելով՝ հասուցին զմեծամեծ վնասս երկրին Պարսից, և նոյն իսկ Լղվորեանցի ձեռօք պայմանաւորեալ տուգանքին վճարումն ալ նորանոր նեղութեանց առիթ ընծայեց, և հնգեսին անմեղացն Հայոց նահատակութեան պատճառ եղաւ (ՏՅՈ. Ա. 240)։ Յիշեալ հինգերը Ջուղայի գլխաւորներէն էին, և կը կոչուին Գալստեան որդի Խաչիկի երեսնամեայ, Մանուկ որդի խօճա Մելքումի՝ որ 9 ամիս ալ չարչարանք կրեց, Սարհաթ Խալդարեան որդի Գրիգորի՝ որ նոյնպէս առաջ ի ձեռն դահճի չարչարի, Փանոս կրտսեր որդի Խօջամալի, և Յարութիւն որդի բժիշկ Մինասի։ Հինգին ալ գերեզմանները կը տեսնուէին Ջուղայի եկեղեցիներուն մէջ (ՏՅՈ. Ա. 229-231), և թուականը ամէնուն ալ 1722 տարին է, իսկ ամսաթիւերը Ջուղայեցւոց տոմարով ցուցուած են. Փանոս՝ նախա 1-ին = յունիս 19-ին, Յարութիւն՝ նախա 24-ին = յուլիս 12-ին, Մանուկ և Սահաթ դամա 18-ին = հոկտեմբեր 17-ին, իսկ Գալստանին ամսաթիւը յիշուած չէ։ Ասոնց տագնապներու վրայ իբրև նահատակ յիշատակուիլը կը ցուցնէ, թէ կրօնափոխութեան պայման ալ առաջարկուած է կեանքերնին ազատելու համար։

« 1929. Աղուանից Գործերը   |   1931. Հայերուն Իղձերը »
© Gratun.org