Gratun
« Ազգապատում, Հատոր Բ by Մաղաքիա Օրմանեան

Տ. Կարապետ Բ. Ուլնեցի

1958. Շղթայակիրին Անուրը

Երուսաղէմի աթոռին վրայ Շղթայակիր իր գործունէութիւնը առջև կը տանէր, երբոր Կ. Պոլսոյ մէջ եպիսկոպոսական ձեռնադրութիւններ կը կատարուէին (§ 1948), և Երուսաղէմի կանոնադրութիւնները կը հաստատուէին (§ 1950)։ Շղթայակիրը տակաւին վիզին վրայ կը կրէր այն երկաթեայ անուրը, զոր 1718-ին անցուցած էր Երուսաղէմի գերեսարաս կացութիւնը շօշափելի կերպով պատկերացնելու համար (§ 1926)։ Ութն տարիներ անցեր էին այն օրէն, և Կոտանդնուպոլսոյ մէջ Երուսաղէմի ազատութիւնը կը հռչակուէր Հաննայի բերած նպաստաւոր տեղեկութիւններով, և Երուսաղէմի ապագան ապահովող կանոններով։ Այլևս անուրը իր նշանակութիւնը չունէր, և իզուր Շղթայակիրը տապիւր և տագնապիւր վասն երկաթոյն զոր ի պարանոցի իւրում կրէր (ՀՆՆ. 154), և այս մասին հարկաւ Հաննա ալ սրտաճմլիկ տեղեկութիւններ տուած էր։ Ասոր վրայ սրբազան կաթողիկոսն և մեծապատիւ պատրիարքն որոշեցին Գրիգորը ստիպել երկաթը վիզէն հանելու, վասն որոյ զնամակ իմն սիրոյ գրեցին նմա, հանդերձ ամենայն ժողովրդովք, և բազմազան աղերսանօք աղաչեցին, զի հանցէ զերկաթն ի պարանոցէն իւրմէ։ Չմոռցան այդ առթիւ յատուկ նուիրատուութիւն մըն ալ յղել Երուսաղէմ, և նամակին հետ եդին արդիւնաւոր զիմտատիէս, և յայտարարեցին թէ քանի որ պարտքերը կը ջնջուին և աթոռը կը շքեղազարդուի, այլևս ոչ է նաև զի սրբազանն այն՝ ի մէջ սոյն երկաթեայ անրոյն չարչարիցի (ՀՆՆ. 155)։ Նամակին ու նպաստը սովորաբար Հաննայի գրութեամբ Երուսաղէմ ղրկուած կըսուի (ԱՍՏ. Բ. 10), սակայն մեր տեսութեամբ յարմարագոյն է Հաննայի ձեռօք տարուած ըսել, երբ Երուսաղէմ կը դառնար (§ 1951), և կարծես թէ ինքն Հաննա ալ իբր եղելութեան ներկայ և ականատես մը կը գրէ թէ Շղթայակիրը մինչ ետես զգիրն ողջունի, բազում արտասւօք եհան զերկաթն ի պարանոցէ իւրմէ (ՀՆՆ. 155)։ Հարկաւ հանելու գործողութիւնն ալ նոր նեղութեան մը պատճառ եղած պիտի ըլլայ, աղխիւք ամրագունիւք փակուած, և ութը տարիէ իվեր քրտինքով ժանգոտած օղակը բանալու և վերցնելու համար, զոր ուխտելով ընդ Աստուած անցուցած էր ոչ հանել ի պարանոցէն իւրմէ (ՀՆՆ. 145), և անշուշտ կատարեալ խղճմտութեամբ անշարժ պահած էր մինչև վերջին օրը։ Գրիգոր Շղթայակիր երբ կաթողիկոսին և պատրիարքին և ժողովուրդին նամակին կը համակերպէր գիր մըն ալ կը գրէր զի շնորհակալ լինիցի, իսկ անցելոյն յիշատակն ալ յաւերժացնելու համար, Սուրբ Սինա անունով սեղան մը կը կանգնէր Սուրբ Էջմիածին փոքրիկ եկեղեցւոյն մէջ, ի յիշատակ ազգիս Հայոց (ՀՆՆ. 156), և վիզին կրած անուրը կը զետեղեր ի սիւնս նորա (ԱՍՏ. Բ. 10)։ Շղթայակիրին անուրը օղակաւոր շղթայ մըն է եղած, բաւական ծանր, զոր ամրացուցած է վիզին շուրջը, և ետքէն գրած Սուրբ Սինա սեղանին ներքև եղած սիւնակին։ Այնտեղ մնացած է մինչև վերջին դարուն կէսերը, և այժմ իբր թանկարժէք առարկայ մը կը պահուի Ս. Յակոբեանց տաճարին գանձարանը։

« 1957. Կ. Պոլսոյ Գործեր   |   1959. Ծռազատիկի Խնդիր »
© Gratun.org