Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աստուածատուր Ա. Համատանացի

1931. Հայերուն Իղձերը

Մահմուտի յաղթութեամբ և Պարսից թագաւոր հռչակուելով խաղաղութիւն չհաստատուեցաւ։ Թահմասպ կամ Թահմազ, Հիւսէլինին որդին, հօրը գերութիւնն ու հրաժարիլը լսելուն, զինքն թագաւոր հռչակեց Մազանդարանի մէջ՝ ուր կը գտնուէր, և Ատրպատական անցաւ, Թավրիզի մէջ կեդրոնանալով Մահմուտի վրայ քալելու համար։ Այն տեղ անգամ մըն ալ Պարսիկներ Հայերու դէմ գրգռուելով Թահմազը համոզած էին Հայերը կոտորել, իբրև Աֆղաններու օգնողներ, եթէ իր մտերիմն եղող Յովհաննէս ժամակազմ կամ ժամագործ, Թահմազին դիմելով կոտորածին առջևը չ՚առնէր։ Միայն թէ Թահմազ արբեցութեան տուեալ էր զանձն, և լուրջ ձեռնարկ մը չկրցաւ կարգադրել։ Ինքն աստևանդ կը դեգերեր աւելի իրեններուն ծանրանալով, ինչպէս Աստապատի մէջ հայազգի իշխանաւոր Աստուածատուրին, և Նախիջևանի մէջ Հայոց կաթողիկոս Աստուածատուրին վրայ (ՉԱՄ. Գ. 782), իսկ երկիրը անտէրունջ խռովութեանց մատնուած էր։ Պատեհը շատ յաջող երևցաւ Օսմանցոց՝ Պարսիկներուն վրայ զօրանալու և անոնցմէ մաս մը գաւառներ գրաւելու։ Շիրվանի Սիւննի մահմետականներն ալ Լեզգիններուն արշաւաքներէն նեղուած (§ 1929), Շիի Պարսիկներուն անհամակիր, Օսմանցոց դիմեր և զանոնք հրաւիրեր էին։ Սուլտան Ահմէտ Գ. ի հրամանով և եպարքոս Տամատ Իպրահիմ փաշայի նախաձեռնութեամբ, Տավութ խան այն կողմերու զօրավար և կուսակալ նշանակուեցաւ, և Պարսից տէրութեան յապաւումները սկսան (ԺՈՒ. 330)։ Երբ Սիւննի մահմետականներ Օսմանցոց կը դիմէին, Հայեր ալ Ռուսներուն դիմելու սկսած էին։ Ասպահանի Աֆղաններէ գրաւուելէն քիչ ետքը, 1722 դեկտեմբեր 20ին, Մինաս Փէրվազեան, Հաղբատու առաջնորդ և Վրաստանի արքեպիսկոպոս, ընդարձակ գրութեամբ մը Մինաս Տիգրանեան արքեպիսկոպոսին կը դիմէր, որ Պետրոս ձարը համոզէ Հայաստան արշաւել։ Շուտով և փութով զթագաւորն Շամախի հասուր, կը գրէր, միայն նորա անունն լինի, և ոտին տեղն հասնի, հարիւր հազար Հայ ազգ զինուորք առ ոտս նորա կու գամք։ Կը յաւելուր ևս, որ եթէ մինչ ի մարտի ամիսն եկիք ոչ, զմեր ազգն բնաջինջ կ՚անեն, Խզըլպաշն կու զօրանայ, զմեզ ազգն կու փչացնէ, և անհրաժեշտ կը նկատէ որ Երեւան ձեռք բերեմք։ Արցախեցոց նախապատրաստութեանց և ձեռնարկութեանց ալ ակնարկելով յոյս կու տար, և կըսէր, Ղարապաղումն և Խափանու յերկիրն միաբանեալ Հայքն քաջութեամբ կը կռուին, բայց գլուխ և տէր չունին, Աստուած առաջնորդէ որ թագաւորն Շամախի հասնի (ԵԶՆ. 337)։ Տիգրանեան անհետևանք չթողուց Փէրվազեանի նամակը, ինչպէս իր գրութիւնները կը վկայեն, և ահա Եսայի կաթողիկոսն ալ 1723-ին սկիզբները ուղղակի Պետրոսի կը գրէր, որ փութայ գալ իր բանակով, և մինչև որ ինքն հասնի, այն չորս մարդկանց, զորս յիշեցինք (§ 1929), յատուկ յատուկ իռազամ գրեալ և կնքեալ շնորհէ, որով կըսէ, մեք ի զօրութենէդ քումմէ առնումք զօրութիւն, կապեմք զրահ և մենամարտեմք թշնամւոյն (ԵԶՆ. 341)։ Խաչէնի հակաթոռ Ներսէսն ալ նմանօրինակ գիր կը գրէր 1723 մարտի առաջին օրը (ԵԶՆ. 344)։ Պետրոս ձար արդէն հանդարտած էր ուրիշ պատերազմներէն, առիթը յարմար էր, հրաւէրներն ալ նպաստաւոր էին, պէտք չէր ալ ասպարէզը Օսմանցոց թողուլ, ուստի 1723 մայիս 3-ին, Հայոց բարեկամական յայտարարութիւն մը ուղղելով (ԵԶՆ. 353), Ռուս բանակովը կը յառաջանար, հետզհետէ կը գրաւէր Թէրէք և Տէրպէնտ և Բաքու բայց իրեն ետ դառնալէն ետքը Ռուսներ չտարածուեցան դէպի Կիլան և Մազանդարան, Այսպէսով Պարսկաստանի ներքին խռովութեանց վրայ արտաքին արշաւանքներն ալ աւելցան, մինչ ինքզինքնին Պարսից շահ անուանողներ, Մահմուտ և Թահմազ, աւելի իրարու՝ քան թէ օտարին դէմ կռուելու կը նայէին։

« 1930. Աֆղաններու Զօրանալը   |   1932. Օսմանցիներ և Ռուսներ »
© Gratun.org