Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Կարապետ Բ. Ուլնեցի

1953. Լատինական Առաջարկներ

Այս բաւական եղաւ որ զատինամիտ իշխանաւորք և ժողովուրդք սկսան երթևեկել յեկեղեցիս Հայոց, և կաթողիկոսին և պատրիարքին տային յարգութիւն մեծ, և կը յայտնէին բազում ընծայիւք (ՉԱՄ. Գ. 803)։ Նոյնինքն Լատին եպիսկոպոսն ալ 1727 ապրիլ 2-ին Կարապետ կաթողիկոսին այցելութեան եկաւ, և Հայոց մայրեկեղեցին աղօթեց, և կաթողիկոսին ու պատրիարքին հետ մտերեմական տեսակցութիւն ունեցաւ թարգմանի միջոցաւ, ուսկից ետոյ կաթողիկոսն ալ այցելութիւնը փոխանակեց փոխանորդ Մանուէլ վարդապետը ղրկելով։ Լատինական հնարագիտութիւն մըն է, որ երբ դժուարութեան հանդիպին՝ քիչով գոհանան, և մնացեալին վրայ լռեն, նորէն անոնց վրայ անդրադառնալու համար, երբ առաջին դժպհի տպաւորութիւնը անցնի։ Նոյնը գործադրուած է այս անգամ ալ։ Հռոմէականք կ՚ըսեն թէ Լատին եպիսկոպոսին առաջարկութեան վրայ Կարապետն յանձն առաւ պապին նամակ մը գրել, և այս է թերևս հպատակութեան նամակ կոչուածը, որ պատշաճ ոճով կը խնդրէր, որ կրճիմն երկպառակութեան վերցուի, և պապին կ՚առաջարկէր որ իրեններուն կրօնամոլ ձգտումները սանձէ, որ ազգը մի՛ ևս ծփեսցի ի հանապազօրեայ աղմուկս։ Լատիններ իրենց սովորական ոճով պատեհ հասած կը կարծեն, որով անմիջապէս առջև կը նետուին այլ և այլ պայմանք վասն միութեան։ Բայց որովհետև անոնք կաթողիկոսէն և պատրիարքէն և հաւատարիմ հայադաւան ժողովուրդէն չէին կրնար ընդունուիլ, ուստի նամակը անպատասխանի կը թողուի։ Հռոմէականք ալ կը գրեն, թէ Կարապետ այլևս լուռ եղև (ՉԱՄ. Գ. 803), և այսչափը կը բաւէ հաւաստելու որ Կարապետ, որչափ ալ խաղաղութեան հետամուտ, երբեք իր եկեղեցւոյն հիմնական սկզբունքներէն հեռացող չէր, և ոչ ալ յայնկուսացի մըն էր (§ 1946

« 1952. Կարապետ և Լատիններ   |   1954. Կարապետ Յէջմիածին »
© Gratun.org