Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Կարապետ Բ. Ուլնեցի

1952. Կարապետ և Լատիններ

Կարապետ կաթողիկոս, Կոստանդնուպոլսոյ մէջ ընտրուած և օծուած, անհակառակ կերպով ընդունուեցաւ թէ Մայրաթոռոյ և թէ Պարսկահպատակ Հայութեան կողմէն, և հրաւիրուեցաւ իսկ փութալ իր աթոռը հասնիլ։ Ինքն ալ համամիտ էր որ յառաջ աթոռանիստին մէջ գտնուիլ, սակայն պարագաներ շատ աննպաստ էին, զի Օսմանցիք Երևանի գաւառը գրաւելէն ետքը, դէպի Ղափան յարձակումներու սկսած էին, ուր ոչ միայն Պարսիկները, այլև Դաիթ բէգի հայագունդերը իրենց դէմ կը պատերազմէին (§ 1943), ուստի դիւրին չէր և ոչ ալ խոհականութիւն էր Էջմիածին երթալ։ Այս պատճառով պարտաւորուեցաւ միջոց մը Կ. Պոլիս մնալ, բայց իր օրերը անգործ անցնել չուզեց, և աշխատեցաւ համերաշխութեան կերպերով բառնալ կաթոլիկամիտ կուսակցութեան գայթակղութիւնը, խափանել Հայոց եկեղեցիներէն խորշելու վտանգաւոր գրութիւնը, և հաշտաբար խաղաղութիւն հաստատել Հայութեան մէջ։ Բանակցութիւններ եղան երկու կողմերու մէջ, և կարապետ կաթողիկոսի և իրեն գործակցող, թերևս և առաջնորդող, Կոլոտ պատրիարքի կերպերը շինարար ազդեցութիւն գործեցին, և շատ աւելի մերձաւորութիւն յայտնուեցաւ լատինամիտ կուսակցութեան կողմէն։ Անոնք ուզելով որ իրենք ալ պահանջի մը գոհացու ստացած երևան, առաջարկեցին որ խափանուին երեք սուրբ ժողովներուն տօներուն առթիւ երգուած, Ով հրաշալի մանկունք շարականին ծայրի երեք Տեսի ես, և Աստանօր, և Գեղեցիկ տուները, որոնց մէջ նզովք կարձակուի Քաղկեդոնի ժողովին և Լևոնի տոմարին դէմ։ Կաթողիկոս և պատրիարք հաւանեցան այդ զեղչին, եթէ անով հնար պիտի ըլլար ցանկացեալ խաղաղութիւնը հաստատել մանաւանդ որ այդ երեք տուները շարականին նախնական խմբագրութեան մաս չեն կազմեր, և յետոյ մուծուած կցկտուր յաւելուածներ են, ինչպէս որ պարունակութիւնն ալ կը ցուցնէ։ Շարականը Նիկիոյ և Կոստանդնուպոլսոյ և Եփեսոսի սուրբ ժողովուրդներուն համար շինուած է, և անոնց որոշումները կը յիշատակուին, և բնաւ անոնց հետ կապ չունին ոչ Դէոսկորոսի գումարած Եփեսոսի ժողովը, և ոչ Մարկիանոսի գումարած Քաղկեդոնի ժողովը, որոնք ժամանակով յետնագոյն են։ Լեզուն իսկ անկեալ ոճ մը ունի՝ առջի հինգ տուներուն հետ բախտատուած ատեն, և բնաւ Հայ եկեղեցւոյ կարգաց ու կանոնաց հակառակ չէր, երեք յաւելուածական տուները զեղչել, և ըստ այսմ ալ հրամայեցին կաթողիկոսն ու պատրիարքը։

« 1951. Բուն Նպատակը   |   1953. Լատինական Առաջարկներ »
© Gratun.org