Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Աստուածատուր Ա. Համատանացի

1932. Օսմանցիներ և Ռուսներ

Երկու տերութեանց միանգամայն Պարսկաստանի վրայ յարձակիլը, երկուքին մէջ մրցումի և թշնամութեան վտանգ կը սպառնար, սակայն գործը դիւանագիտական բանակցութեանց ենթարկուեցաւ, և Տամատ Իպրահիմ եպարքոս ու Նէբլույէֆ ռուսական դեսպան կրցան համաձայնութեան հասնիլ, Գաղղիական դեսպան Պօննաք մարքիզին (Jean-Louis d՚Usson, marquis de Bonnac) միջամտութեամբ։ Որոշուեցաւ որ երկու տէրութիւններ, որոշեալ չափով և սահմանով գաւառներ իւրացնեն, և Թահմազի ալ՝ իբր օրինաւոր ժառանգի թագաւորութեան սահման մը թողուի, պայմանով որ մնացածէն հրաժարի, իսկ եթէ դժկամակի այդ պայմանը ընդունիլ, պայմանին հաւանող իշխան մը՝ թագաւոր անուանուի։ Այդ պայմանագիրը կնքուեցաւ 1724 յունիս 13-24ին, և Պետրոս ձար զայն վաւերացուց 1725 յունուարին, և Կ. Պոլիս բերուեցաւ յատուկ պատգամաւորի միջոցաւ (ԺՈՒ. 330)։ Սակայն 1725 յունուար 18-28-ին Պետրոս կը մեռնէր 53 տարեկան, չարաչար աշխատանքներու և անողոք հիւանդութեանց երեսէն, և կայսրութեան կը յաջորդէր Կատարինէ Ա. իր այրին (ՇՕԲ. 243), որ պայմանգիրը կը հաստատէր։ Այդ դաշնագրով Տէրպէնտ, Բեքու, Կիլան, Մազանդարան և Աստարապանտ Ռուսիոյ, իսկ Երեւան և Թավրիզ իրենց նահանգներով կը մնային Օսմանցոց (ՇՕԲ. 289), որոնք իրենց թողուած մասերուն տիրապետութեան հետևելով, Երեւան քաղաքը գրաւած էին 1714ին, և հետզհետէ գրաւեցին Քարապաղ, Մարազա, Ուրմիա, Մուզան, և վերջապէս 1725 յուլիս 21-ին Թավրէզ ալ իրենց անձնատուր կըլլար (ԺՈՒ. 331)։ Իրարու խնդրոյն լուծում կը տրուէր, բայց ոչ Հայոց բաղձացած և գիտցած կերպով, անոնք քրիստոնեայ տիրապետի իշխանութեան ներքև մանել կուզէին, մինչ այժմ մահմետականէն միւս մահմետականին իշխանութեան ներքև կանցնէին, զի Արցախ և Երևան և Ատրպատական, որ աւելի հայաշատ նահանգներն էին, Օսմանեան տիրապետութեան կը տրուէին։ Այդ միտքով մէլիքներէն ինը գլխաւորներ 1724 հոկտեմբեր 18-ին- տակաւին դաշնագիրը չվաւերացուած, Պետրոսի կը դիմէին, թէ Թուրքաց թագաւորի զօրքն եկն էառ Թարվէզ, Նախջուան, Երևան, Թիֆլիզ, Պօրչալու, Ղազախ, ուստի կաղաչեն որ վասն Քրիստոսի սիրոյն, և սուրբ Խաչը խաթարեն մեզ օգնութեան հասանիս, և զմեզ քո խնամաց ներքև պահես (ԵԶՆ. 381)։ Սակայն Պետրոս նոյեմբեր 10-ին դաշնագիրը վաւերացնելուն առթիւ պատասխան կու տայ, որ եթէ Օսմանցոց իշխանութեան ներքև չեն ուզեր մնալ, Ռուսական բաժին գաղթեն, և Կիլան, Մազանդարան, Բաքու, և այլ ինչ տեղ որ իրենց ընդունելի լինի, իրենք բնակութեան տեղ պիտի տրուի (ԵԶՆ. 393), և ըստ այսմ ալ կը հրամայէր այն կողմերու կուսակալին նոյն նոյեմբեր 10-ին պաշտօնագիրով (ԵԶՆ. 395)։ Արևելեան գաւառներու մէջ և էջմիածինի շուրջը կատարուած եղելութիւնները, մեզ հասուցին մինչև 1725 տարին, որ Աստուածատուր կաթողիկոսի մահուան թուականն է, և այս շրջանը չփակած, պէտք է որ վերջին տարիներուն մէջ ուրիշ կողմեր կատարուած գործերն ու դիպուածները քաղենք, պատմական ժամանակագրութիւնը պահելու համար։

« 1931. Հայերուն Իղձերը   |   1933. Շղթայակիր Յերուսաղէմ »
© Gratun.org